Հայ մշակույթի և հոգևոր կյանքի ամենասրբազան սյուներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, նորից միավորեց ժամանակը և տարածությունը։ Օշականից՝ այն գյուղից, որտեղ նա հանգչում է, մեկնարկեց բացառիկ ուխտագնացություն դեպի նրա ծննդավայրը՝ Արևմտյան Հայաստանի Հացեկաց գյուղ։ Այս ուխտը, որ կրում է խորհրդանշական անունը՝ «Ուխտն ի Մաշտոց», առաջինն է իր տեսակի մեջ և խոստանում է դառնալ ոչ միայն հոգևոր, այլև մշակութային երևույթ։ Ուխտը վերածվելու է վավերագրական ֆիլմի՝ հայաստանյան ճանաչված ռեժիսոր Արտակ Ավդալյանի ձեռագրով։
Նախաձեռնությունն առաջ է եկել Օշական գյուղի ամենահին տան՝ «Բունիկ» մշակութային թիմից՝ հեռուստալրագրող Արփի Սուքիասյանի և մշակութաբան Վարդուհի Գրիգորյանի գաղափարով։ «Բունիկը» տարիներ շարունակ աշխատում է ներկայացնել Օշականի պատմամշակութային շերտերը՝ կազմակերպելով ճանաչողական տուրեր, վարպետաց դասեր ու համայնքային նախաձեռնություններ։ «Բունիկը» վերականգնում է Օշականի հին ավանդույթները, նախաձեռնել է մի ուղի, որն անցնում է ոչ միայն հողի, այլև հիշողության արահետով՝ վերակենդանացնելով Մաշտոցի հայրենիքի ոգին։ Այս անգամ նրանց նախաձեռնությունը դուրս եկավ գյուղի սահմաններից՝ վերածվելով ազգային մասշտաբի մշակութային առաքելության։
«Մեր նպատակն է՝ Օշականը կապել իր արմատներին։ Եթե այստեղ՝ Օշականում, հանգչում է ուսուցչապետը, ապա Հացեկացը նրա հոգու ծննդավայրն է։ Մեր ուխտը ճանապարհ է այդ երկու վայրերի միջև՝ դա հողի, հիշողության ու հավատի միացում է»,- ասում է Արփի Սուքիասյանը։
Ինչպես ասում են, «ասածն արված է»: Կարճ ժամանակամիջոցում ձևավորվում է խումբը: Ուխտավորների կազմում են «բունիկցիներ» Արփի Սուքիասյանը, Վարդուհի Գրիգորյանը, վավերագրող ռեժիսոր Արտակ Ավդալյանը, մասնակիցներ Նորայր Գրիգորյանը, Գևորգ Խաչատրյանը, օպերատոր Բորիս Վարդանյանը և իհարկե Օշականի ակտիվ մշակութային զույգը՝ Տիգրան Խաչատրյանն ու Արմինե Հովհաննիսյանը, որոնք տարիներ շարունակ մասնակցում են նմանատիպ համայնքային և ճանաչողական նախաձեռնություններին։ Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ հավատը գործի հանդեպ։ Ինչպես ասում են նախաձեռնության կազմակերպիչները՝ «Սրանք այն դեմքերն են, որ փող չեն հարցրել։ Ասել են՝ լավ բան եք մտածել, սիրով կմիանանք»։
Կարդացեք նաև
Ուխտավորները ճանապարհորդությունից առաջ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` հոգևոր հովիվ Տեր Վազգեն Հովհաննիսյանից ստացան օրհնություն։ Նա հանձնարարեց Օշականից վերցնել մի բուռ հող, տանելու Մաշտոցի ծննդավայր՝ Հացեկաց, և բերել այնտեղից հող, ջուր ու ցորեն՝ Օշականում աճեցնելու համար։
Տեր Վազգենի խոսքով՝ դա ոչ թե պարզապես խորհրդանշական ժեստ է, այլ կենդանի հավատքի գործողություն․ «Հացեկացյան հողը, ջուրը, ցորենը բերելու եք, որ Օշականում տեղ գտնեն։ Այդ ցորենը պիտի աճեցնենք սիրով ու հոգատարությամբ՝ ինչպես Մեսրոպն էր սերմանում գիտությունն ու հավատը։ Թող Մաշտոցի ծննդավայրի ցորենը աճի այնտեղ, որտեղ հանգչում է հայ գրի հիմնադիրը»։
Առաջին կանգառը՝ Հացեկաց․ վերադարձ արմատներին
Հացեկացը՝ երբեմնի հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, համարվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրն ու հայ գրի արարման խորհրդանիշերից մեկը։ Օշականցիները այստեղ կատարեցին հողի ուխտը՝ Օշականից բերած հողը խառնելով Հացեկացի հողին՝ միավորելով Մաշտոցի կյանքի սկիզբն ու հանգրվանը։
Նրանք Հացեկացից հավաքեցին մի պարկ ցորեն՝ Օշականում աճեցնելու և դրանից ստացված ալյուրով Բունիկում լավաշ թխելու համար։ Նախատեսվում է, որ այդ ցորենը դառնա նաև խորհրդանշական «թանգարանային սերմ»՝ ցուցադրվի Մաշտոցի հիշատակը կրող տարածքում։ Ավանդույթը շարունակվելու է․ Բունիկի նախաձեռնությամբ Թարգմանչաց տոնի օրը Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն նվիրաբերվելու է Հացեկացյան ցորենից թխված 36 լավաշ՝ որպես հարգանքի խորհրդանշական ընծա։
Այս ամենը ոչ միայն հողային, այլև հոգևոր վերադարձ է․ դեպի արմատները, դեպի այն վայրերը, ուր ձևավորվել է Մաշտոցի տեսիլքը՝ հայ ժողովրդի լուսավորության համար։
Մաշտոցյան լեռը․ ճգնության քարանձավի լույսը. Բալու
Հացեկացից հետո ուխտավորների ճանապարհն ուղղվեց դեպի Բալու, ուր գտնվում է Սուրբ Մեսրոպ լեռը։ Ըստ պատմիչ Վարդանի՝ հենց այս լեռան քարանձավներից մեկում է Մաշտոցը յոթ շաբաթ ճգնել՝ Աստծուց խնդրելով հայոց լեզվի արժանի գրային համակարգ։ Ավանդությունը պատմում է, որ այդ քարանձավում նա տեսել է Հայոց այբուբենի տեսիլքը։
Ուխտավորների խոսքով՝ մութ ու երկար քարանձավի լռության մեջ նրանք զգացել են խորհրդավոր ներկայություն․
«Այնտեղ ամեն ինչ լուռ է, բայց այդ լռության մեջ ինչ-որ լույս կա՝ կարծես Մաշտոցի լույսը առաջնորդի։ Այս ուղին մեզ համար ոչ թե պարզապես ճամփորդություն էր, այլ ներսի լեռ բարձրանալ»։
Լեռան կատարին կանգնած է նաև Մենուա արքայի կառուցած ամրոցը, իսկ նրա փեշերին հոսում է Արածանին՝ մի հուշ՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում։
Եդեսիա․ հայ գրի գաղտնիքների քաղաքը
Ուխտի երրորդ կանգառն էր Եդեսիան՝ այն քաղաքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը, ըստ Կորյունի «Վարք Մեսրոպ Մաշտոցի» աշխատության, ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող գրային համակարգերն ու թարգմանական փորձը։ Չորրորդ դարի Եդեսիան քրիստոնեական կրթության, գիտության և մատենագրության կարևորագույն կենտրոններից էր։ Այստեղ Մաշտոցը ծանոթացել էր ասորական և հունական տառերի կառուցման սկզբունքներին, սակայն երբեք չէր կրկնօրինակել դրանք․ նա ստեղծել էր մի ամբողջությամբ նոր՝ հայ հոգեկերտվածքին հարիր գրային համակարգ։
Ուխտավորների համար Եդեսիան ոչ միայն պատմական կանգառ էր, այլ նաև խորհրդանշական վերապրում՝ լինել այն վայրում, որտեղ սկիզբ էր առել հայ ինքնության ամենակարևոր տարրը՝ գիրը։
Այստեղ ծնվեց նաև մի նոր միտք․ Մաշտոցյան այբուբենով շարֆը, որը խմբի անդամները տարան իրենց հետ՝ որպես դրոշ։
«Այբուբենն ինքնին մեր դրոշն է։ Ժամանակն է, որ մենք ունենանք այբուբեն-դրոշ, որը միավորում է ոչ թե տարածքներ, այլ լեզու և հավատ», – նշում է Վարդուհի Գրիգորյանը։
Սամոսատ․ գիտության քաղաքը, որ մնաց ջրի տակ
Ուխտի հաջորդ կանգառը եղավ Սամոսատը, հին Ասորիք աշխարհի գիտական հզոր կենտրոններից մեկը։
Սակայն այսօր հնագույն Սամոսատը գրեթե գոյություն չունի․ այն ջրի տակ է մնացել՝ թուրքական իշխանությունների կողմից 1990-ականներին կառուցված ջրամբարի հետևանքով։
Այսօր միայն մի փոքրիկ հողակտոր է հիշեցնում այն քաղաքը, որտեղ Մաշտոցը ուսումնասիրել է գրերի գաղտնիքները։
«Դա ցավոտ տեսարան էր։ Քաղաքակրթության բնօրրանը՝ ջրի տակ։ Բայց մենք կանգնած էինք այնտեղ՝ ի հիշատակ այն բանի, որ ոչ մի ջուր չի կարող խեղդել Մաշտոցի լույսը»,- ասում են ուխտավորները։
Վերադարձ դեպի Օշական․ նոր սկիզբ
Ուխտավորները Օշական են վերադառնում՝ իրենց հետ բերելով հացեկացյան հող, ջուր ու ցորեն։ Այս սուրբ խորհրդանիշներն արդեն պատրաստվում են տեղ գտնել Օշականում՝ Մաշտոցի անվան թանգարանում և Բունիկի մշակութային տարածքում։ Հացեկացյան ցորենը ոչ միայն կցանվի Օշականի դաշտերում, այլև կդառնա բունիկյան հացերի և լավաշների հիմքը։
Այս նախաձեռնությամբ Բունիկը նպատակ ունի վերակենդանացնել ոչ միայն ավանդույթը, այլև հավատքը․ «Երբ Մաշտոցի ծննդավայրի ցորենը աճի Օշականում, դա կլինի մեր նոր Մաշտոցյան արածարանն ու մեր ազգային լույսի վերածնունդը, դա կլինի ոչ թե պարզապես բերք, այլ հայոց գրի և հիշողության վերածննդի նոր հոգևոր հունձք»,-ասում է Արփի Սուքիասյանը։
Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են՝ «Ուխտն ի Մաշտոց»-ը շարունակություն կունենա։ Առաջիկայում նախատեսվում է բաց ձևաչափի ուխտագնացություն, որին կարող են միանալ Հայաստանից և Սփյուռքից բոլոր նրանք, ովքեր ուզում են անձամբ քայլել Մաշտոցի հետքերով։ Դա կլինի Հայաստանն ու Սփյուռքը միավորող մշակութային առաքելություն:
Այս բացառիկ ուխտը հիշեցնում է, որ Մաշտոցը միայն անցյալի մեծություն չէ, այլ հայ ինքնության և լեզվի պահապան` յուրաքանչյուրիս ներկայիս կենդանի ուղեկիցը:
Վավերագրական ֆիլմը, որը պատրաստվում է ռեժիսոր Արտակ Ավդալյանի կողմից, նպատակ ունի ներկայացնելու ոչ միայն ուխտի ուղին, այլև դրա խորհրդանշական խորքը՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող հավատքի պատմություն ու շատ լավ է, որ նախաձեռնության մասնակիցների թվում են նաև գրող, արմատներով հացեկացի Նորայր Գրիգորյանը և պատմական Արևմտյան Հայաստանի գիտակ Գևորգ Խաչատրյանը, որոնք իրենց գիտելիքով ու պատմական հիշողությամբ հարստացրել են այս ճանապարհորդությունը։
Օշականցիների «Ուխտն ի Մաշտոց» նախաձեռնությունը առաջին անգամ իրագործեց այն գաղափարը, որը դարեր շարունակ անիրագործելի էր թվում՝ միավորեց Մաշտոցի հանգչավայրն ու ծննդավայրը։ Մեսրոպյան գրերը սոսկ տառեր չեն, նաև աղոթք են, իսկ մեր լեզուն՝ ոչ միայն խոսք, այլ հավատ է։ Երբ Օշականում բուսնի Հացեկացյան ցորենը, երբ Բունիկում այդ ցորենից թխվի առաջին լավաշը, դա կլինի վկայություն, որ Մաշտոցը ոչ թե անցյալն է, այլ ներկան՝ մեզ բոլորիս միավորող խորհրդանիշը։
Եվ երբ հայությունը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, մի օր կրկնի այս ճանապարհը՝ Օշականից դեպի Հացեկաց, դա կդառնա ոչ թե ճանապարհորդություն, այլ վերադարձ տուն՝ դեպի այն տունը, որտեղ ծնվեց Հայոց գիրը, և որտեղ ապրում է Մեսրոպ Մաշտոցի լույսը։
Ուխտագնացությանը Օշականից Հացեկաց, հետևեց, գրի առավ Վահան ԱՄԱՏՈՒՆԻՆ
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ