Քաղաքային աղմուկի ու փոշու մեջ, երբ երկինքը հաճախ փակում են բետոնե շենքերը, կան մարդիկ, որոնք կարողանում են հողի հետ «լեզու գտնել»` վերադարձնել նրա շունչը։ Նրանցից մեկն է նկարիչ-արվեստաբան Ալիկ Ասատրյանը, որն առանձին սեր ունի բնության, կենդանիների, բուսականության նկատմամբ: Ուր էլ լինի՝ տանը, թե դրսում, նա բարի սերմնացան է: Մարդ, որի գեղարվեստական աշխարհայացքը չի սահմանափակվում կտավով։ Նա նկարում է նաև հողի վրա՝ ծաղիկներով, խոտով, բույսերով։ Նրա համար այգեգործությունը պարզապես հոբբի չէ, այլ՝ արվեստի շարունակություն։
Նրա սիրո ամենաբնական շարունակությունը դարձավ մի փոքրիկ այգի՝ քաղաքային տարածքի մոռացված մի անկյունում։ Ասենք՝ այդպիսի «անօրինական» այգի նա մի քանիսն ուներ․ այգին նա վերածել էր մի վայրի, որտեղ ամեն ինչ առկա էր՝ թռչուններից մինչև անցորդների ժպիտները։ Այստեղ ամեն ինչ ուներ իր պատմությունը. ռեհանը՝ ամառվա բույրից, ուրցը՝ լեռների հնչյուններից, նանան՝ մանկության հիշողությունից։ Մարդիկ կանգ էին առնում՝ հիանալու այդ կանաչ անկյունով, որտեղ կյանքն իր իսկական պարզությամբ շնչում էր։ Ու դա գիտեք ինչու, որովհետև Ալիկը հավատում է, որ բույսը նույնքան կենդանի է, որքան նկարը, և որ հողը նույնպես ունի գունային համադրություն, լույս ու ստվեր։ Այս համոզմամբ էլ նա չորս տարի առաջ ստեղծեց իր փոքրիկ այգին, որն «անօրինական» էր՝ չգրանցված, չթույլատրված, բայց անչափ ազնիվ և խնամքով մշակված։
Չորս տարի այգին շնչում էր քաղաքի սրտում ու պատկերացրեք՝ մի օր գալիս են քաղաքապետարանից, թե պետք է քանդենք, սա էլ որոշումը…
Պատճառը՝ ճարտարապետական վերակազմավորում։
Շատերի համար դա կլիներ վերջը, բայց Ալիկի համար հանդիսացավ նոր սկիզբ։ Նա իր ֆեյսբուքյան էջում ընկերներին գրեց. «Չարանալու ձևը չգիտեմ։ Ինձ ոչ ոք թույլ չէր տվել այդտեղ այգի գցել։ Այգին անօրինական էր։ Միայն բույսերն էին մեղքս գալիս։ Բայց դե՝ այդքան էր նրանց կյանքը…»։
Կարդացեք նաև
Նա հավաքեց խակ պոմիդորները, տուն տարավ` թթու դնելու։ Գիտեր՝ սերմը չի մեռնում, պարզապես սպասում է նոր հողի։
Մի քանի օր անց զանգեցին քաղաքապետարանից։ Նրան հրավիրեցին հանդիպման՝ առանց մանրամասների։ Ալիկը կատակեց. «Կարո՞ղ է ինձ այդ թաղամասի այգեպան են նշանակում։ Դե տեսնում են՝ ինչպես եմ խնամում բույսերին»։
Եվ հենց այդպես էլ եղավ։ Քաղաքապետարանի աշխատակիցը՝ ժպտերես հոլանդացի երիտասարդ, սեղանին դրեց մի ծրար։ Ալիկը մտածեց՝ «Սերմեր են, երևի, բայց ինչո՞ւ այդքան տափակ»։
Սակայն ծրարում պայմանագիրն էր։
«Մենք նկատել ենք, թե ինչ սիրով ես խնամել քո այգին։ Քաղաքապետարանը որոշել է քեզ նշանակել այդ տարածքի այգեպանը՝ կամավոր հիմունքներով։ Այստեղ պայմանագիրն է։ Եթե համաձայն ես՝ ստորագրիր»,– ասաց նա։
Ալիկը հուզվեց։ «Ուզում էի տեղիցս վեր թռնել ու այդ մարդու ճակատը պաչել ուրախությունից, բայց ինձ զսպեցի»,– հիշում է նա ժպիտով։
Նա ստորագրեց։ Այսպիսով՝ քանդված այգին նոր ձև ստացած վերածվեց օրինական հողակտորի, որի այգեպանը լինելու էր Ալիկ Ասատրյանը։ Հեռու չէ օրը, որ նորից սերմանվեն ռեհանը, ուրցն ու նանան, թարխունն ու այլ բանջարատեսակներ ու նորից բուրի շրջապատը: Հողը, կարծես, ինքն էլ էր սպասում դրան։
Այս պատմությունը պարզապես մի այգու պատմություն չէ։ Սա արվեստի և բնության միաձուլման, համբերության ու հավատքի դաս է։ Ալիկը չի դադարել հավատալ, որ մարդը կարող է գեղեցկություն ստեղծել այնտեղ, որտեղ թվում է՝ ոչինչ չի աճի։ «Գրպաններումս միշտ սերմեր ունեմ։ Որտեղ անտեր հող եմ տեսնում՝ տնկում եմ»,– ասում է նա։ Այսօր նրա նոր այգին օրինական է, ու հավատում ենք, որ այն դառնալու է մի վայր, որտեղ անցորդները կանգ կառնեն՝ հոտոտելու ռեհանի բույրը, տեսնելու մեղուների պարը և հասկանալու՝ ինչ է նշանակում սիրել բնությունը։
Ալիկը մեջբերել է լոռեցու կարծես թևավոր խոսքը` «Ա տեհաք, ինչ եղավվ…»։ Մենք էլ մեր հերթին երկու խոսք ունենք նրա մասին ավելացնելու․ «Ալիկ Ասատրյան. այգեպան նկարիչ, ով իր սիրով վերածեց հողը արվեստի»։ Նա մեզ հիշեցնում է, որ իսկական ստեղծագործողին հնարավոր չէ կանգնեցնել։ Եթե հողը վերցնես, այն կծլարձակի իր հոգում։ Եթե այգին քանդես, նա այն կստեղծի ուրիշ անկյունում։
Նա այն մարդն է, ով հողին տալիս է գույն, բույսին՝ շունչ, իսկ քաղաքին՝ սեր։ Իսկ գուցե հենց դա է ամենաբարձր կոչումը, որ կարող է ունենալ արվեստագետը՝ մարդ, ով գեղեցկություն է ցանում ամեն տեղ, որտեղ ոտք է դնում։ Այս պատմությունը ոչ միայն բնության, այլև հոգու այգեգործության մասին է։ Այն հավատքի, համբերության և մարդկային պարզ բարիության մասին է։ Ալիկ Ասատրյանը սովորեցնում է մեզ, որ բնությունը պատկանում է նրանց, ովքեր այն սիրում են։ Իսկ սերը երբեք անօրինական չէ։
Ալիկ Ասատրյանը դարձել է «բնության դեսպան»՝ առանց պաշտոնական կոչումների։ Եվ մնում է հարց տալ․ Ինչպե՞ս նրան չշնորհել «Այգեպան նկարիչ» պատվավոր կոչում։ Նա իսկապես գեղարվեստի այգեպան է, ով հողի վրա ստեղծում է բնության պատկերներ, իսկ կտավի վրա՝ հոգու այգիներ։
Նրա համար այգեգործությունը պարզապես հոբբի չէ, այլ՝ արվեստի շարունակություն։
Ալիկ Ասատրյանի մասին
Ալիկ Ասատրյանը Նիդերլանդներում բնակվող նկարիչ-արվեստաբան է, ում ստեղծագործական գործունեությունը միահյուսված է բնությանը։ Նրա աշխատանքները համատեղում են գեղարվեստական և բնապահպանական մտածողությունը։ Բույսերի և հողի հանդեպ ունեցած սերը դարձել է նրա կյանքի փիլիսոփայությունը։ Ալիկը հաճախ ասում է․ «Բույսը ամենաթանկ նվերն է, որը մարդն կարող է ստանալ բնությունից։ Ես պարզապես խնամում եմ այդ նվերը»։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»