Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի իշխանական վերնախավը գաղտնի ծրագիր է մշակել՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին առաջիկա օրերին գահընկեց անելուն։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը նպատակ է դրել հենց այս տարվա հոկտեմբերի 27-ին՝ այն օրը, երբ նշվում է Վեհափառ Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձը, կատարել այս անարգ գործը։ Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական կանոնադրությամբ ընտրվում է մինչև կյանքի վերջ, և նրա ընտրության արդյունքները որևէ քաղաքական ուժի կողմից վիճարկելու փորձը հակասում է թե՛ մեր եկեղեցու դարավոր կարգերին, թե՛ պետականության հիմքերին։
Իշխանություններն իրենց գործողությունները ներկայացնում են իբր «եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն» կամ «բարեփոխում»։ Սակայն ակնհայտ է, որ այս հռետորաբանությունը ծառայում է մեկ նպատակի՝ քողարկել պետության բացահայտ միջամտությունն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և վարչական կարգին։ Նույն լուրերի համաձայն՝ իշխող թիմը նախատեսում է մինչև հոկտեմբերի 27-ը «վճռական քայլեր» ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ, այսինքն՝ վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու բռնազավթել Մայր Աթոռի ղեկավարումը։ Սա 26 տարի անց փաստացի հարված է 1999 թ. կաթողիկոսական ընտրությունների արդյունքներին։ Այսպիսի ոտնձգությունը համեմատելի է միայն պատմության ամենամռայլ դրվագների հետ, երբ արտաքին ուժերը կամ բռնապետական ռեժիմները փորձել են ենթարկել կամ վերացնել Հայոց Եկեղեցու նվիրապետությունը։
Հայաստանի իշխանությունը կրկնում է 1937 թվական անփառունակ ազգայինի ահաբեկչությունը մեր սրբություն սրբոցի նկատմամբ:
Իշխանական ներկայացուցիչները արդեն իսկ հայտարարում են, թե «հոգևորականներն էլ են քաղաքացիներ, և եթե որևէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»։ Այս հայտարարությունն օգտագործվում է որպես պատրվակ՝ եկեղեցու տարածք ներխուժելու և հոգևոր անձանց նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումն արդարացնելու համար։ Արդեն գրանցվել են դեպքեր, երբ ոստիկանությունը ներխուժել է եկեղեցի և խաթարել ծիսական արարողություններ՝ պատճառաբանելով իբր վարչական կամ քրեական գործերով անհրաժեշտություն։ Նույնիսկ հաղորդվել է, որ որոշ եկեղեցիներում նախապես ծրագրված արարողությունները չեղարկվել են, իսկ հուղարկավորություններն անցկացվել են առանց քահանայի մասնակցության՝ իրավապահների ճնշումների հետևանքով։ Այս վարքագիծը ոչ միայն անթաքույց ոտնահարում է մեր ժողովրդի հոգևոր զգացումները, այլև հակասում է Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու ու պետության բաժանման սկզբունքներին և կրոնի ազատության միջազգային նորմերին։
Կարդացեք նաև
Հայտնի է դարձել, որ իշխանության թիրախում է հայտնվել նույնիսկ Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաալիքը՝ հայկական միակ հեռարձակողը, որն ամբողջությամբ նվիրված է հոգևոր-մշակութային արժեքների տարածմանը։ Իշխանական աղբյուրների համաձայն՝ վարչակազմը մտադրություն ունի փակել «Շողակաթ» հեռուստաալիքը՝ զուգահեռ Կաթողիկոսին հեռացնելու իրենց ծրագրին։ Նման քայլը նպատակ ունի զրկել Հայ Առաքելական Եկեղեցուն հանրային հարթակում իր խոսքը հնչեցնելու հնարավորությունից և բարոյալքել հավատացյալ ժողովրդին։ Հիշեցնենք, որ նախկինում էլ իշխանության որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնում էին եկեղեցու գույքը հարկելու կամ եկեղեցու ակտիվությունն առավել վերահսկելու անհրաժեշտության մասին, ինչը տեղավորվում է եկեղեցու բնականոն գործունեությունը խափանելու ընդհանուր ռազմավարության մեջ։
Վերոնշյալ փաստերը հստակ ցույց են տալիս, որ գործող իշխանությունն ունի չարամիտ ծրագիր Հայոց Եկեղեցին կազմաքանդելու համար։ Եկեղեցականները թիրախավորվում են, նրանց դեմ իրականացվում են բռնաճնշումներ և վարկաբեկման քայլեր, իսկ վանքերն ու կառույցները ենթարկվում են անհարգալից վերաբերմունքի։ Այս հակաօրինական գործողություններն ու հայտարարությունները ստեղծում են վտանգավոր նախադեպեր և խաթարում են հայ ժողովրդի դարավոր հոգևոր անվտանգությունն ու ազգային ինքնությունը։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է կառավարող ուժի կողմից վարվող հակաեկեղեցական քաղաքականությունը։ Մենք հայտարարում ենք, որ ցանկացած փորձ ոտնձգելու մեր եկեղեցու նկատմամբ՝ ապօրինի է, անբարոյական և վնասակար ողջ հայության համար։
Խորհուրդը նախազգուշացնում է, որ պետության կողմից եկեղեցու ինքնավար ոլորտ ներխուժելը կործանարար հետևանքներ է ունենալու։ Ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է անձամբ երկրի վարչապետի և նրա վարչակազմի վրա, եթե նման սադրիչ քայլերի հետևանքով երկրում առաջանան ներքին բախումներ կամ անկայունություն։ Հիշեցնում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ դիմագրավել է բռնատիրություններին ու հալածանքներին և միշտ հաղթող դուրս եկել հավատքի զորությամբ։ Պետական լծակները չպետք է վերածվեն հաշվեհարդարի գործիքի և չպետք է ծառայեն ներազգային թշնամանքի սրմանը։
Հավատացած ենք, որ արդարությունը ի վերջո կհաղթանակի. Հայոց Եկեղեցին՝ հիմնված Քրիստոսի լույսի վրա, ապրել է դարեդար, ու չի տրորվի ոչ մի մարմնական իշխանության քմահաճույքով։ Մեր խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին այս դժվար պահին։ Թող Տեր Աստված իր Աջի հովանիի տակ պահի մեր Սուրբ Եկեղեցին, զորացնի հավատքի մեջ հաստատակամ մեր հոգևոր սպասավորներին և հայ ժողովրդին, որպեսզի միասնական ուժով կարողանանք հաղթահարել այս փորձությունը։ Ամեն։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ