«Մեր ձեւով» շարժումն այսօր ուխտագնացություն է կազմակերպել դեպի Էջմիածին՝ ցույց տալու, որ եկեղեցին անպաշտպան չէ:
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավելի շատ մարդ պետք է արձագանքի այս գործընթացներն։ «Մարդիկ մի մասը թմբիրի մեջ են, մի մասը, կարծում եմ, վախենում են։ Վախն ամենամեծ թշնամին է, վախի պատճառով են ծնվում ամենավատ երեւույթները, եւ մեր շարժման խորհուրդը նաեւ այն է, որ մարդկանց այդ թմբիրից հանենք»,- նշեց նա։
Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին իր ներքին կանոնակարգերով այնպիսի կառույց է, որ անկախ նրանից՝ սրբազաններին կամ կաթողիկոսին կբանտարկեն, թե ոչ, իրենք շարունակելու են մնալու սրբազան եւ կաթողիկոս։ «Դա քաղաքացիական պաշտոն չէ, որ որոշեն հանել ու նշանակել մեկ այլ անձի, իրենք շարունակելու են մնալ իրենց դիրքերում՝ անկախ նրանից՝ որ կարգավիճակում կմնան»,- ասաց նա։
«Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն էլ նշեց, որ ժողովուրդն այլեւս չի հանդուրժում այս իշխանություններին։ «Ընդամենը պետք է ճիշտ կազմակերպում ճիշտ մարդու ու ճիշտ ուժի կողմից, եւ կարծում եմ՝ մնացածն ինքնըստինքյան ստացվելու խնդիր է։ Համոզված եմ, որ չեն մնալու, գնալու ենք նրանք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ղազինյանը հավելեց․ «Մեր ձեւով շարժումը պաշտպանելու է եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ ու սրտացավորեն։ Սա միայն Մեր ձեւով շարժմանը չի վերաբերում, հարյուր հազարավոր հավատացյալներ կան, որոնք հասկանում են՝ ինչ է նշանակում եկեղեցին։ Սա արդեն իրենց կործանումն է, եթե չեն հասկանում այդքանը, թող փորձեն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ