Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ճիշտ կազմել նախապահանջը

Հոկտեմբեր 18,2025 12:30

Իրավագիտակից քաղաքացի

Նախապահանջը կամ նույն ինքը՝ պրետենզիան այն փաստաթուղթն է, որով մյուս կողմին տեղեկացվում է իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին, ինչպես նաեւ ներկայացնում է խախտումը վերացնելու կամ օրենքով, կամ պայմանագրով սահմանված այլ պահանջներ։

Նախապահանջը կարող է լինել վեճի խաղաղ լուծմանն ուղղված քայլ կամ դիմողին (ապագա հայցվորին) դատական գործողությունների նախապատրաստելու առաջին քայլը, եթե հայցը ներկայացվում է մինչդատական ընթացակարգին համապատասխան։

Հարկ է նշել, որ նախապահանջ կարելի է ուղարկել ցանկացած վիճելի իրավիճակում: Եթե պայմանագրում նշված է նախապահանջի ընթացակարգի մասին, ապա դա նշանակում է, որ դատարան դիմելուց առաջ պարտադիր պետք է մյուս կողմին ուղարկել նախապահանջը։ Հակառակ դեպքում դատարանը գործը վարույթ չի ընդունի։

Մյուս կողմին նախապահանջ կարող եք ներկայացնել տարբեր դեպքերում, օրինակ, եթե գումարը չի վճարել, ապրանքը թերի է մատակարարել, ծառայությունն անբերախիղճ կամ ոչ լրիվ ծավալով է մատուցել, աշխատանքներն անորակ է կատարել եւ այլն:

Վեճի լուծման նախապահանջային կամ մինչդատական այլ ընթացակարգը քաղաքացիական իրավունքների պաշտպանության ձեւերից մեկն է, ինչի շնորհիվ փորձ է արվում կարգավորել պարտատիրոջ եւ պարտապանի, վաճառողի եւ գնորդի միջեւ առկա վեճը:

Պրակտիկան ցույց է տալիս, որ նախապահանջային գործընթացը հնարավորություն է տալիս հավաքագրել դեբիտորական պարտքը՝ առանց պետական տուրքերի վճարման ծախսերի եւ ժամանակի զգալի խնայողությամբ, ինչը բարենպաստ ազդեցություն կարող է ունենալ բիզնեսով զբաղվող ընկերությունների գործունեության վրա:

Նախապահանջը պետք է ներկայացնել գրավոր ձեւով, ինչը սովորաբար համապատասխանում է գործնական նամակի ձեւին ու պահանջներին:

Նախապահանջի բովանդակության մեջ անպայման պետք է ներառել հետեւյալը՝

  1. Ուղարկող եւ ստացող ընկերությունների ղեկավարների կամ լիազորված անձանց ամբողջական տվյալները,
  2. Պայմանագրի կոնկրետ խախտումը՝ հղում կատարելով պայմանագրի կամ օրենքի կոնկրետ դրույթներին,
  3. Խախտումը վերացնելու եղանակը եւ այն չվերացնելու հետեւանքները,
  4. Եթե վեճն առաջացել է ֆինանսական ոլորտում եւ նշվում է դրամական գումարի չափը, ապա այն պետք է նշել ինչպես թվերով, այնպես էլ բառերով,
  5. Եթե վեճը ենթադրում է լրացուցիչ ապացույցներ, ապա դրանք պետք է կցել գրությանը,
  6. Որպես այդպիսիք կարող են լինել հանձնման-ընդունման ակտերը, վճարման անդորրագրերը, լրացուցիչ համաձայնագրերը, լուսանկարները եւ/կամ տեսանյութերը եւ վեճի հետ կապված այլ փաստաթղթեր,
  7. Նամակի վերջում թվարկե՛ք եւ համարակալե՛ք կցված բոլոր ապացույցները:

Վերջում հիշեցնեմ, որ նախապահանջի կազմման ժամանակ անհրաժեշտ է նկատի առնել, որ մյուս կողմի անհիմն պատասխանի կամ դրա բացակայության դեպքում պետք է դիմեք դատարան, հետեւաբար փաստաթուղթը պետք է կազմել՝ հաշվի առնելով այս հանգամանքը:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների

թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ նախապահանջի, իրավաբանական եւ դատավարական փաստաթղթերի կազմման հարցերով կարող եք դիմել «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
17.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031