Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

«1903 թվականին Եկեղեցին ըմբոստացավ եւ շուրջ երկու տարի կայսրի դեմ բողոքի ցույցերը տվեցին արդյունք»

Հոկտեմբեր 18,2025 12:00

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:  

-Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը կատարում է իր խոստումը՝ Եկեղեցու դեմ հալածանքները աներեւակայելի աստիճանի է հասցնում. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց, ինչն աննախադեպ է Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ահաբեկչության մեղադրանք է առաջադրված։ Երեկ էլ բռնությունների նոր ալիք սկսվեց. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Այդ գործի շրջանակներում թեմի 12 քահանաներ եւ երեք քաղաքացիական անձինք բերման էին ենթարկվել՝ կոպտագույն մեթոդներով, նրանցից որոշների գտնվելու վայրը ժամեր շարունակ հայտնի չէին։ Գործի շրջանակներում կա եւս երկու ձերբակալված: Իսկ եկեղեցին շարունակում է սահմանափակվել հայտարարություն տարածելով եւ դատապարտելով։

-Ցավալի փաստ է։ Մեր ժողովուրդը, տեսնելով եւ հասկանալով հանդերձ, թէ ի՞նչ է կատարվում իր երկրում, դեռեւս չի գիտակցում, թե ի՞նչ սարսափելի բան տեղի ունեցավ։ Իր երկրի իշխանությունը դեմ է գնում Աստուծուն, Աստուծու դեմ քայլեր է կատարում, հալածում է Աստուծուն։ Մեր ժողովրդի մտքով իսկ չի անցնում, թե դրանով Աստուծու զայրույթն է շարժելու, եւ մեր վրա ինչպիսի նոր արհավիրքներ են գալու։

Երբ 1903 թվականին Ռուսաստանի կայսրը հրովարտակ հրապարակեց հայկական դպրոցները փակելու, եկեղեցու գույքը բռնագանձելու վերաբերյալ եւ սկսեց գործադրել, հայ ժողովուրդը ոտքի կանգնեց ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանի բոլոր հայաշատ վայրերում։ Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը նզովեց կայսրին՝ անօրեն կայսրությունը։ Եկեղեցին ըմբոստացավ եւ շուրջ երկու տարի կայսրի դեմ բողոքի ցույցերը տվեցին արդյունք։ Կայսրը ընկրկեց, չեղարկեց իր որոշումը եւ հայկական դպրոցները վերաբացվեցին, իսկ եկեղեցապատկան գույքը վերադարձվեց եկեղեցուն։ Ինչո՞ւ կայսրը նահանջեց, որովհետեւ սարսափեց Հայոց միակամությունից եւ վտանգ տեսավ իր գահի եւ իր կայսրության անկման առումով։ Որը եւ տեղի ունեցավ ընդամենը տասնհինգ տարի հետո։

Հայը ոտքի կանգնեց պաշտպանելու իր էությունը՝ եկեղեցին եւ դպրոցը՝ հոգին եւ կրթությունը։

Մեր երկրի կառավարման աթոռին նստած է ժողովրդին խաբելով իշխանության եկած, օտարին ծառայող հանցագործների խումբը։ Ինչո՞ւ եմ հանցագործներ անվանում, նախ, որ ժողովրդին խաբելով են իշխանության եկել, հետո Արցախը հանձնել են թշնամուն, մասնակից են Արցախում իրականացված ցեղասպանությանը՝ Արցախի հայաթափմանը, մասնակից են այժմ էլ Արցախում իրականացվող հայկական՝ հազարավոր տարիներով ստեղծված ժառանգության ոչնչացմանը, օտարի հրահանգով փոխում են Հայոց պատմությունը եւ այլն, այնքան շատ են սրանց կատարած հանցագործությունները, որ եթե թվարկես, տասնյակ էջեր կարող ես լրացնել։ Այժմ հասել են մեր ինքնությանը՝ մեր սրբության սրբոցին՝ եկեղեցուն, փորձում են մեր պետականության կարեւորագույն հենասյուն եկեղեցին ոչնչացնել։ Սա ոչ միայն թուրքական պահանջ է, կարծում եմ՝ էլ ավելի մեծ ծրագիր է, չարի ծրագիրը՝ ուղղված Աստուծու դեմ, քանի որ մեր եկեղեցին, որպես կրողը հայի արժեհամակարգի, այն հայի, որը հազարավոր տարիներ հավատարիմ լինելով եւ մնալով Աստուծուն, կրելով ֆիզիկական, մարմնական աներեւակայելի տառապանքներ, պահպանել է եւ առաջ է տանում Աստուծու կողմից մեզ շնորհված բազմաթիվ շնորհներ՝ աստվածային լեզուն, պատվիրանները, հայրենիքը եւ այլն, կարող եմ թվարկել։

Մեր եկեղեցին է, որ գիշեր-ցերեկ հսկում է տերունական վայրեըը՝ մեր Տիրոջ գերեզմանը, ծննդյան տեղին, սուրբ Աստվածածնի գերեզմանը։ Այսպիսի պատվի է արժանացրել մեզ, իսկ մենք հավատարիմ ծառայել ենք եւ ծառայում ենք Աստուծուն։

Հայ ժողովրդի համար եկեղեցին իր ինքնությունն է։ Հարձակվել եկեղեցու վրա, նույնն է, թե իշխանությունը հարձակվում է մեզնից յուրաքանչյուրի վրա, իսկ որ ամենասարսափելին է՝ Աստուծո վրա։

Սրբազաններին եւ մյուս հոգեւորականներին ձերբակալելով, իշխանությունը փորձում է ժողովրդին ցույց տալ, որ ինքն է միակ իշխանությունը եւ պետք է իրեն պաշտել, մոռանալ Աստուծուն։ Սրանք, որպես բոլշեւիկների հետնորդներ, ամբողջովին մտել են այդ դերի մեջ եւ իրենց տգետ խելքով փորձում են իրականացնել այն, ինչ չկարողացավ անել նույնիսկ չարի կայսրություն կոչված անաստված պետությունը, որը ընդամենը յոթանասուն տարվա կյանք ունեցավ։

Շարունակեմ, ինչո՞ւ այսքան լկտի։ Որովհետեւ միայն այդպիսի գործելաոճն է յուրահատուկ չարին։ Վախի, սարսափի տարածում, որի դեմ թույլերը անմիջապես ընկրկում են, ինչպիսին Միքայել Սրբազանին դատավճիռ կարդացող այդ անհավատ էակն է, քննիչ-դատախազները եւ չարին ծառայող մյուս պաշտոնյաները։ Ոչ երանի դրանց, չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է սպասում իրենց։

-ՀԱԵ դեմ հալածանքները դառնում են աննախադեպ. արդյոք ավելի խորքային պատճառ չկա դրա համար, քան, պայմանական ասած՝ կաթողիկոսին գահընկեց անելը։

-Այս իշխանությունը ձեւացնում է, իբր թե հալածում է առանձին հոգեւորականների, իրականում նրա հալածանքը մեր եկեղեցու դեմ է՝ հետեւաբար եւ Աստուծու դեմ, քանի որ Հայոց եկեղեցին է, որ իր հիմնադրման օրվանից հավատարիմ է մնացել Աստուծուն, ընդունել է Նիկիայի դավանաբանությունը եւ առ այսօր ոչինչ չի փոխել, որովհետեւ աստվածայինն անփոփոխ է, անկախ ժամանակից։

Մյուս կողմից, չէ որ Հայոց եկեղեցին Հայոց ինքնությունը պահպանող եւ զարգացնող միակ, անվանեմ հաստատությունն է, չնայած որ այն բարձր է, քան այդ հասկացությունը։ Այսօրվա աշխարհիկ իշխանության հարձակումը մեր սրբության սրբոց եկեղեցու, մեր հոգեւոր իշխանության վրա է, քանի որ մեր եկեղեցին մեր ինքնությունն է։ Առանձնապես ուզում եմ շեշտել Հայոց եկեղեցու դերակատարությունը նաեւ որպես մեր պետականությունը կրող հենասյուն։ Չէ որ մեր եկեղեցին է պահել մեր լեզուն, ստեղծել գիրն ու գրականությունը, մշակույթը, ճարտարապետությունը՝ եկեղեցաշինությունը, հոգեւոր երաժշտությունը, քրիստոնյա աշխարհին փոխանցել հոգեւոր երաժշտությունը, շարականները, պահել եւ կորստից փրկել մեր ժողովրդական երաժշտությունը, ստեղծել հայոց օրենսդրությունը, սահմանել եւ իրականացրել այն բարոյական նորմերը, որոնցով ապրել է մեր ժողովուրդը։ Փորձելով խարխլել եկեղեցին՝ փորձում է խարխլել մեր պետականությունը։ Մեր եկեղեցին է, որ ցեղասպանությունից հետո փրկել է հայոց մնացորդներին, օտար հողերում հիմնել եկեղեցիներ, դպրոցներ, մատաղ սերնդին դաստիարակել հայեցի։ Այս իշխանության կռիվը մեր եկեղեցու դեմ ուղղված է նաեւ սփյուռքը վերացնելուն, որը թուրքական ծրագիրն է, որը թուրքերը չեն կարողացել իրականացնել շուրջ հարյուր տարի։ Մենք լավ ենք պատկերացնում, թե ինչ է լինում օտարության մեջ հայերիս հետ, եթե չկա Հայոց եկեղեցին, ուղղակի ձուլվում եւ վերանում ենք, որի վառ ապացույցն է Լեհաստանի մեր գաղութի հետ պատահածը ընդամենը հարյուր հիսուն տարի առաջ, երբ դավադրությամբ թեմի առաջնորդը մեր դավանանքը տարավ դեպի կաթոլիկություն եւ այդ ծաղկուն գաղութից, որը ըստ էության հայկական պետություն էր պետության մեջ, կարճ ժամանակ հետո ձուլվեց եւ որպես հայկական տարր անհետացավ։

Ահա թուրքական հեռահար ծրագիրը, որը փորձում է իրականացնել իշխանության աթոռին բազմած այդ ոհմակը, քանի որ հանձինս մեր եկեղեցու, նրանք տեսնում են Հայոց պետականության անխորտակելի հենասյունը։ Ո՞վ է ըմբոստանում այսօրվա իշխանության կատարած հակահայ քայլերի դեմ՝ Արցախը պահելու, արցախահայության իրավունքները պաշտպանելու, Հայոց պատմությունը խեղաթյուրելու, հայի հոգին պղտորելու, այլասերում տարածելու, միջազգային հարթակներում Հայոց իրավունքները պաշտպանելու եւ այլն, եւ այլն։ Հայոց եկեղեցին։

-Կարծում եք իշխանության ջանքերը արդյունք չե՞ն տալու։

-Իհարկե՝ չեն տալու։ Ոչ միայն չեն տալու, այլեւ մենք ականատես ենք, թե ինչպես է զուլալվում հայի միտքը, թե ինչպիսի նոր գաղափարներ են առաջ բերում մարդիկ։ Այնպես որ, չկա չարիք առանց բարիքի։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031