Ի ԳԻՏՈՒԹՅՈւՆ ԱՄԵՆՔԻ
Երբեք ցանկություն չի եղել խոսելու կամ գրելու հոգևոր իմ ծառայության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն միմիայն տեսանելի պետք է լինի մեր Տիրոջը, Ում շնորհով անձը ձեռնադրվում և օծվում է քահանա: Իսկ քահանան էլ, որպես հոգևոր նվիրապետության մի աստիճանավոր, բացառապես հնազանդ և հաշվետու պետք է լինի իր հոգևոր վերադասին: Ա՛յս է հոգևորականի ճշմարիտ ծառայական կերպը, նրա վեհ կոչումն ու սուրբ առաքելությունը:
Սակայն այսօրվա մեր իրականությունը, որը լեցուն է կատարյալ ստորաքարշ զրպարտություններով, անզգամ շինծու մեղադրություններով, հակաօրինականություններով՝ հարկ համարեցի ի գիտություն ամենքի գրել հետևյալը:
2003թ. ի վեր նախ՝ որպես քահանա, իսկ 2019 թ. որպես միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ ազատ կամքով և գիտակից վճռով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին:
Կարդացեք նաև
Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ, հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռք չբարձրացնի, որպեսզի երկու կողմերն իրար լսելի լինեն և այդ ամենը ծառայի ազգի ու պետության գերագույն շահերին: Եվ գրեթե միշտ մասնակցել եմ իմ հոգևոր եղբայրների ընկերակցությամբ՝ այն վճռականությամբ, որ միշտ պատրաստ պետք է լինենք՝ նաև որպես կենդանի պատ կանգնելու մեր ազգակիցների՝ ցուցարարների ու ոստիկանների, քաղաքացիների և պետության միջև:
Եվ այդ բոլոր տարիներին ապրել եմ և գոհության, և ուրախության, և ծանր դառնության՝ խորը ցավի պահեր…
Եվ հոգևորականի այդ ներկայությունը գնահատել ու երախտագիտությամբ է ընդունել թե ժողովուրդը, թե ոստիկանը, թե քաղաքական գործիչը, թե պետական պաշտոնյան: Այո, քանի որ Տիրոջ տան սպասավորն իր հոգևոր խնամքն անխտիր բոլորի վրա է տարածել՝ ազգային համերաշխության ու միասնության թթխմոր դառնալով:
Թող ամենքին լսելի լինի՝ եկեղեցական նվիրապետության մեջ և հոգևոր կյանքում ընդմիշտ թագավորում է ինքնազոհ սերը, նվիրումը և հնազանդությունը՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի օրինակի և Սբ Ավետարանի վարդապետության:
Այս ամենը գրեցի, որպեսզի դուք, սիրելի հավատակիցներ, ճանաչեք Ճշմարտությունը և զատորոշեք Ճշմարտության կեցուցիչ ձայնը:
Մնանք հաստատուն մեր սուրբ հավատքի մեջ, մնանք հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածային նվիրապետությանը՝ ի գլուխ ազգընտիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:
Տեր և պաշտպան լինենք մեր ազգային ինքնությանը, ազգային իղձերին և մեր Մայր Հայրենիքին:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան
Ողջույն ձեզ, հայ հաստատուն հոգևորականներ:
1988-ին մտավորականների մասնակցության կարևորությունը հավաքներին նաև նրանում էր, որ չեզոքացնեն սադրիչներին:
2025-ին այդ տեսակը շատ ավելի բազմաերես է ու ավելի լավ կահավորված կոմունիկացիոն գաջետներով` արագ կերպանափոխվելու միջոց ունի:
սադրիչների այս նոր սերունդ, տեսակը ճանաչողներ են պետք: