Մեծանուն նկարիչ, 60-ական թվականների ազգային մոդեռնիզմի կարևորագույն ներկայացուցիչ Մինաս Ավետիսյանի հայրենի գյուղում՝ Ջաջուռում գտնվող տուն-թանգարանը երկու տարվա՝ 2023-2025 թվականների վերանորոգումից հետո վերաբացվեց։
Այն այժմ համապատասխանում է միջազգային չափանիշներին․ վերանորոգվել են ոչ միայն ցուցասրահները, այլ տեղադրվել է լուսային համակարգ ու արևային կայան՝ այսպիսով կլիմայական պայմանների առումով ապահով ու անվտանգ դարձնելով ցուցանմուշների պահպանումը։
Իհարկե, ՀՀ Ազգային պատկերասրահի կարևոր մասնաճյուղերից համարվող Ջաջուռի թանգարանի վերաբացումը միայն այս փաստով պայմանավորված չէր։ Բանն այն է, որ Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերին ստեղծված Մինասի երկու որմնանկարները՝ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ», որոնք ավերիչ երկրաշարժից հետո փրկելու նպատակով 2010 թվականին տեղափոխել էին կառավարության թիվ 1 շենքի նիստերի դահլիճ՝ չցուցադրելով, թողնելով փակի տակ, վերադարձրել են մեծանուն նկարչի Ջաջուռում գտնվող տուն-թանգարան։
Հիշեցնենք, որ Երևան տեղափոխելու հետ կապված 15 տարի առաջ բողոքի մեծ ալիք էր բարձրացել Շիրակի մարզում։ Նկարիչը ստեղծագործել է ճաշարանի շենքում, դրանք թանգարանային ցուցանմուշներ չեն եղել, այլ ստեղծված են հանրության համար, ու կառավարությունն այսօր վերադարձեց՝ հանրության լայն զանգվածներին հնարավորություն տալով վայելել դրանք։
Կարդացեք նաև
«Հանդիպում» կամ «Աղբյուրի մոտ» որմնանկարը նկարիչը ստեղծել է 1972 թվականին, մոնումենտալ ստեղծագործություն է, գյուղական աշխատանքով տարված, աղբյուրի մոտ զրուցող, դռան շեմին սպասող կանայք են, որոնց կերպարները լի են տագնապով ու խոր վշտով, տխրությամբ դեպի կորուսյալ երկիր: Այն նվիրված է 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին։
Աղբյուրը նկարչի կողմից ստեղծված երևակայական հուշարձան է՝ եղեռնի զոհերի հիշատակին։
Նույն թվականին ստեղծված «Խաչքարի մոտ» որմնանկարում ողբի ու տխրության տեսարան է․ կրկին կանացի կերպարներ են, կոթողի առջև ծնկած կնոջ կողքին նրան կարեկցող աղջիկներ են։ Այն ստեղծվել է նույն տրամադրությամբ։
Այս որմնանկարների տեղափոխման ծախսերը հոգացել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը կառավարություն այս որոշումը համարում է անչափ կարևոր, իրենց մասնակցությունը եղել է այն, որ ուսումնասիրել են՝ արդյո՞ք տուն թանգարանի պատերի չափերը բավարար են առանցքային այդ երկու ցուցանմուշները Ջաջուռ տեղափոխելու համար։
«Չափազանց մեծ ոգևորությամբ ենք ընդունել տեղափոխումը, ինձ համար այստեղ կարևորն այն է, որ ոչ թե մշակութային օջախից է տեղափոխվում ցուցանմուշը կառավարության շենք, այլ հենց կառավարության շենքից վերադառնում է տուն՝ մշակութային օջախ։ Դա շատ կարևոր նախադեպ է՝ և՛ պահպանության, և՛ հանրահռչակման առումով և ամենակարևորը հենց խորհրդանշորեն։ Այս որմնանկարների տունը, տեղը հենց այստեղ է՝ թանգարանում։
Սա խորհրդաշնորեն կոչվում է Մինաս Ավետիսյանի տուն, ճիշտ է՝ տունն այստեղ չէ, մի փոքր հեռու է այստեղից, բայց այնտեղ, որտեղ արվեստագետի նկարներն են, այնտեղ արվեստագետի ոգին է և տունը»,-ասաց Մարինա Հակոբյանը։
Նա նշեց, որ պատկերասրահի Ջաջուռի մասնաճյուղում ներկայացված են Մինասի մի քանի տասնյակ բնօրինակ նկարներ։ Ըստ մեր զրուցակցի, դեռևս մի քանի տարի առաջ հնարավորություն չկար ցուցադրելու բնօրինակները, քանի որ կլիմայական պայմանները չէին համապատասխանում․ Ջաջուռն ամենացուրտ տեղանքներից է։ Սակայն 2023-2025 թվականների վերանորոգման աշխատանքներ են տարվել՝ պետական միջոցներով ու մասնավորի ներգրավմամբ, ու այսօր արդեն կլիմայական պայմանները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին։
«Մնիաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է, մի քանի ցուցանմուշներ գտնվում են մեր գլխավոր մասնաշենքում՝ Հանրապետության հրապարակում, Ազգային պատկերասրահի ցուցասրահներում։
Բավական բարդ որոշում էր, մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը, և մենք որոշեցինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Միանս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը։ Եվ այսօր այդպես է»,-ասաց պատկերասրահի տնօրենը։
Միանս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը, որը թանգարանի վարիչն է, ասաց՝ որմնանկարների տեղափոխման ժամանակ որոշակի կորուստներ լինում են, բայց իրենք մասնակի վերականգնել են։ Նա հույս հայտնեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ամրակայման գործընթացը կազմակերպել։
«Կարծում եմ՝ որմնանկարների վերադարձը ճիշտ և տեղին որոշում է կառավարության կողմից, շատ շնորհակալ եմ կառավարությանը։ Այդ երկու որմնանկարներում հավաքական կերպարներ են, Մինասի երևակայությունն է, իսկ ինքը շատ բուռն երևակայություն ունի՝ հիմնված շատ խորը գիտելիքների վրա հայկական մանրանկարչությունից», -ասաց Արման Ավետիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում եռակի ավելացել է թանգարան այցելուների թիվը։ Նա նշում է՝ այստեղ դերակատարություն ունի ներքին տուրիզմը, իսկ որմնանկարների տեղափոխմամբ հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ էլ ավելի կմեծանա։
«Էստեղ մենք մի քիչ խնդիր ունենք, տուրիստական կազմակերպությունները պետք է ուղղորդեն, շատ շատերը տեղյակ չեն, որ այստեղ թանգարան կա։ Եվ երբ գալիս են, զարմանում են մարդիկ՝ ասելով այսպիսի թանգարան կա՞»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ