Aravot.am-ը Երեւանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչ որոշում կայացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի եւ մանրամասների քննարկման նպատակով Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության կազմակերպած բաց քննարկման արդյունքում:
«Ինչպես եւ նախատեսված էր, մենք կկազմենք նամակ, որը կուղղենք ԿԳՄՍ նախարարությանը, որովհետեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը պետական հուշարձան է, ոչ թե Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո է գտնվում: Կլինեն նաեւ արձանագրություններ մեր այսօրվա հավաքից, նաեւ մասնակիցների առաջարկները:
Մենք կարծում ենք, որ Եղեռնի հուշահամալիրի հեղինակ, ՀՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր եւ հեղինակային իրավունքների իրավահաջորդ Անահիտ Թարխանյանը պետք է լինի աշխատող խմբի մեջ, խումբը համալրվի նաեւ այլ մասնագետներով:
Քննարկման ընթացքում պարզվեց, որ բավականին բացեր կան նախագծի եւ շինարարի հետ կապված: Մենք եւ մասնագետները հակված ենք, որ այս պահին դադարեցվի շինարարությունը, ընդլայնված կազմով լինեն քննարկումներ, ինչի արդյունքում կլինի ինչ-որ մի կոնսենսուս»,-ասաց տիկին Վարդանյանը: Նաեւ հավելեց, որ իրենց նամակը ԿԳՄՍ նախարարին ուղղելուց հետո կհետեւեն, թե ինչ հետագա քայլեր են լինելու:
Կարդացեք նաև
Նշենք, որ Անահիտ Թարխանյանը հավաքի մասնակիցներին ներկայացրել էր, որ հուշարձանի 3 մույթերի հսկայական քարերն արդեն իսկ ապամոնտաժվել են, քանդվել են դեպի հավերժության կրակ տանող 3 բազալտե աստիճանները եւ այժմ էլ պատրաստվում են փորել 4 մ խորությամբ, 3 մ լայնությամբ խրամատ։ Նա իր մտահոգությունն էր հայտնել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի նախագծով իրականացվող վտանգավոր փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ըստ մասնագետների, կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ