Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

«Արցախի հարցը բաց է։ Դա հասկանում են բոլորը՝ թե՛ Նիկոլը, թե՛ Ալիեւը, եւ թե՛ մեծ տերությունները»

Հոկտեմբեր 18,2025 13:30

«Առաջին երկուսը փորձում են «խաղաղության պայմանագրերի» միջոցով փակել այդ թեման, բայց դա ընդամենը պատրանք է»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական ակտիվիստ Նարինե Գաբրիելյանը։

-Ունենք երկու՝ իրարից տրամագծորեն տարբերվող իրականություն. արցախցիները Հայաստանում ապրում են՝ հիմնականում բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակներում, շատերը արտագաղթելն են լուծում համարում, ՀՀ իշխանությունն էլ ասում է՝ «Արցախի էջը փակված է» ու «ոնց ուզում եք՝ հարմարվեք» այս իրողությունների հետ։ Երկրորդը՝ միջազգային անցուդարձերն են՝ ԱՄՆ կոնգրեսին ներկայացվող բանաձեւ, եվրոպական մի շարք խորհրդարաններում քննարկումներ, բանաձեւեր, որ արցախցիների վերադարձի իրավունքը գերակա է։ Ռուսական որոշակի քաղաքական շրջանակներ էլ են այդ հարցն առաջ մղում։ Հայաստանում քաղաքական հատուկենտ այրեր են խոսում վերադարձի իրավունքից։ Ի՞նչ եք զգում, ի՞նչ եք պատկերացնում, ի՞նչ եք մտածում այս ամենի մասին։

-Ես՝ որպես արտասահմանում ապրող արցախցի, շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ ճանապարհով են անցնում իմ հայրենակիցները, որոնք ստիպված եղան լքել իրենց տունը։ Ես նույնպես անցել եմ այդ ճանապարհով՝ հայտնվելով նոր հասարակության մեջ. իրենցը թեեւ հայկական է, սակայն շատ տարբեր էր Արցախից։ Անծանոթ միջավայր, օտար կանոններ, դժվարություններ, որոնք հաղթահարելու համար տարիներ են պահանջվում։ Բայց նրանք, ի տարբերություն ինձ, ստիպված եղան անցնել նաեւ դժոխքի միջով… Այն դժոխքով, որով անցել են իմ հարազատները, որի հետեւանքով ես կորցրի հորս, իսկ մայրս իր կյանքի այս փուլում մնաց վատառողջ ու անտուն։ Նույն վիճակում էլ հայտնվել են քույրերս։ Իմ ընկերներն ու հարազատները հայտնվել են անելանելի վիճակում։ Շատերը լցված են ցավով ու անարդարության զգացումով, ոմանք կոտրված են, իսկ մի քանիսը դեռ պահպանում են ուժն ու կամքը՝ ապրել շարունակելու։ Բայց ընդհանուր պատկերը նույնն է՝ ճակատագրեր փշրված, կիսատ հույսեր…

Ես իրավաբան եմ, ոչ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան. այնուամենայնիվ, պարզ է, որ Արցախում կատարվածը մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր։ Դա էթնիկ զտում էր, իսկ նման հանցագործությունները ժամկետ չեն ունենում։ Արցախի հարցը փակված չէ։ Սա ոչ թե դատարկ հայրենասիրական խոսք է, այլ փաստ։ Այսօր Հայաստանում ունենք իշխանություն, որը, իմ խոր համոզմամբ, ներկայացնում է ոչ թե մեր երկրի, այլ օտարների, նույնիսկ թշնամական երկների շահը։ Նրանք գիտակցաբար հանձնեցին Արցախը եւ, բնականաբար, չեն պատրաստվում խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Զարմանալի է, սակայն, որ մյուս քաղաքական ուժերն էլ հիմնականում լռում են։ Ոչ բոլորն, իհարկե։ Վերջերս դիտեցի իմ կողմից շատ հարգելի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի երկար հարցազրույցը. երեք ժամ շարունակ ոչ մի լրագրող անգամ չհարցրեց Արցախի մասին։ Սա շատ բան է ասում մեր այսօրվա քաղաքական դաշտի մասին։ Այս պահին բոլորը պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին։ Շուտով կսկսվի ձայների որսը, այդ թվում՝ արցախցիների ձայների։ Շատերն են խոստումներ տալու, սակայն խոստումներով ոչինչ չի փոխվի։ Պետք է ներկայացնեն հստակ ծրագիր՝ ինչպե՞ս են պատկերացնում Արցախի հարցի լուծումը, ի՞նչ ճանապարհ են տեսնում վերադարձի համար։

Արցախի հարցը բաց է։ Դա հասկանում են բոլորը՝ թե՛ Նիկոլը, թե՛ Ալիեւը, եւ թե՛ մեծ տերությունները։ Առաջին երկուսը փորձում են «խաղաղության պայմանագրերի» միջոցով փակել այդ թեման, բայց դա ընդամենը պատրանք է։

Իրականում աշխարհում այսօր տեղի են ունենում հսկայական փոփոխություններ. սահմաններ են վերագծվում, ուժերի հարաբերակցությունը փոխվում է։ Եվ հենց այդ պատճառով մենք՝ որպես ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք այդ նոր ժամանակներին։ Պետք է ոչ թե մոռանանք Արցախը, այլ նոր ուժով շարունակենք մեր պայքարը՝ հանուն վերադարձի, հանուն արժանապատվության, հանուն կյանքի։

-Ի՞նչ պետք է անեն արցախցիները Հայաստանում, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է դրսեւորվեն իրենց մտորումներն ու պատկերացումները։ Մենք, ես ինքս էլ, հաճախ տարբեր հարցազրույցներում ավելի ակտիվ պահվածք ենք ակնկալում, բայց մյուս կողմից էլ տպավորություն է, որ մենք՝ հայաստանցիներս, մեր խնդիրներն արցախցիների ձեռքերով ենք ցանկանում լուծել։ Տարին էլ նախընտրական է, ըստ այդմ՝ նաեւ սպասելիքներն են ավելին։

-Արցախցիները շատ մոլորված են։ Նման աղետից հետո նրանցից մեծ ուժ կամ նախաձեռնություն սպասելն անիրատեսական է։ Կասեմ մի բան, որ գուցե ծանր հնչի, բայց դա ճշմարտություն է. արցախցիներից շատերը հոգեբանորեն հիվանդ են։ Ոչ թե այն իմաստով, որ ունեն հոգեկան խանգարում, այլ որովհետեւ ապրում են խորը, երկարատեւ դեպրեսիայի մեջ։ Նրանք չափազանց զգայուն են դարձել, հեշտ են ենթարկվում տարբեր մանիպուլյացիաների, արագ հավատում են ամեն «փրկչի» կամ ինքնահռչակ առաջնորդների։ Շատերն ապրում են հույսով, որ ինչ-որ մեկը պիտի գա ու փրկի իրենց։

Միաժամանակ, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են օտար երկրներից, այս իրավիճակից օգտվում են։ «Օգնության» անվան տակ հավաքագրում են արցախցիներին՝ իրենց ծրագրերի, քաղաքական կամ քարոզչական նպատակների համար։ Որոշները պարզապես շահարկում են այդ մարդկանց ցավը՝ բարեգործի կերպարի ներքո սեփական անունը գովազդելով։ Բայց հիմա անհրաժեշտ է ոչ թե խղճահարությամբ վերաբերվել արցախցիներին, այլ սատարել նրանց ինքնությանը։ Պետք է օգնել, որ նրանք կրկին դառնան հասարակական եւ քաղաքական կյանքի գործոն։ Նրանցից էլ շատ բան է կախված, սակայն ներկայում ես նրանց կողմից որեւէ իրական ակտիվություն չեմ տեսնում։ Վերջերս Արցախի պետական նախարարն ասուլիս հրավիրեց։ Դա փոքր, բայց կարեւոր քայլ է։ Հուսով եմ՝ նման քայլերը շարունակական բնույթ կունենան։

Արցախցիներին քննադատել չի կարելի։ Նրանք վերապրել են այն, ինչից մարդիկ հազվադեպ են ողջ դուրս գալիս։ Պետք է նրանց վերաբերվել այնպես, ինչպես սեփական զավակին՝ հոգատարությամբ, համբերությամբ եւ սիրով։ Արցախցիները պետք է զգան, որ Հայաստանում իրենք փոքրամասնություն չեն, այլ հասարակության լիիրավ անդամներ են։ Պետք է կանգնեցնել նիկոլյան քարոզիչների եւ տարբեր անգրագետ, ինքնահռչակ «մեկնաբանների» հոսքը, որոնք անպատասխանատու խոսքերով միայն ավելի են խորացնում մարդկանց հոգեկան վիհը։

Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի, որ նրանք  հավատան՝ իրենք մենակ չեն։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031