Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, դատապարտել Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։ Հայտարարությունը ստորև.
«Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում Հայաստանում քրեական արդարադատության գործիքակազմի ընտրովի, պատժիչ նպատակով, անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման դրսևորումները, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներով։
Հատկապես մտահոգիչ են խոսքի ազատության իրավունքի սահմանափակման նպատակով քրեաիրավական գործիքակազմի քաղաքական նպատակահարմարությամբ կիրառման դեպքերը, այդ թվում՝ անձանց նկատմամբ կալանավորման կիրառմամբ։
Թեև ըստ միջազգային իրավական չափանիշների՝ խոսքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների, այդ միջոցները պետք է լինեն օրինական, իրավաչափ և համաչափ՝ Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ։ Ժողովրդավարական հասարակությունում խոսքը, թեկուզ՝ սուր, վիրավորական կամ այլ կերպ ոչ իրավաչափ խոսքը սահմանափակելը և դրա համար պատժելը քրեաիրավական գործիքակազմի կիրառմամբ չի կարող համարվել իրավաչափ և համաչափ, այլ կրում է պատժիչ բնույթ և հասարակական լայն շրջանակներին ուղղված կոնկրետ ազդակ՝ լռեցնելու հակադիր, քննադատական և անցանկալի խոսքը։
Կարդացեք նաև
2025թ․ հոկտեմբերի 16-ին տեղեկություններ տարածվեցին, որ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և նրան մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով։ Նույն սոցիալական հարթակում տարածված տեսանյութում երևում էր, որ փաստաբանի ձերբակալումն ուղեկցվել է նրա նկատմամբ անհարկի ուժի գործադրմամբ և նրան գետնին տապալելով՝ նվաստացնելով նրա արժանապատվությունը և ենթադրաբար պատժելով գրառման համար։ Ավելին, փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկու ամիս տևողությամբ կալանքը։ Համացանցային, նույնիսկ՝ վիրավորական խոսք պարունակող գրառման համար քրեական արդարադատության գործիքակազմի և ամենախիստ խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ և անհամաչափ միջամտություն է անձի իրավունքներին։
ՀՀ-ում վիրավորական խոսքի սահմանափակման փորձ քրեաիրավական գործիքակազմի կիրառման միջոցով նախկինում ևս արձանագրվել է։ Հիշեցնենք, որ ներկայիս ՀՀ իշխանությունները տարիներ առաջ քրեականացրել էին վիրավորանքը, որի համար արժանացան բազմաթիվ քննադատությունների և՛ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների, և՛ միջազգային կազմակերպությունների կողմից, որի արդյունքում ապաքրեականացվեց վիրավորանքը՝ միջազգային իրավունքին համահունչ։ Վիրավորանքի ապաքրեականացման պայմաններում էլ արձանագրում ենք դեպքեր, երբ վիրավորական խոսքի համար փորձ է կատարվում օգտագործել Քրեական օրենսգրքի այլ՝ արարքին ոչ համարժեք հոդվածներ։
Պետությունը պարտավոր է սահմանափակել բռնության կոչերը կամ ատելություն հրահրող խոսքը: Այնուամենայնիվ, բռնության կոչեր պարունակող խոսքը կարող է սահմանափակվել քրեաիրավական գործիքակազմով, եթե հիմնավորվում է բռնություն կիրառելու իրական վտանգը, իսկ նման դեպքում միջամտության միջոցը և պատիժը պետք է լինեն համաչափ։ Անհամաչափ ընտրված պատիժը նշված միջամտությունը դարձնում է կամայական։
Նման դրսևորումներից է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, կալանավորումն ու ազատազրկման ձևով պատժի դատապարտումը խոսքի արտահայտման համար այն պայմաններում, երբ նույն խոսքը քրեական հետապնդման մարմինների կողմից նախկինում գնահատվել էր որպես քրեորեն ոչ հետապնդելի, և քրեաիրավական ողջ գործիքակազմը կիրառվել է ՀՀ իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների լարման պայմաններում։ Ավելին, սույն քրեական վարույթով նախաքննության և հատկապես դատական քննության աննախադեպ արագ իրականացումը և ազատազրկումը որպես պատիժ նշանակելու հանգամանքն ընդգծում է արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական արդարադատությունը քաղաքական նպատակահարմարությամբ գործարկելու միտումը։ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ արքեպիսկոպոս Աջապահյանին մեղսագրվող հանցանքի համանման հիմքով հարուցված այլ վարույթներով դատաքննությունն իրականացվել է առավել երկար ժամկետներում և նմանատիպ արարքում մեղավոր ճանաչված որևէ անձ ռեալ ձևով ազատազրկում չի կրել, իսկ հիմնականում կիրառվել են ազատազրկման հետ չկապված պատժատեսակներ։
Նույն մտահոգությունն է առաջացնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիմքով բացառապես ենթադրությունների վրա հիմնված և առերևույթ քաղաքական նկատառումներով հրահանգավորված քրեական հետապնդումը Սամվել Կարապետյանի նկատմամբ ու նրա շարունակական կալանքը։
Հատկանշական է, որ 2020 թվականից մինչ օրս կտրուկ աճել է իշխանությունը զավթելու կոչերի հիմքով քրեական գործերի հարուցումը, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցում արված գրառումների համար։ Արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հիմքով հարուցված գործերը։ Մինչդեռ նման խոսքի քրեականացումը միտված է այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, անչափ կարևոր է արարքի ճշգրիտ որակումը և կամայական, ընտրովի կիրառման բացառումը՝ հատկապես ըստ քաղաքական նպատակահարմարության։
Արտահայտվելու իրավունքի ոչ իրավաչափ միջամտության մեկ այլ աղաղակող օրինակ է 2020թ․ Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը, որը նպատակ ունի ազդելու Արսեն Ղուկասյանի կողմից իր բողոքն արտահայտելու և հավաքների մասնակցելու իրավունքի իրացման վրա, ավելին՝ զսպիչ գործոն հանդիսանալու անհայտ կորած այլ զինծառայողների ընտանիքների անդամների նկատմամբ՝ ազդելով նրանց կողմից իշխանություններին ներկայացվող իրավաչափ պահանջների և քննադատության արտահայտման իրավունքի վրա։ Ավելին, տեղեկություններ էին հրապարակվել, որ Արսեն Ղուկասյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչն առավել ցցուն է դարձնում նրա նկատմամբ կիրառված կալանքի անօրինականությունը։
Նման պայմաններում խիստ մտահոգիչ է քրեական արդարադատության գործիքայնացումը քաղաքական նպատակահարմարության հիմքով։ Ավելին, կալանավորման որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է դրա կիրառումը չարաշահումներով՝ առանց բավարար և անհատականացված ապացուցահեն հիմնավորվածության և կրում է շարունակական և համակարգային բնույթ։ Նման պրակտիկան խեղաթյուրում է իրավունքի գերակայությունը և քրեական արդարադատության համակարգի ինստիտուցիոնալ ամբողջականությունը և անկախությունը, ազդում է արդարադատության և հատկապես դատական համակարգի նկատմամբ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորի՝ հասարակության վստահության վրա:
Հաշվի առնելով վերոգրյալը` պահանջում ենք․
Հանրային իշխանության ներկայացուցիչներից զերծ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց և քրեական վարույթներով ներգրավված անձանց անմեղության կանխավարկածը խախտող խոսույթից,
Դատարաններից և դատավորներից՝ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և օրենքներով՝ երաշխավորելով մարդու իրավունքների պաշտպանությունը,
Պատշաճ ջանասիրություն ցուցաբերել ողջամիտ կասկածի և խափանման միջոցի հիմնավորվածության քննարկման և ընտրության հարցում,
Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով, այդ թվում նաև՝ վերագրվող արարքների որակման հարցում, լիարժեք ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը,
Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց»։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
ՄԻՏՔ ՀԿ
Իզաբելլա Սարգսյան, կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ