Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն սահմանափակվում միայն գաղափարական հարձակումներով, այլ անցնում են բացահայտ ճնշումների նրանց լռեցնելու նպատակով, ինչի վկայությունն են վերջին շրջանում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդման դեպքերը։
Հոգևորականների նկատմամբ հարուցվող գործերի մեծ մասը (եթե ոչ բոլորը) հիմնված է բացառապես քաղաքական մոտիվացիաների վրա, իսկ իրավական գործընթացները իշխանությունների կողմից ուղեկցվում են հանրային հիստերիայով, իշխանական տեղեկատվական հարթակներով կազմակերպվող արշավներով, որոնց նպատակը ոչ միայն տվյալ անձին, այլև ամբողջ հոգևորականությանն ու ընդհանրապես Եկեղեցուն հեղինակազրկելն է։
Ու հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը չի հարձակվում Եկեղեցու վրա, և Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները Եկեղեցին չեն։ Սա ավելին է, քան ցինիզմը: Նախ՝ նույնիսկ իր այս հերքման ներքո փաստացի Փաշինյանը ինքնախոստովանություն է անում, որ եկեղեցականների նկատմամբ հետապնդումներն իրականացվում են անձամբ իր թելադրանքով։ Այսինքն, ինքը պատերազմում է հոգևորականների դեմ, այլ ոչ թե Եկեղեցու: Բայց ամենազվարճալին այն է, որ Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է։ Սա ուղղակի աբսուրդի ժանրից է։
Ճիշտ այնպես, ինչպես աբսուրդային է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն նույնացնում է, ընդհանրապես, պետության կամ պետականության հետ։ Դրա համար էլ, երբ քննադատություններ են հնչում կամ քայլեր են ձեռնարկվում կապված իշխանությունների կողմից տարվող ապիկար քաղաքականության դեմ, որի արդյունքում զոհասեղանին են դրվում հայ ժողովրդի անօտարելի իրավունքները և արտաքին ուժերին կատարվում անասելի զիջումներ, ապա իսկույն քպականները, Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են աղմուկ բարձրացնել, թե տարբեր «հակապետական» ուժեր են գործում պետության դեմ։ Այնինչ, Փաշինյանն էլ, իր թիմն էլ ընդամենը ժամանակավոր կառավարիչներ են, որոնք պետականության ու ինքնիշխանության գաղափարների ներքո միայն սեփական աթոռը պահելու հարց են լուծում, նրանց շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ կլինի պետության հետ։ Իսկ եթե այլ կերպ մտածած լինեին, ապա շատ վաղուց ինքնակամ հեռացած կլինեին ու դրանով իսկ առնվազն թույլ չէին տա, որ թշնամական ու, ընդհանրապես, արտաքին այլ ուժերը «ղումար խաղային» մեր երկրի ճակատագրի վրա։
Կարդացեք նաև
Իսկ Եկեղեցին առավել քան կապ ունի պետության և պետականության հետ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետության բացակայության պայմաններում այն իր վրա է վերցրել պետականության գործառույթները և դարերի ընթացքում ստեղծել անհրաժեշտ հիմք պետականության վերականգնման համար։ Ու հիմա էլ Եկեղեցին իր ձայնն է բարձրացնում, երբ տեսնում է պետականությանը և հայ ժողովրդի կենսական շահերին սպառնացող վտանգը։ Իսկ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իրականացվող հարձակումները, կալանավորումները և վարկաբեկման փորձերը լուրջ սպառնալիք են ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, ազգային ինքնության և պետականության շարունակականության համար։ Այնպես որ, հոգևորականների դեմ փաշինյանական արշավը միանշանակ հարձակում ու պատերազմ է՝ հայտարարված թե՛ Եկեղեցուն, թե՛ պետությանն ու պետականությանն ընդհանրապես։ Ու ոչ միայն այս արշավը…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում