Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ Հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա․ «Փաստ»

Հոկտեմբեր 18,2025 11:13

Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվում, մինչդեռ քաղաքացիներն ահազանգում են անասելի չափերի հասնող գնաճի մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գնաճը, որպես տնտեսական երևույթ, նորմալ, անխուսափելի երևույթ է։ «Խնդիրը գնաճի կարգավորման, չափի և նաև դրա բաշխվածության մասով է։ Երբ Հայաստանում գնահատում ենք գնաճը, հաշվարկում ենք 425 ապրանքի միջին գների աճը։ Մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են ամսվա ընթացքում օգտվել այդ ցանկի, ենթադրենք, 30 կամ 40 ապրանքից։ Գնաճի իրենց պատկերացումները կազմում են այդ ապրանքների գների աճով, և շատ հաճախ, երբ պաշտոնական թիվ է հայտարարվում, որ, օրինակ՝ սեպտեմբերին գնաճը կազմում է ընդամենը 3,7 տոկոս, քաղաքացիներից շատերը բողոքում են և չեն համաձայնում, քանի որ իրենց գնած ապրանքների գները միջինում ավելի շատ են աճել։ Խնդիրը գնաճի բաշխվածությունն է։ Իսկ դա, ցավոք, Հայաստանում այս տարվա ընթացքում բավականին մտահոգիչ է։ Այդ գնաճը հիմնականում ապահովել է սնունդը, մասնավորապես 5,2 տոկոս է կազմել սննդի գնաճը։ Գնաճ ունենք տարբեր ոլորտներում, օրինակ՝ կրթություն՝ 8,2, տրանսպորտ՝ մոտ 7, միրգ՝ 12, բանջարեղեն, մասնավորաբար՝ վարունգ, լոլիկ՝ 20, նույնիսկ 50, լոբի՝ 15 տոկոս։ Տեղում արտադրված որոշ մրգեր անցած տարվա համեմատ թանկացել են նույնիսկ մոտ 20 տոկոսով, այդ թվում՝ խաղողը, չնայած խաղողի արտադրության ծավալները ավելացել են Հայաստանում։ Մարդիկ այս ապրանքներից ու ծառայություններից ամեն օր են օգտվում, և թանկացումը միանգամից զգում են։ Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, իսկ սնունդը թանկացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։ Ընդգծում է՝ այս իրավիճակում մարդիկ միանգամից զգում են իրենց կենսամակարդակի էական վատթարացում և դժգոհում ապրանքների գնաճից։

Գնաճի պատճառներն, ըստ տնտեսագետի, հիմնականում ներքին են։ «Գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատումներ ունենք առանձին ուղղություններով՝ հաշվի առնելով վերջին տարիների բացասական միտումները գյուղատնտեսության ոլորտում։ Երկրորդ կարևոր գործոնը հարկային քաղաքականությունն է։ Հունվարի 1-ից պետությունը կրկնակի ավելացրեց շրջանառության հարկը, այն հինգից դարձել է տասը տոկոս։ Նույնիսկ գյուղմթերք և առանձին այլ մթերքներ վաճառողների պարագայում տեղի ունեցավ բավականին էական գնաճ, այսինքն՝ այդ հարկային բեռը դրվեց սպառողի վրա։ Սա իր ազդեցությունը թողեց մեր գնաճային ընդհանուր ֆոնի վրա։ Կարծում եմ՝ գնաճն այս տարվա ընթացքում կպահպանվի պաշտոնական թվերի՝ երեք-չորս տոկոսի շրջանակում, որը նախանշված գնաճի մակարդակի չափ է։ Այս տարի նախատեսել են երեք տոկոս՝ գումարած-հանած մեկ տոկոս։ Բայց նշենք այն, որ կառավարությանը ձեռնտու է գնաճը։ Բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր է հավաքագրում։ Սովորաբար տարեվերջին ունենում ենք որոշակի գնաճ, գնաճի արագացում, որը նրանց թույլ է տալիս լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել, մաքսատուրքերը լրացուցիչ ավելացնել և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031