Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Արդյունավե՞տ էին Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդած յոթ աշխատանքային այցերը

Հոկտեմբեր 18,2025 14:00

Յոթ արտերկրյա աշխատանքային այց 18 օրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ այցերը փաստո՞ւմ են Հայաստանի հանդեպ աշխարհի հետաքրքրվածության մասին։ Որո՞նք են արտաքին այս քաղաքականության արդյունքները։

Խաղաղության մասին բարեհունչ տրակտատներ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Փաշինյանը զբաղված է արտաքին քաղաքականության «իմիտացիայով»։

«Նիկոլ Փաշինյանն այդ ամենից փորձում է քաղել իր համար անհրաժեշտը, տվյալ պարագայում՝ էլեկտորատին ցույց տալ, թե ինչ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, ինչ ջերմ ընդունելության արժանանում աշխարհաքաղաքականության մեծերի շրջանակում»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Բադալյանը։

«Եթե մենք ուշադիր լինենք նրա այցերի բովանդակային մասին, ապա կտեսնենք, որ դրանք ըստ էության լի են, այսպես կոչված, հայ-ադրբեջանական խաղաղության մասին նույնաբովանդակ խոսույթով, որ հնչում է թե՛ ներքին, թե՛ արտաքին պատահած գրեթե բոլոր ամբիոններից, եւ վերջ: Խոշոր հաշվով, չկա որեւէ այլ սկզբունքային ասելիք, չկա որեւէ այլ առաջարկ աշխարհին: Իսկ ինչո՞ւ եմ օգտագործում «այսպես կոչված խաղաղություն» ձեւակերպումը: Որովհետեւ այն, ինչ մատուցվում է իբրեւ խաղաղություն, ընդամենը Ադրբեջանի եւ Թուրքիայի պայմանների ու պահանջների հանդեպ ՀՀ ադապտացիայի գործընթաց է, որի համար էլ ՀՀ-ն ստանում է նաեւ միջազգային ավելի խոշոր դերակատարների փաղաքշանքը, քանի որ այդ դերակատարներն էլ իրենց ավելի կարեւոր հարցերն ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»:

Փաշինյանի անձնական նպատակն է՝ միջազգային քաղաքականության հիմնական, բայցեւ իրարամերժ հոսանքներին ադապտացվել, արձանագրում է Բադալյանը։

«Բայց, այդ պարագայում էլ, նա իր առաջ դրել է մեկ գերակա խնդիր՝ առավելագույնս դիրքավորվել այնպես, որ հակազդեցության մեջ չլինի որեւէ հոսանքի նկատմամբ: Իսկ դրա համար պետք է պարզապես զբաղվել խաղաղության մասին բարեհունչ տրակտատներով՝ չխոսելով որեւէ այլ քաղաքական բովանդակությունից եւ առավել եւս՝ որեւէ իրավունքից»,-ասաց նա։

Համատեքստ

Հիշեցնենք. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 13-ը վարչապետ Փաշինյանը թվով ավելի շատ օրեր անց է կացրել Հայաստանից դուրս. Մոսկվա՝ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ բարձրաստիճան հատված, Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջան, Կոպենհագեն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Բրյուսել՝ համաժողով, Դուշանբե՝ ԱՊՀ նիստ։

«Նախագահ Թրամփի համար Նիկոլ Փաշինյանն ուղղակի գոյություն չունի». Զուրաբյան

«Բոլոր ազիմուտներով» արտաքին քաղաքականության ջատագով «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ ուշադրություն է հրավիրում վարչապետի այցերի արդյունքների «միակողմանիությանը»։

«Կարելի է ասել՝ Հայաստանը սեփական քաղաքականություն չունի այլեւս եւ լրիվ ենթարկվում է Ադրբեջանի ճնշումներին։ Հայաստանը մասնակցում է օգոստոսի 8-ի հանդիպմանը՝ Ադրբեջանի ճնշման ներքո, որն օգտագործելով իր կապերն Իսրայելի հետ եւ Իսրայելի ռազմավարական շահերն այս տարածաշրջանում Իրանի դեմ, Հայաստանին բերել է, ի՞նչ ասենք՝ ամռան ակորդնե՞ր, թե՞ զանգեզուրյան միջանցք։ Ինչ անուն ուզում եք դրեք, բայց այս քաղաքականության մեջ Հայաստանը բուտաֆորիայի դեր է խաղում», – ասաց Զուրաբյանը։

Իր ասածի «պերճախոս վկայություն» է համարում Շարմ Էլ Շեյխում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Թրամփի շփումը, որի ընթացքում վարչապետը նախագահին հարցնում է՝ «Հիշո՞ւմ եք ինձ»։

«Նախագահ Թրամփի համար Նիկոլ Փաշինյանն ուղղակի գոյություն չունի։ Օգոստոսի 8-ի հանդիպումը թմբկահարվեց որպես աննախադեպ մերձեցում Թրամփի հետ։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված է ինքն իրեն որպես Հայաստանի վարչապետ ներկայացնել Թրամփին»։

Համատեքստ

Հիշեցնենք. ԱՄՆ-ի եւ Եգիպտոսի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հրավերով ՀՀ վարչապետը մասնակցել էր Շարմ Էլ Շեյխում Միջին Արեւելքի խաղաղության գագաթնաժողովին։

Բադալյանի եւ Զուրաբյանի հետ զրույցներում հետաքրքրվեցինք՝ Գազայում հրադադարի հաստատումն արձանագրելու համար օրերի ընթացքում կազմակերպված գագաթնաժողովին, որին ներկա էին նաեւ Թուրքիայի, Կատարի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի առաջնորդները, Փաշինյանին հրավիրելը զուտ պարգեւատրո՞ւմ էր Թրամփի կողմից։

«Ընդամենը երկու ամիս առաջ նրանք մի քանի ժամ շփվել են»

Բադալյանը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական հարցը գտնվում է «Թրամպի հաստատած «խաղաղությունների» շարքում»:

«Իրերի այդ դրության մասին ակնառու վկայող հանգամանքներից մեկն էլ հենց Շարմ Էլ Շեյխում դրվագն էր, երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցել էր ամբիոնի մոտ գտնվող Թրամփին եւ ներկայանում էր նրան, որ ինքը Հայաստանի վարչապետն է: Այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ նրանք մի քանի ժամ շփվել են Սպիտակ տանը երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով: Իհարկե, ինչպես ավելի վերեւում նշեցի, Նիկոլ Փաշինյանն այդ հանգամանքը կփորձի լիուլի օգտագործել ներսում էլեկտորատի վրա «վաճառելու» համար՝ PR տեսանկյունից»։

«Հայաստանը մասնակցում է ընդամենը որպես Ադրբեջանի կցորդ»

Զուրաբյանն էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկեց Փաշինյանի այցը։

«Սա Իսրայելի ծրագիրն է, որով Ադրբեջանին եւ որպես Ադրբեջանի արբանյակ Հայաստանին, ուզում են ներգրավել Աբրահամյան համաձայնագրերում։ Դրա մասին Միջին Արեւելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը խոսել է արդեն։ Աբրահամյան համաձայնագրերը փորձում են ապահովել Իսրայելի եւ արաբական աշխարհի հաշտությունը։ Այդ համատեքստում այս շաբաթ հավաքվեցին Եգիպտոսում, որ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր անեն, իսկ ինչպես ասացի՝ Իսրայելի եւ Ամերիկայի քաղաքականությունը փորձում է եւս մեկ իսլամական երկրի՝ Ադրբեջանին, մտցնել այդ համաձայնագրերի մեջ։ Հայաստանը մասնակցում է ընդամենը որպես Ադրբեջանի կցորդ կամ բուտաֆորիա»։

Նշեցինք, որ դադարից հետո Հայաստանի վարչապետը կրկին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակցեց։

«Ե՞վ։ Մասնակցությունն ի՞նչ է նշանակում։ Արդյունքերը որո՞նք են»։

Հիշեցրինք Դուշանբեում Փաշինյանի ելույթի խոսքերը, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրները նույնպես օգուտներ կունենան TRIPP ուղուց։

«ԱՊՀ երկրներին կարող է օգուտ բերել։ Իսկ Հայաստանի շահերը որտե՞ղ են»։

Համատեքստ

Հիշեցնենք նաեւ, որ վարչապետը բրյուսելյան շփումներ էր ունեցել աֆրիկյան երկրների ղեկավարների՝ Անգոլայի եւ Հարավային Աֆրիկայի նախագահների հետ։

Կոնգրեսի փոխնախագահից հետաքրքրվեցինք՝ աֆրիկյան ակտիվությունը բազմակողմանի եւ նոր ուղղություններով արտաքին քաղաքականության օրինակ չէ՞։

Չքննարկել «դիվանագիտական աժիոտաժը»

«Այդ հանդիպումները՝ որպես արդյունավետության ապացույց, հնարավոր չէ բերել։ Դիվանագիտության արդյունավետության չափանիշը ոչ թե հանդիպումների քանակը կամ աշխարհագրությունն է, այլ արդյունքները։ Ի վերջո, բոլորը քաղաքավարի մարդիկ են։ Կարելի է գնալ, դիմել, տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպել, խոսել, ներկայանալ, ինչպես Հայաստանի վարչապետը Շարմ Էլ Շեյխում ներկայացավ Թրամփին, բայց ինձ հետաքրքրում են արդյունքները։ Կարո՞ղ ենք արդյունքների մասին խոսել՝ պայմանագրերի, պայմանավորվածությունների, համաձայնագրերի»,-ասաց Զուրաբյանը։

Նա ավելացրեց՝ կարելի է քննարկել արդյունքները, բայց ոչ «դիվանագիտական աժիոտաժը»։

«Ինչպես միշտ, Փաշինյանի դեպքում ուշադրություն է տրվում ցուցադրական տարրերին։ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս, որպեսզի ցույց տա, որ նա հանդիպում է բազմաթիվ լիդերների հետ»։

Փաշինյանը հրաժարվել է քաղաքական բովանդակությունից. Հայաստանը շահո՞ւմ է, թե՞ կորցնում

Արդյո՞ք բարձրագույն մակարդակով մեծաթիվ եւ աշխարհագրորեն լայն աշխատանքային այցերը չեն տեղավորվում կառավարության հռչակած «հավասարակշռված եւ հավասարակշռման» արտաքին քաղաքական տրամաբանության մեջ, հարցրինք Բադալյանին։

«Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն ասվածը գերազանցապես մեդիասպառման համար նախատեսված ձեւակերպում է, եւ իհարկե դարձյալ՝ ներքին էլեկտորալ սպառման: Իրականում, միջազգային քաղաքականությունը մաթեմատիկա չէ, որպեսզի հնարավոր լինի ստանալ չափելի հավասարակշռություն: Ավելին, իրապես բովանդակային եւ սկզբունքային արտաքին քաղաքականությամբ զբաղվելու պարագայում, հնարավոր չէ ապահովել չափելի հավասարակշռություն, որովհետեւ ի վերջո կա աշխարհագրություն, կան բազմաթիվ տնտեսական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական գործոններ, եւ այլն, եւ այլն, որոնք բացառում են մաթեմատիկական հավասարակշռության տարբերակը պետական արտաքին քաղաքականության առումով»,- ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը շեշտեց՝ պետական արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինի շահերի խորքային գիտակցման վրա հենված ռազմավարական հայեցակարգը։ Ըստ այդմ էլ որոշվում է այս կամ այն աշխարհաքաղաքական ուղղությամբ հարաբերությունները խորացնելու աստիճանը։

«Նա (Փաշինյանը – Ա.Ա.) ներկայումս զբաղված է Հայաստանում իր կառավարող դիրքը պահպանելու արտաքին հենարաններ ձեւավորելով: Իսկ դրա համար, այսպես ասած, ամենաարդյունավետ, եւ ժողովրդական լեզվով ասած՝ նվազագույն անշառ տարբերակը քաղաքական բովանդակությունից հրաժարվելն ու առաջարկվող կամ նույնիսկ պարտադրվող, թելադրվող բովանդակությունների «խաչմերուկում» դրանց ադապտացվելն է: Հայաստանը դրանից շահո՞ւմ է, թե՞ կորցնում: Համոզված եմ, որ այստեղ շահելու եւ կորցնելու միջեւ իրական հաշվեկշիռը գնահատելու համար անհրաժեշտ հանգամանքներն ավելի շատ կուլիսներում են, քան հանրային հասանելիության ռեժիմում»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում՝ ՀՀ վարչապետի եւ ԱՄՆ նախագահի վայրկյաններ տեւած զրույցը Շարմ Էլ Շեյխում, հոկտեմբերի 13, 2025թ.

«Առավոտ» օրաթերթ
17.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031