«Մայր Հայաստան» շարժումն այսօր հավաք անցկացրեց Վաղարշապատում եւ ներկայացրեց Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագիրը: Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Ես վստահ եմ, որ Վաղարշապատի եւ հարակից գյուղերի բնակիչները վճռական «ոչ» են ասելու բախտախնդիրներին, հայրենիքը ծախողներին, ամեն գնով աթոռից կառչածներին, եւ նոյեմբերի 17-ին նոր արշալույս է բացվելու Մայր Աթոռի եւ Մայր Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ «Մայր Հայաստան»-ն այս վճռորոշ պահին իր խոսքն ու ասելիքն է ասում Վաղարշապատին ու հարակից գյուղերի բնակիչներին»։
Նա նշեց, որ ՔՊ-ն Երեւանի ավագանու ընտրություններում «խաբելով, կցել-կցմցելով իշխանություն ձեւավորեց, բայց դա էլ է ճաքեր տալիս, տարբեր դրվագներով դա տեսնում ենք»։ Նա նշեց, որ Գյումրիում ՔՊ-ն իրեն սատարողների հետ ձախողեց․ «Եվ վստահ եմ՝ նույնը այստեղ է լինելու»։
«Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանն անդրադարձավ իշխանությունների՝ Եկեղեցու դեմ մղվող պայքարին։ «Երբ ասում են՝ մենք առանձին եկեղեցականների դեմ ենք պայքարում, ես մի օրինակ բերեմ՝ երբ որոշեցին քանդել բանակը, ասացին՝ մենք առանձին զինվորականների դեմ ենք պայքարում։ Սրանք պատերազմ ու պարտություն բերեցին, հիմա նույնն են անում։ Սրանք պատրաստվում են վերարտադրության եւ երրորդ ժամկետի։ Հայաստանի ոչ մի իշխանություն չի գնացել երրորդ ժամկետի, Նիկոլ Փաշինյանի համար սա անվտանգության, սեփական կաշին փրկելու խնդիր է, Հայաստանի ու հայ ժողովրդի համար՝ գոյաբանական եւ զարգացման խնդիր։ Ինքը խաբում է, թե խաղաղություն է բերելու, բայց բերելու է պատերազմ ու պարտություն, դրված է ՀՀ խնդիրը։ Հետեւաբար, Վաղարշապատում տեղի ունենալիք ընտրությունը կարեւորագույն նշանակություն է ունենալու։ Մենք դառնալու ենք ընդդիմադիր դաշտը միավորողը եւ թիվ մեկ դերակատարը։ Վաղարշապատում մենք պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Գյումրիում նպաստեցինք ՔՊ-ի իշխանազրկմանը, հիմա Վաղարշապատում մենք հավակնում ենք իշխանության»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նշենք, որ նոյեմբերի 16-ին նշանակված Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ