Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Մարիխուանայի հետապնդող բույրն ու Հոլիվուդում ուս ուսի տված «ուռռող» հայ ամուսինները

Հոկտեմբեր 18,2025 15:28

«Թմրամիջոց օգտագործո՞ւմ եք»,-հարցրեց բուժաշխատողը, երբ լրացնում էր առողջությանս վերաբերյալ հարցաթերթիկը։ «Դե կանեփ էլի»,-տեսնելով զարմացած հայացքս՝ պարզաբանեց ազգությամբ հայ բուժքույրը։

Նոր-նոր Միացյալ նահանգներ տեղափոխվածիս համար բավականին անսովոր էր ամենուր շնչել մարիխուանայի բույրն ու բացեիբաց տեսնել այն օգտագործողներին։ Հաջորդ «շոկս» Հոլիվուդի իրենց տան բակում նստած երիտասարդ հայ ամուսիններն էին, որոնք, այսպես ասած, միասին «ուռռում» էին իրենց 4-5 տարեկան երեխայի ներկայությամբ, որն այդ պահին խաղում էր մի փոքր այն կողմ։ Կանեփի բույրը տարածվել էր բակով մեկ՝ ակամայից բարձր տրամադրություն պարգեւելով նաեւ հարեւաններին։

«Հա, կինն էլ ա ուռռում, տենց զարմացած մի նայի»,-Հայաստանից նոր եկածիս «լուսավորեց» ամուսիններին դրկից հարեւանը, որին հյուրընկալվել էինք։
Այստեղ մարիխուանայի բույրն ամենուր է՝ փողոցներում, վերելակում, բնակարաններում, խանութներում, լողափում, ռեստորաններում, հանրային ավտոբուսներում ու մետրոյում։

ԱՄՆ-ում էլ եվրոպական շատ երկրների պես մարիխուանայի համեմատությամբ ծխախոտը բավականին թանկ արժե եւ այստեղ բնակվող հայերի համար՝ հատկապես ծխող տղամարդկանց-կանանց լավագույն նվերը Հայաստանից ոչ թե սուջուխ-բաստուրման է, կամ հայկական կոնյակը, այլ՝ ծխախոտը, որոնք խնդրում են Հայաստանից բերել։ Եվ քանի որ ծխախոտը թանկ արժե, մեր հայրենակիցներից շատերն էլ ծխախոտից սահուն անցում են կատարում «խոտի»։  Ձեռքի հետ էլ սթրեսն են թոթափում, որն ունենում է ԱՄՆ նոր տեղափոխված գրեթե յուրաքանչյուր ոք։

Ամերիկայի այս նահանգում՝ Կալիֆոռնիայում, կանեփի՝ ամերիկացիների լեզվով ասած՝ քենըբիսի (cannabis) աճեցումը, օգտագործումն ապաքրեականացնելուց հետո այս թմրամիջոցն ավելի մատչելի է ու հասանելի: Յուրաքանչյուր 21 տարին լրացած քաղաքացի կարող է գնել, պահել, աճեցնել, ծխել՝ իհարկե որոշակի սահմանափակումներով։

Համեմատության համար նշենք, որ մարիխուանայի մեկ գրամը 3-4 դոլար է (մոտ 1500 դրամ), մեկ տուփ ծխախոտի գինը՝ 14-15 դոլար (մոտ 5600 դրամ)։ Ակտիվ ծխողները կանեփի մեկ գրամը մի ամբողջ օր ծխում են, իսկ ծխախոտի պարագայում նույն ակտիվությամբ ծխողները պետք է առնվազն երկու-երեք տուփ ծխախոտ օգտագործեն, ինչն ԱՄՆ-ի պարագայում ընտանեկան բյուջեին զգալի հարված է։

Այստեղ կանեփ ծխում են աղջիկ-տղա դեռահասները, չնայած որ օրենքը 21+ տարիքից սկսած է թույլատրում, մեծահասակները, անգամ ծեր մարդիկ ու հղի կանայք։ Ճիշտ է, ինչպես ծխախոտի, այնպես էլ մարիխուանայի դեպքում կան սահմանափակումներ, որոնց պետք է հետեւեն օգտագործողները, սակայն ապաքրեականացվելուց հետո ոստիկանությունն առանձնապես ջանքեր չի գործադրում քենըբիսի օգտագործումն ամբողջովին վերահսկելու համար։

Ըստ օրենքի, անօրինական է ծխել, գոլորշիացնել կամ օգտագործել կանեփ օրինակ՝ դպրոցի, մանկապարտեզի կամ երիտասարդական կենտրոնի 1000 ֆուտի (մոտ 305 մետր) շառավղում, երբ այնտեղ երեխաներ կան։ Արգելվում է օգտագործել զբոսայգիներում, մայթերին, ռեստորաններում կամ բարերում։ Հասարակական տրանսպորտում նույնպես չի թույլատրվում։ Սակայն արգելված վայրերից ամենաշատը հենց մետրոյում են օգտագործում․ հա՛մ ոստիկանների աչքից հեռու է, իսկ նկատելու դեպքում էլ օրենքի պահապանները չտեսնելու են տալիս, հա՛մ էլ կարող են հարմար տեղավորվել ու երկար վայելել հաճույքը։
Այդ պատճառով էլ մետրոյից կանոնավոր օգտվողների մեծ մասն ամառ-ձմեռ դիմակ է կրում։

Կանեփի ազդեցության տակ մեքենա վարելը նույնպես անօրինական է, բայց այս օրենքն էլ շատ հաճախ շրջանցվում է։
Փոխարենը թույլատրվում է մարիխուանա օգտագործել մասնավոր սեփականության տարածքում, եթե սեփականատերը թույլ է տալիս, օրինակ՝ տանը։ Հանգստի եւ զվարճանքի համար նախատեսված որոշ տարածքներում՝ պուրակներում, լողափերում, ժամանցային գոտիներում, որտեղ տեղի են ունենում սպորտային խաղեր։

Նկատենք, որ չնայած մարիխուանան օրինական է Կալիֆոռնիայի նահանգային օրենքով, բայց այն մնում է անօրինական ԱՄՆ դաշնային օրենքով։ Ինչը նշանակում է, որ մարդիկ չեն կարող այն պահել կամ օգտագործել դաշնային հողատարածքներում, ասենք՝ ազգային պարկերում։

Կալիֆոռնիայում անձնական օգտագործման համար մարիխուանան օրինականացվեց 2016-ին։ Ավելի վաղ՝ 1996 թվականին այս թմրամիջոցի օգտագործումն օրինականացվել էր բժշկական նպատակներով։

Այսօր արդեն Կալիֆոռնիայում մարիխուանայի օրինականացման հետեւանքները ուսումնասիրող հետազոտողները ներկայացնում են օրինականացման ազդեցությունը։ Նրանք ահազանգում են հանրային առողջության վրա այս թմրամիջոցի բացասական ազդեցությունների մասին։ Ինչպես տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, այս հետազոտողները հիմնականում օգտագործել են նահանգային առողջապահական եւ քրեական արդարադատության տվյալները, հիվանդանոցային գրառումներն ու մեծածավալ հարցումները։

«Կալիֆոռնիայի համալսարաններ»-ը (UC System), «UC San Diego (UCSD) –Center for Medicinal Cannabis Research»-ը (CMCR), «Herbert Wertheim School of Public Health»-ը, Howard Padwa, Darren Urada եւ այլք ուսումնասիրել են Կալիֆոռնիայի բնակիչների կողմից կանեփի օգտագործման ձեւերը, ռիսկերն ու գիտելիքները։ Հաճախակի օգտագործման եւ կախվածության բուժման դինամիկան եւ այլն։ Նրանք բացահայտել են, որ մարիխուանայի օրինականացումից հետո կտրուկ աճել են սուր ինտոքսիկացիայով, փսիխոզով, սրտի խնդիրներով, կանեփային հիպերէմեզիսի համախտանիշով՝ ծանր փսխումով, շտապ օգնության բաժանմունքներ կատարվող այցելություններն ու հոսպիտալացումները։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ այն տարածքներում, որտեղ կան կանեփի օրինական մանրածախ խանութներ, աճել է հղիության ընթացքում մարիխուանա օգտագործելու դեպքերը, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել թե՛ մոր եւ թե՛ երեխայի վրա։

Որոշ ուսումնասիրություններ էլ ցույց են տվել, որ մահացու ելքով ավտովթարներում ներգրավված վարորդները եղել են մարիխուանայի ազդեցության տակ կամ նրանց մոտ հայտնաբերվել է այդ թմրամիջոցը։ Ըստ հետազոտողների, մարիխուանայի օգտագործումը երկու անգամ ավելի է մեծացնում վթարի հավանականությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031