Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի եւ մանրամասների քննարկման նպատակով Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը կազմակերպել էր բաց քննարկում։ Եղեռնի հուշահամալիրի հեղինակ, ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր եւ հեղինակային իրավունքների իրավահաջորդ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց, որ հուշարձանի 3 մույթերի հսկայական քարերն արդեն իսկ ապամոնտաժվել են, քանդվել են դեպի հավերժության կրակ տանող 3 բազալտե աստիճանները եւ այժմ էլ պատրաստվում են փորել 4 մ խորությամբ, 3 մ լայնությամբ խրամատ։ Նա իր մտահոգությունը հայտնեց «Հայնախագիծ» ԲԲԸ-ի նախագծով իրականացվող վտանգավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ըստ մասնագետների, կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների:
Aravot.am-ին տիկին Թարխանյանը փոխանցեց, որ գոհ է քննարկումից. «Տեսա քննարկմանը ներկա հանրության ներկայացուցիչների խորը մտահոգությունը, իրենք շատ լավ հասկացան թեման: Առաջիկա օրերին հայտարարություն կլինի, որը նամակ-դիմումի հետ միասին կուղղվի քաղաքապետարանին, ԿԳՄՍ նախարարությանը, Քաղաքաշինության կոմիտեին, որպեսզի անհապաղ դադարեցվի շինարարությունը, արվեն կոնսերվացիայի աշխատանքներ, որ առաջիկայում տեղումները չվնասեն արդեն իսկ վնասված շենքը, արվեն գիտական եւ հետազոտական աշխատանքներ, որոնք մինչ օրս չեն արվել…
Պետք է ստեղծվի խումբ, որը մասնագիտորեն կուսումնասիրի ստեղծված իրավիճակը եւ առանձին վերականգնման նախագիծ կարվի արդեն քանդված 3 մույթերի եւ առանձին նախագիծ՝ մյուս 9 մույթերի թարմացման համար: Ընդհանուր առմամբ, մույթերը փոքր ծավալով են վնասված, ամեն մույթի վրա 10-15 քար վրա պետք է ուշադրություն դարձվեր, եւ կարիքը չկար ամբողջությամբ մեծ, ահռելի քարերը դարձնել բազալտե խիճ: Մինչդեռ այդ քարերը ոչ թե զգուշությամբ ապամոնտաժել են, այլ ուղղակի քանդել են»:
Տիկին Թարխանյանը նաեւ հավելվեց, որ անընդունելի է համարվել հուշարձանի շուրջ փորվելիք խրամատը: «Եթե կա այդպիսի խնդիր, որը պնդում է «Հայնախագիծը», Գրիգոր Ազիզյանը, ինչին ես կտրականապես դեմ եմ, ուրեմն պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն, ոչ թե հույզերի վրա հենվելով ասվի՝ ես այդպես եմ զգացել, այդպես եմ որոշել: Այսօր բոլոր հնարավորությունները կան, պետք է համապատասխան հետազոտություններ արվեն եւ դրանց հիման վրա որոշում կայացվի: Իսկ այժմ արձանագրված ոչ մի բան չկա, ոչ մի գործիք չի աշխատել՝ ոչ ուլտրաձայնային, ոչ ֆոտոմետրիկ, ոչ գեոդեզիա են արել,ոչ քարերի նյութաբանություն, ոչինչ չեն արել ու մեկ անձի եզրակացության վրա որոշել են, թե ինչն է լավ, ինչը վատ»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ