Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Ա կաթողիկոսի միջնորդությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսության և ՀՀ իշխանությունների միջև չեն կարող հարաբերությունները կարգավորվել»

Հոկտեմբեր 17,2025 22:33

Զարմանալի է, որ որոշ շրջանակներ հույս են փայփայում, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի միջնորդությամբ կարող է կարգավորվել ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները։ Նման բան չի կարող պատահել, ըստ իս, երկու պատճառով։

Նախ, թող ների ինձ Արամ Ա կաթողիկոսը, սակայն ես կարծում եմ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ՀՀ իշխանություններ – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին առճակատման պայմաններում իրեն ավելի կոմֆորտ է զգում, թերևս թաքնված հույս փայփայելով, որ սփյուռքում կարող են նոր թեմեր հիմնել ու եղածներն էլ ավելի ամրապնդել։

Զգայուն հարց է, սակայն սրա մասին պետք է իմանալ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին–Անթիլիաս փոխհարաբերություններում դեռևս բավականին բաց հարցեր կան, որոնց մասին խոսելն այս փուլում նախ ժամանակավրեպ է և երկրորդ՝ սրանք փակ քննարկման հարցեր են, ինչը վաղ թե ուշ պետք է տեղի ունենա։

Երկրորդ պատճառն այն է, որ ներկա փուլում Արամ Ա կաթողիկոսի միջնորդությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսության և ՀՀ իշխանությունների միջև չեն կարող հարաբերությունները կարգավորվել, որովհետև իշխանությունները հատել են բոլոր կարմիր գծերը և անդառնալիորեն զրոյացրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները։

Արամ Ա կաթողիկոսը եթե անգամ անկեղծորեն ցանկանա դրանք կարգավորել, ապա միևնույն է ոչինչ չի ստացվի։ Կարծում եմ հարցը կարող է լուծվել երեք ճանապարհով։

Առաջին տարբերակն այն է, եթե Հայաստանում վարչապետին անվստահություն հայտնելու եղանակով տեղի ունենա իշխանափոխություն և իշխանության գան ազգային ուժերը։ Այս տարբերակը ավելի քան հնարավոր է հաշվի առնելով իշխանությունների կողմից հակաեկեղեցական արշավում վերջին օրերում կատարվող անկանոն շարժումներն ու ջղաձգումները, ինչպես նաև ընդդիմադիր դաշտում միասնության պատրաստակամության մասին հաճախացած ակնարկները և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շարունակականությունը։

Երկրորդ տարբերակը Վեհափառի հրաժարականն է։ Այս տարբերակը անիրատեսական է, որովհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը երբեք չի ընկրկի դժվարությունների առաջ։ Վեհափառը առաջնորդվում է քրիստոնեական սկզբունքներով և բավարար չափով կամք ու համբերություն ունի դիմագրավելու իշխանությունների ճղճիմ ոտնձգություններին։

Երրորդ տարբերակն այն է, եթե Ադրբեջանի հոգևոր առաջնորդը փոխի իր կարծիքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին և հայտարարի, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի ամենախաղաղարար քրիստոնեական կառույցն է աշխարհում։

Այս դեպքում, կարծում եմ, վարչապետը հանուն խաղաղության, ֆեյսբուքում գրառում կաներ առ այն, որ ինքը մինչ օրս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մոլորյալ հետևորդ է եղել, հիմա արդեն ճշմարիտ հետևորդ է և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը իր հոգևոր հայրն է։ Գրառման տակ հինգ րոպե հետո 5000- ից ավելի հավանում ու պոզիտիվ մեկնաբանություններ կհայտնվեին, իսկ հաջորդ օրը բոլոր ՔՊ անդամները նույնը կկրկնեին ու վերջ, հարցը կլուծվեր։

Այլ խոսքով, ըստ իս, հարցի լուծման երկու բանալիներից մեկը գտնվում է Հայաստանից դուրս, բայց ոչ Արամ Ա կաթողիկոսի ձեռքում, իսկ մյուս բանալին ընդդիմության ձեռքում է։

 

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031