Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարունակում է մնալ մտավախությունը, որ հայտարարագրման համակարգը ներդնում են, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները հարկեն»

Հոկտեմբեր 17,2025 17:25

«Այն հիմնավորմամբ, որով այս փոփոխությունն արել են հայտարարագրման համակարգում, այդ հիմնավորումը շատ պարզ երեւում էր օրենքի նախագիծն ընդունելիս։ Այսինքն՝ դեռեւս երկու տարի առաջ էլ այդ խնդիրները կային»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը՝ անդրադառնալով եկամուտների հայտարարագրման գործընթացի փոփոխությունների մասին ՔՊ խմբակցության հեղինակած նախագծին, որը կառավարության երեկվա նիստում

Թադեւոս Ավետիսյան

«Ես բազմաթիվ անգամներ այդ մասին բարձրաձայնել եմ, որ չի կարելի անիմաստ բեռ առաջացնել տարբեր սոցիալական խմբերի վրա, առավել եւս հենց իրենց բառերով ասած՝ այդ մարդկանց անիմաստ դարձնել տուգանքի մատերիալ։ Իրենք նաեւ փաստի ուժով դա հասկացան, եւ այս հետքայլը պայմանավորված էր երկու օբյեկտիվ հանգամանքներով։ Մեկն այն է, որ համակարգն ի սկզբանե թերի էր ներդրվում, երկրորդը, մարդիկ անուղղակի ձեւով մերժեցին այդ համակարգը։ Եթե նայում ենք, շատ չնչին տոկոսն է, որ հայտարարագրերը լրացրել են, ժամկետն արդեն մի քանի անգամ փոխվել է, հիմա էլ վերջնաժամկետը լրանում է, բայց եթե նայեք վիճակագրությունը, մարդիկ ուղղակի մերժեցին հայտարարագրման համակարգը։ Հիմա ի՞նչ են իրենք անում՝ իմ կողմից հնչեցված առնվազն մեկ առաջարկ կարծես թե ընդունում են, որ եթե մարդը չունի այլ եկամուտներ, քան դրա մասին տիրապետում է պետությունը, այսինքն՝ աշխատավարձից, թոշակից բացի այլ եկամուտներ չունի, ինքը չպետք է ենթարկվի հայտարարագրման պարտադիր պահանջի։ Անիմաստ մի բան է, պետությունն այդ տեղեկատվությունը տալիս է մարդուն, մարդը նորից վերադարձնում է պետությանը»,- ասաց Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրականում շարունակում է մնալ այն մտավախությունը, որ հայտարարագրման համակարգը ներդնում են թաքնված նպատակով, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնողների եկամուտները հարկեն։ «Իրական նպատակը, որը թաքցվում է, հենց դա է, եւ դա շարունակում է մնալ։ Այսինքն՝ այսօր կա սահման՝ եթե ՀՀ քաղաքացին 12 մլն դրամից ավելի դրամական փոխանցումներ է իրականացնում արտերկրից, այսինքն՝ եթե դրսում աշխատում է եւ իր եկամուտները փոխանցում է իր ընտանիքին, 12 մլն-ից ավելի եկամուտների դեպքում դա արդեն ենթակա է հարկման այն մասով, ինչ մասով ավելի պակաս են վճարվել հարկերը։ Այսինքն՝ եթե, օրինակ, դրսում վճարել է եկամտահարկ, Հայաստանում դրա դրույքաչափն ավելի բարձր է, այդ բարձրի մասով այստեղ պետք է հարկ վճարի։ Սա անթույլատրելի մոտեցում է այն պարզ պատճառով, որ Հայաստանում եկամտահարկի դրույքաչափը բարձր է, որովհետեւ ներառում է նաեւ պարտադիր սոցիալական վճարը, ինչը, օրինակ, ՌԴ-ում ցածր է»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ եթե նույնիսկ մարդն իր հայտարարագրում չի ներառի այլ երկրից դրամական փոխանցումների մասին տեղեկատվությունը, դա դեռ չի նշանակում, որ նա ազատվելու է այդ ռիսկից։ Եթե հարկային մարմինները դա հայտնաբերեն, հայտարարագիրը համարելու են թերլրացված։ «Հայտարարագրի լրացման պահանջը դառնում է ինքնաշխատ, այսինքն՝ եթե նույնիսկ դա չես լրացնում, համարվում է, որ այդ չափով հաստատել ես քո եկամուտները, եւ եթե վաղը դրամական փոխանցումն այս կամ այն ձեւով պարզ է դառնում, համարվում է, որ դու փաստորեն թերհայտարարագրել ես կամ այդ եկամուտը չես հայտարարագրել»,- հավելեց նա։

Ըստ Թադեւոս Ավետիսյանի՝ սա հերթական անգամ պետության կողմից համակարգային բարեփոխումից հետքայլ է, որը ստվերում է այդ բարեփոխումն ինքնին։ Այսինքն՝ եթե չմտածված քայլերով բարեփոխման անվան տակ փորձում են մարդկանց հարկադրել, հետո դա տեղի չի ունենում, որովհետեւ խնդրահարույց է, նորից հետքայլ են անում, բարեփոխման գաղափարն է ստվերվում։ Աշխարհը գնում է եկամուտների թափանցիկության համակարգերի ներդրմանը, բայց Հայաստանում այդ գործընթացը բարդանալու է, որովհետեւ մարդկանց մոտ առաջացնելու է այն զգացողությունը, որ այս համակարգը լավը չէր, հետքայլ արվեց, ձգձգվեց։ Այս իշխանությունը հանրության մոտ բացասական սպասումներն այս համակարգի նկատմամբ լիուլի առաջացրել է, ասում է Թադեւոս Ավետիսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031