Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ուզում են եկեղեցին սարքեն հարսանիք անող կառույց, բայց Եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է, և դա նրանց չի հաջողվի․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 19,2025 16:06

Հոկտեմբերի 18-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքը՝ ի աջակցություն ազգային բարերար, գործարար,«Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիր և առաջնորդ, ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ անազատության մեջ գտնվող հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների։

Մինչև հանրահավաքի մեկնարկը հանրահավաքի մասնակիցներին իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Հանրահավաքին ելույթ ունեցան շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, շարժման անդամներ Ալեքսան Ալեքսանյանը, Արթուր Միքայելյանը, Հայկ Ֆարմանյանը, Արամ Վարդևանյանը, ինչպես նաև Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Հանրահավաքից հետո հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ԱԱԾ շենք, որի մեկուսարանում ներկայում պահվում է ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանը։ Արամ Վարդևանյանը հավաքվածներին հայտնեց, որ ազգային բարերար, գործարար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել շարժման հենքի վրա առաջիկայում ստեղծվող քաղաքական կուսակցության նախագահի պաշտոնը։

Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, դիմելով ԱԱԾ շենքի մոտ հավաքված քայլերթի մասնակիցներին, նշեց, որ վաղը շարժումը նախատեսում է ուխտագնացություն իրականացնել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի պաշտպանություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

***

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ելույթը հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում կայացած՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին

Մենք գտնվում ենք Հայաստանի Ազատության հրապարակում։ Ինչո՞ւ ենք այսօր այստեղ կազմակերպել մեր հանրահավաքը։ Հայաստանի Ազատության հրապարակում սկիզբ են առել մեր պատմության կարևոր շարժումներ։ Առաջինը՝ այստեղ է սկսել Ղարաբաղյան շարժումը, երկրորդը՝ այստեղ է սկսվել Հայաստանի անկախության շարժումը։ Եվ երկու շարժումները մեր հայրերը հասցրել են մինչև հաղթանակ։

Այսօր մենք՝ «Մեր ձևով» շարժման անդամներս ու կամավորներս, սկսում ենք երրորդ շարժումը։ Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը։

Այստեղ գտնվողներից շատերն այսօր հարցնում են, թե ինչպես եք հասնելու այդ վերակառուցմանը, եթե կա իշխանություն, որը գնում է բոլորովին ուրիշ ճանապարհով։ Ես առաջարկում եմ ձեզ երեք քայլ՝ մեր ծրագիրը, թե ինչպես հասնենք իշխանության խաղաղ փոփոխության, ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։

Քայլ 1` Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք, աշխատենք և գնանք դեպի ընտրություններ։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Շատերը կասեն՝ Նարեկ ջան, ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա ստիպողաբար մարդկանց տանելու է ընտրելու։ Ես կարող եմ ասել այդ ժամանակ․ հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրեն ստիպողաբար ընտրած տասը հազար, քսան հազար ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան։ Այսինքն՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։

Իսկ ի՞նչ պետք է բոլորս անենք դրա համար։ Յուրաքանչյուրս, որ այստեղ է, գիտեմ, որ շատ մարդիկ իրենց գործը թողել, եկել են այստեղ, որպեսզի հարցերի պատասխան լսեն, կարևոր հարցերի պատասխան․ «Լավ, ի՞նչ անենք, որ այդ օրը մեկ օր շուտ գա։ Ի՞նչ ես դու առաջարկում։ Շատ շարժումներ ենք ունեցել, մեր հայրենիքում շատ շարժումներ են եղել, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաջողել։ Ո՞րն է ձեր առաջարկ»։

Իմ առաջարկը մի բան է։ Այստեղ կան տասնյակ հազարավոր մարդիկ, Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Բոլորս և ամեն մեկս, եթե աշխատենք ակտիվ և խոսենք մեր շրջապատի հետ, բոլորի հետ, պետք է բոլոր հետ խոսենք մեր շրջապատում, բոլորին համբերատար պատմել ճշմարտությունը, բոլորի հետ՝ հարևանների, բարեկամների, բոլորի հետ։ Խնդրում եմ՝ խոսեք, պատմեք։ Սա է ճիշտ ճանապարհը։ Բացեք այդ մարդկանց աչքերը, որովհետև այն, ինչի մասին մենք գիտենք, հնարավոր է՝ այդ մարդիկ չգիտեն։ Եթե այստեղ գտնվող տասնյակ հազարավոր մարդկանցից մեկը երեք հոգու կարողանա այնպես անել, որ նրանց աչքերը բացվեն, որպեսզի նրանք ճիշտ քաղաքացիական դիրքորոշում ունենան, ես վստահեցնում եմ՝ մի քանի ամիս հետո մեր հասարակությունում իրավիճակը կատարյալ փոփոխված է լինելու, և այս իշխանությունը մնալու շանս չի ունենա։ Եվս  մեկ անգամ՝ խոսենք, շփվենք, իրազեկենք մեր հարազատներին, մեր բարեկամներին, մեր հարևաններին, պատմենք նրանց ճշմարտությունը, և դա է այն աշխատանքը, այն խաղաղ պայքարը, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է անել, և այս հրապարակում է իշխանության ոգին նետված, այս հրապարակն է իր աշխատանքով որոշելու՝ իշխանափոխություն կլինի, թե ոչ։

Ես ծրագրում եմ պատմել ձեզ, թե ինչ կլինի նաև իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք և գնանք նոր խնդրի բախվենք։ Առաջինը՝ պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր։ Մեր երկրի ղեկավարները պետք է ամեն օր միայն գործով զբաղվեն, մի օր շուտ վերածեն աղքատությունը մեր երկրում։ Մեր երկրի շրջաններում այսօր 500 հազար մարդ գործ չունի։ Տարիներով մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ և պայքարել ենք մեղավորների դեմ։ Բայց պետք է ոչ թե մեղավորների դեմ պայքարենք, այլ աղքատության դեմ։ Ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը 21-րդ դարում հաղթի աղքատությունը:

Բոլոր շրջանները՝ Երևանի բոլոր վարչական շրջանները, Հայաստանի բոլոր շրջանները, պետք է ունենան զարգացման ծրագրեր․ մի շրջանը՝ արդյունաբերական, մի շրջանը՝ զբոսաշրջային, մի շրջանը՝ գյուղատնտեսական։ Երևանը ևս պետք է ունենա իր զարգացման տասնամյա պլան, որպեսզի ամեն օր իմանանք, թե ուր ենք շարժվում։ Թե չէ այսօր մենք ապրում ենք ֆեյսբուքի պոստից ֆեյսբուքի պոստ, մեր արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է ֆեյսբուքով։ Իշխանությունից հետո մենք նաև խոսք ենք տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կտանք երկու պաշտոն։ Առաջինը՝ ճանապարհաշինարարության պաշտոնը՝ սիրում են ասֆալտ անել, և, երկրորդը՝ սիրում են ասֆալտին փռել։ Իրենց մոտ երկու բան է ստացվում՝ ասֆալտ անել և ասֆալտին փռել։ Ինձ թվում է՝ իրենք գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանից հետո, որովհետև հիմա էլ դրանով զբաղված։

Նաև կուզեմ ասել այն, պատմեմ ձեզ՝ ինչ կատարվում է եկեղեցու հետ։ Մեզ մի բան չի հիշեցնում այն, ինչ կատարվում է մեր եկեղեցու հետ։ Հիշում եք՝ իշխանության գալուց հետո բանակի հանդեպ սկսվեցին ինչ-որ պրոցեսներ, ասվեց, որ սպաները և գեներալները կոռումպացված են, քաջ չեն, չեն կռվում, մի քանի տարվա ընթացքում տասնյակ սպաներ և գեներալներ հեռացվեցին բանակից, և այդ ժամանակ էլ նույն ձեռագիրն էր։ Ասում էին՝ սպան լավը չի, գեներալը լավը չի, զինվորը լավն է։ Հիմա ասում են՝ սրբազանները, Մեր Եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է։ Հակադրություն են բերում, ստեղծում, քանի որ ուրիշ հակադրություն չեն կարող ստեղծել մեր երկրում։ Մեր երկիրը 95 տոկոսով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այստեղ ապրողների 98 տոկոսը հայ ազգի ներկայացուցիչներ են, և որևէ այլ հակադրություն Հայաստանում, բացի ղեկավար և ոչ ղեկավար հակադրության, նրանք չէին կարող ստեղծել։ Այդ իսկ պատճառով նրանք ստեղծել են այս հակադրությունը, որպեսզի կարողանան քանդեն այս կառույցները։ Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ մեր այսօրվա բանակից է Ադրբեջանն ավելի շատ վախենում, քան 7 տարվա առաջվա։ Նույնն էլ եկեղեցու հետ է լինելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք քպ-ացված եկեղեցի։  Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք ուզում են եկեղեցին սարքեն հարսանիք անող կառույց, բայց Եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է, և դա նրանց չի հաջողվի։

Մեր եկեղեցին անպաշտպան չէ, մեր եկեղեցու պաշտպաններն այստեղ հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ են։ Նաև շատերը հարցեր են տալիս, ասում են՝ լավ, բոլոր քաղաքական ուժերն էլ խոստացել են, բոլոր ղեկավարներն էլ խոստացել են, որ մենք ապրելու ենք ավելի բարեկեցիկ երկրում։ Լավ, ձեր առաջարկն ու ուրիշների առաջարկը ին՞չով է տարբերվում։ Ասեմ՝ ինչով է տարբերվում մեր առաջարկը։ Պատկերացրեք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը՝ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, քանի՞ հոգու, քանի՞ մարդու կյանք է բարեկեցիկ դարձրել մինչև վարչապետ դառնալը։ Հի՞նգ, չո՞րս, երե՞ք։ Որքա՞ն մարդու է նա կարողացել բարեկեցիկ դարձնել։ Իսկ որքա՞ն մարդու է կարողացել բարեկեցիկ դարձնել Սամվել Կարապետյանը․․․ տասնյակ հազարավոր մարդու։ Եթե դու չես կարողանում տասը հոգու բարեկեցիկ դարձնես, ինչպե՞ս ես մեր ամբողջ ազգին տալու բարեկեցություն։ Մեր պետությունը պետք է կառավարի մարդ, ով կարողացել է տասնյակ հազարավոր մարդկանց աղքատությունից հանել և բերել բարեկեցության։

Շնորհակալ եմ բոլորից։ Ուզում եմ ասել, որ մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական։ Մենք հետևողական գնալու ենք առաջ։ Որքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան էլ հետևողական մենք կպաշտպանենք մեր եկեղեցին։ Որքան հետևողական փորձեն ինչ-որ ձև թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այդքան էլ հետևողական մենք ցույց կտանք մեր ուժն ու միասնականությունը։

Շնորհակալ եմ։

«ՄԵՐ ՁևՈՎ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031