Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել երրորդ (ոչ ԵԱՏՄ երկրներից) ներկրվող շարժիչային վառելիքի (բենզին, դիզվառելիք) մաքսատուրքերը։
ԵԱՏՄ գործող կարգավորումներով շարժիչային վառելիքի համար ներկրման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է 5%։
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել «շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում»։
Կարդացեք նաև
Նշենք, որ 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակմամբ պայմանավորված ռուսաստանյան շուկայում նկատվում է վառելիքի դեֆիցիտ․ ուկրաինական զինված ուժերը արդյունավետորեն խոցում են ՌԴ տարածքում՝ ընդհուպ մինչև խորը թիկունքում գտնվող վառելիքի պահեստներն ու մշակման գործարանները, ինչի հետևանքով խաթարվում է երկրում վառելիքի արտադրության, ներքին շուկա ու ԵԱՏՄ երկրներ մատակարարման շղթան։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականից մինչև 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսները ՀՀ ներկրվող շարժիչային վառելիքի շուկայի փոփոխությունները, ներկրման երկրները, ծավալները։
ՀՀ-ն սկսել է ավելի շատ ներկրել 3-րդ երկրներից, ավելի քիչ՝ ԵԱՏՄ-ից
Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 2020 թվականին ներկրվել է ընդհանուր առմամբ 423,729 տոննա բենզին ու դիզելային վառելիք, որից 321,553 տոննան՝ ԵԱՏՄ տարածքից, 102,176 տոննան՝ երրորդ երկրներից։
2021 թվականին ընդհանուր առմամբ ներկրվել է 423,121 տոննա բենզին ու դիզելային վառելիք, որից 342,829-ը՝ ԵԱՏՄ-ից, իսկ 80,383 տոննան՝ երրորդ երկրներից։ 2022 թվականին ներկրվել է 408,534 տոննա վառելիք, որից 390,392-ը՝ ԵԱՏՄ-ից, 18,142-ը՝ երրորդ երկրներից։
2023 թվականին ներկրված վառելիքից երրորդ երկրներին է բաժին ընկել 32,309 տոննան, ԵԱՏՄ-ին՝ 362,647։ 2024 թվականին՝ համապատասխանաբար 69,497 տոննան և 295,791 տոննան, իսկ 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ՝ 119,294 տոննան և 161,669 տոննան։
Փաստացի, ԵԱՏՄ տարածքից շարժիչային վառելիքի վերոհիշյալ տեսակների ներկրման ծավալը 2022 թվականից ի վեր տարեցտարի նվազել է, մինչդեռ երրորդ երկրներից ներկրված վառելիքի ծավալն աճել է։
Սա ցույց է տալիս, որ Հայաստանի վառելիքի ներմուծման ուղղությունը զգալիորեն փոփոխվել է դեպի երրորդ երկրներ՝ հատկապես 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»