Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ ժողովուրդը դուրս է մնացել վաշինգտոնյան խաղաղության գործարքից, 150 հազար մարդ դեռ սպասում է խաղաղությանը, վերադարձին, իր անվտանգությանը». Արտակ Բեգլարյան. «Ազգ»

Հոկտեմբեր 17,2025 11:16

Արցախցիների ոտնահարված իրավունքների մասին մշտապես բարձրաձայնող Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) հոկտեմբերի 11-ին Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, պետնախարար, նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ Ժնեւում հանդիպումից հետո 38 րոպեանոց անգլերեն փոդքասթ է հրապարակել, որ վերնագրել է «ԼՂ -ի (ժողովուրդը) բնակիչներն արդյոք ուզո՞ւմ են վերադառնալ» (Do the people of Nagorno Karabakh want to return?):

Ֆելդքամփի առաջին՝ «Դուք ինչպե՞ս դուրս եկաք» հարցին, Արտակ Բեգլարյանի ամփոփ պատասխանը հետեւյալն է՝ հայերի հանդեպ Ադրբեջանի ցեղասպանությունը, էթնիկ զտումը սկսվել է 2020-ին, երբ Ադրբեջանը զավթեց Արցախի տարածքի մի մասը, եւ որեւէ հայ չմնաց այնտեղ: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության եւ զինվորականների հանդեպ հոգեբանական ահաբեկչություն կիրառելուց զատ, վայրագ գործողություններ՝ տանջանք ու լլկանք, անդամահատում եւ գլխատում, ագրեսիային զոհ գնացած մարդկանց, դիակների անարգում էր ցուցադրում: Ադրբեջանը պատերազմական տարբեր ոճրագործություններ է գործել՝ ուղեկցելով դրանք հոգեբանական եւ տեղեկատվական գրոհով՝ նաեւ հրադադարի, շրջափակման ժամանակ: Կարմիր խաչի, այլ կառույցների սահմանափակ սնունդն ու դեղորայքը Ադրբեջանը կասեցրեց, 4 ամիս եւ ավելի որեւէ օգնություն չտրամադրվեց: «Տեսնում էինք, որ որեւէ մեկը մեզ չէր օգնում: Միջազգային անպատժելիությունից քաջալերված՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին հարձակվեց մեր ՊԲ-ի, մեր ժողովրդի վրա, 24 ժամվա մեջ սպանեցին ավելի քան 220 հոգու, ներառյալ 21 քաղաքացիական անձի, 5 երեխայի: Բոլոր երկրների կառավարությունները, նաեւ ՀՀ-ն միայն դատարկ հայտարարություններ էին անում»: Ադրբեջանը շրջափակման ժամանակ անջատել էր էլեկտրաէներգիան, սահմանափակ գազն ու ջուրն էլ սեպտեմբերի 19-ից հետո անհասանելի դարձան: «Արցախցին տեսնում էր, որ ադրբեջանցին իր գյուղ, իր տուն է մտնում, մեծ խուճապ կար, քանի որ բացի ՊԲ-ից մեզ ոչ ոք չէր օգնում: Ադրբեջանը բացեց Լաչինի ճանապարհը, ու ժողովուրդը սկսեց բռնագաղթել»: Սեպտեմբերի 25-ին գազի պայթյունից 240 զոհ գրանցվեց: Նրանք էլ, Արտակ Բեգլարյանի ձեւակերպմամբ, էթնիկ զտման, ցեղասպանության զոհեր են: 70 հոգի էլ բռնագաղթի ճանապարհին մահացան, քանի որ 30-40-50 ժամ ճանապարհին էին:

Արտակ Բեգլարյանը պատմում է ականատեսի՝ անձնական պատմությունը, թե ինչպես է ստիպված եղել ընտանիքի՝ 5 եւ 2-ամյա դուստրերի հետ 2023-ի սեպտեմբերին գիշերով անցնել Լաչինի ապօրինի անցակետը, Հաքարիի կամուրջը, մեքենայից չի իջել, իրեն չեն ճանաչել: Այնուհետ ավտոմեքենան փչացել է, մի քանի ժամ ստիպված են եղել սպասել, մինչեւ հայրենակիցները նրանց օգնել են եւ տեղափոխել մոտակա հայկական գյուղ: Ադրբեջանը միշտ թիրախավորել է Բեգլարյանին, քանի որ նա ամենուր, տարբեր հարթակներից բարձրաձայնել է Ադրբեջանի հանցագործությունների մասին, Արցախի ձայներից մեկն է եղել: Ադրբեջանը հայտարարել է, որ պիտի ձերբակալի եւ պատժի Բեգլարյանին: Նա անջատել է բջջային հեռախոսը՝ տեղորոշման որեւէ հնարավորություն հասանելի չդարձնելով:

Բեգլարյանը պատմում է, որ անցակետում գլխավոր հարցը մարտական գործողություններին մասնակցությունն է եղել: Շրջափակման ժամանակ շատերն են եղել խուճապի մեջ, եթե ադրեջանցին տուն մտնի, ի՞նչ հետեւանք կունենա, եթե հայտնաբերի զինհագուստը, լուսանկարները: Շատերը այրել, ոչնչացրել են՝ իրենց եւ հարազատների անվտանգությունն այդպիսով ապահովելով: Բեգլարյանը պատմում է, որ հորը 1994-ին սպանել են «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները, որ Ադրբեջանին սատարելու նպատակով մասնակցում էին Արցախի դեմ պատերազմում, 6 տարեկանում ականի պայթյունից տեսողությունն է կորցրել, բայց բժիշկները փրկել են կյանքը, որակյալ կրթություն է ստացել, առաքելությունն իր ժողովրդին, նրա ճշմարիտ պայքարին, խաղաղությանը ծառայելն է: Արտակ Բեգլարյանը նշում է, որ Ադրբեջանի գործողությունները մասնագիտական եզրաբանությամբ «էթնիկ զտում» է որակել Freedom House-ը, նույնը արձանագրել է Եվրոպառլամենտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «բռնի տեղահանություն» ձեւակերպումն է վավերացրել: «Շրջափակման ժամանակ Ալիեւն առաջարկեց՝ եթե չեք ուզում դառնալ մեր քաղաքացի, ճանապարհն առանց ետդարձի բաց է, ավելի ուշ էլ նրա հռետորաբանության տարբեր արտահայտություններ ցեղասպանության միտման մասին են վկայում»: Զրույցի ընթացքում անդրադարձ կա վաշինգտոնյան խաղաղության հայտարարությանը: «ԼՂ ժողովուրդն ամբողջապես դուրս է մնացել այդ գործարքից, 150 հազար մարդ դեռ սպասում է խաղաղությանը, վերադարձին, իր անվտանգությանը: Եթե նույնիսկ միջազգային երաշխիքների ներքո վերադառանանք, ասում է Բեգլարյանը, հակամարտության առանցքային կետերից մեկը՝ Ադրբեջանի հակահայ ատելության պետական քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել: Մի բան, որ սպառնում է ՀՀ-ին նույնպես, ամբողջ հայությանը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության կայքէջից է: Ձախից աջ՝ Ջոյել Ֆելդքամփ, Սարգիս Շահինյան, Արտակ Բեգլարյան, Էրիհ Ֆոնթոբել

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031