Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Նախկին փոխոստիկանապետ․ Պետք է դիմանալ եւ կարողանալ սեփական իրավունքները պաշտպանել` ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաեւ՝ Եվրոպական կոնվենցիայի համաձայն․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2025 11:55

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվեց 2 ամսով։ Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը բացահայտ ռեպրեսիվ ապարատի է վերածվել, եւ բանտերը լցրել են քաղաքական այլախոհներով, հոգեւորականներով, փաստաբաններով: Ընդ որում, 7 տարի է՝ երկրում համաներում չի հայտարարվել, եւ 30 տարվա ընթացքում երբեք Հայաստանում այսքան կալանավոր չի եղել: Նախկինում լիբերալ արժեքներ դավանող խմբագիրը բռնապետի է վերածվել: «Հրապարակը» զրուցել է նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ:

– Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին խոսքի համար կալանավորեցին, ինչն աննախադեպ երեւույթ է մեր իրականության մեջ: Ի՞նչ եք կարծում` Կոչուբաեւի գրառումը, որի համար նրան 2 ամսով կալանավորեցին, հանցակազմ պարունակո՞ւմ է:

– Անկեղծ ասած` չգիտեմ, թե ովքեր են այս ամենից զարմանում, ես ինքս չեմ զարմանում ընդհանրապես, որովհետեւ խոսում ենք արդեն մի շատ տարածված երեւույթի մասին, սակայն ես կասեմ, որ սա ուղղակի խայտառակություն է: Խայտառակություն՝ նախ քրեաիրավական առումով, որովհետեւ Ալեքսանդր Կոչուբաեւի գրառումը եւ նրան մեղսագրվող արարքն իրար հետ ոչ մի աղերս չունեն: Եթե գրառման մեջ քննիչների, դատավորների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չեն հրապարակվել, այնպիսի տեղեկություններ, որոնց միջոցով քննիչը, դատավորը կարող են նույնականացվել, եթե նրանց մասնավոր կյանքի մասին ոչինչ չի ասվել, որը կարող էր առաջացնել ամոթի, պարսավանքի զգացում, նշանակում է, որ այդ գրառումը պարզապես դատողություն է, որը վերաբերում է պետական ապարատի մի հատվածին, իսկ ապարատը չի կարող վիրավորանքի զգացում ունենալ: Կամ, ասենք, քննչական ապարատը չի կարող մասնավոր կյանքի գաղտնիություն ունենալ: Այնպես որ, այս կարգի մեղադրանքներից զարմանալ պետք չէ: Պետք է դիմանալ եւ կարողանալ սեփական իրավունքները պաշտպանել` ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաեւ՝ Եվրոպական կոնվենցիայի համաձայն:

Սա քրեական հետապնդում չէ, գործ ունենք պատժիչ միջոցառման հետ: Ակամայից հիշեցի, թե Փարաքարում տեղի ունեցած դեպքերից հետո իրավապահներն ինչպիսի քնքշությամբ էին ուղեկցում ենթադրյալ իրավախախտներին: Ես, իհարկե, նման ուղեկցումների կողմնակից եմ եւ չեմ պնդում, որ ճիշտն ուժի կիրառումն է, սակայն եկեք համեմատենք Փարաքարի դեպքը եւ փաստաբան Կոչուբաեւի գրառումը: Միայն այս դրվագն արդեն շատ բաների մասին է խոսում: Փաստաբանական համայնքն այլեւս վտանգված է: Քրեական գործերով պաշտպանություններ իրականացնելն այլեւս վտանգավոր գործունեության տեսակ է համարվում մեզանում, հատկապես, եթե խոսքը քաղաքական երանգ ունեցող գործերի մասին է:

– Երբ իրավապահ համակարգը ռեպրեսիվ գործիքի է վերածվում, դա ի՞նչ վտանգներ է պարունակում:

– Կորում է պետության նկատմամբ հավատը` բացի այն, որ մարդիկ զրկանքների են ենթարկվում, ընտանիքներ են կործանվում ու խորտակվում: Հասարակությունը սկսում է ֆորմալ մեխանիզմներին չհավատալ: Սա բերում է կոռուպցիայի կատարելագործման, հանցածին վարքագծի ավելացման: Պետության նկատմամբ հավատի պակասն ուժեղացնում է քաոսը, վենդետան, հասարակական բախումները, արդյունքում մեծանում են բռնության դեպքերի թվերը, կոնֆլիկտների լուծման էֆեկտիվ ձեւը դառնում է բռնությունը….

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031