Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը կոչ է անում իր բոլոր հավատացյալներին չտրվել պառակտիչ գործողությունների սադրանքներին, ամուր մնալ ազգային և հոգևոր միասնության դիրքերում

Հոկտեմբեր 19,2025 11:03

Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, մտահոգիչ և անընդունելի է համարում հոկտեմբերի 15-ին և 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդի, հոգևորականների և աշխարհիկ աշխատակիցների հանդեպ իրավապահ համակարգի իրականացրած անիրավաչափ և ապօրինի գործողությունները։

Հատկապես անընդունելի են բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ անօրինական գաղտնալսումները և առավել ևս դրանց հիման վրա Ամենայն Հայոց Հայրապետի դեմ քրեական վարույթ սկսելը, չպատճառաբանված խուզարկությունները և Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ու Արժ. Տ. Գարեգին քհն. Արսենյանին կալանավորելու որոշումները։

Ակնհայտ է, որ այս իրադարձությունները շարունակությունն են իշխանությունների կողմից վարվող հակաեկեղեցական արշավի, որը փորձում են մեկնաբանել որպես օրինականության պահպանում, միևնույն ժամանակ ոտնահարելով ոչ միայն միջազգայնորեն ամրագրված, այլև բարոյական և քաղաքակիրթ հասարակություններին հատուկ իրավական բոլոր ընթացակարգերը և սկզբունքները։

Նման ապօրինությունները ոչ միայն խաթարում են ՀՀ իրավապահ համակարգի հանդեպ հասարակական վստահությունը, այլև պատճառ կարող են հանդիսանալ ներազգային առճակատման` ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Ֆրանսիայի Հայոց թեմի հոգևորականաց դասը կոչ է անում իր բոլոր հավատացյալներին չտրվել պառակտիչ գործողությունների սադրանքներին, ամուր մնալ ազգային և հոգևոր միասնության դիրքերում։

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում։

Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջն ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր հայրենիքին, ամրացնի հայոց պետականությունը և պայծառացնի Իր Եկեղեցին։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031