Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր մեղադրանքներով հիմնավոր կասկածը չի ապացուցվել»․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Հոկտեմբեր 18,2025 18:05

«Այն, որ այս քրեական վարույթն ի վերջո կարճվելու, մոռացվելու է, այդտեղ երկրորդ կարծիք չկա»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նրա մեղադրանքին։ 

Լրագրողների դիտարկմանը՝ մեղադրանքում մի քանի կետեր են ավելացվել, փաստաբանն այսպես արձագանքեց․ «Ի վերջո դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը երեք դրվագներից միայն մեկով է հաստատվել։ Դա հայտնի հարցազրույցի քրեական վարույթն է, որտեղ պարզապես հնչել է՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Դա ո՞նց կարող է ի վերջո քրեական վարույթի հարց լինել։ Նոր մեղադրանքներից ոչ մեկով հիմնավոր կասկածը չի ապացուցվել։ Չնայած դրան տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների ամբողջ խումբը ընդհանրապես հիմնավոր կասկածի ապացուցման շեմը չէր հաղթահարել։ 50-ից ավել քննիչներ ներգրավված են Սամվել Կարապետյանի քրեական վարույթում։ Իրենք գալիս են դատարան՝ խնդրելով ժամանակ, որ լրացուցիչ գործողություններ կատարեն։ Սա աբսուրս է։ Մենք չենք հասկանում։ Սամվելի Կարապետյանի վերաբերյալ որևէ գործողություն չի կատարվել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Ես ևս մասնակցել եմ Ալեքսանդր Կոչուբաևի կալանքի միջնորդության քննությանը։ Կարող եմ հրապարակել այն, ինչ ասել եմ այդ դատական նիստին։ Իր կողմից կատարված գրառումն ինձ համար ընդունելի չէ։ Ես բառամթերքի օգտագործման մեջ ընտրությունը խիստ եմ կատարում։ Հակված եմ նրան, որ մեր հասարակության մեջ առավելագույնս պետք է զերծ մնանք նման արտահայտություններից․ առաջին հերթին սա վերաբերում է իշխանությանը։ Պայմանական պանդորայի արկղը իրենք են բացել։ Արդյոք Կոչուբաևի արտահայտությունների մեջ կա՞ր որևէ հանցանքի հատված, ոչ։ Արդյոք կա՞ր անընդունելի բան՝ ինձ համար՝ այո։ Բայց դա ի՞նչ կապ ունի քրեական վարույթի, կալանքի հետ։ Ցավոք, կալանքը մեզ մոտ ֆետիշացման է վերածվել։ Մասիս Մելքոնյանի մոտ արդարադատություն ակնկալելն անգամ ամենառոմանտիկ մարդու դեպքում չի ստացվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031