Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ հոգևոր բռնություն, որով փորձ է արվում հայ ժողովրդին զրկել իր պատմական հիշողությունից, հավատքից և ինքնությունը պահպանելու վերջին հենասյունից. Խորեն եպիսկոպոս Առաքելյան

Հոկտեմբեր 20,2025 10:36

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող անվայել գործողություններն՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, հոգևոր հայրերի և առաջնորդարանի աշխարհական աշխատակիցների դեմ, խորապես խաթարում են ոչ միայն հայ հասարակության մոտ իրավական գործընթացների վերաբերյալ արժանահավատությունը, այլ լրջագույն հարված են հասցնում իրավունքի և ժողովրդավարության համընդհանուր արժեքներին։

Ամբողջապես անընդունելի և դատապարտելի են՝
• Բարձրաստիճան հոգևորականների անհիմն և ապօրինի ձերբակալությունները,
• Անօրինական գաղտնալսումները, որոնք ուղղված են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հեգևորականների դեմ, որոնք նպատակ են հետապնդել Եկեղեցու ներսում պառակտում առաջացնելու, ինչպես նաև մեր Սուրբ Եկեղեցու վարկը նսեմացնելու հավատացյալ հայորդիների շրջանում,
• Խոտելի են, հատկապես, եկեղեցապատկան կառույցներում կատարված խուզարկությունները՝ առանց դրանց համար ունեցած պատշաճ հիմնավորումների և գործընթացների իրավահարգման,

• Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու փորձը, որը ոչ միայն վիրավորում է ողջ Հայոց Եկեղեցու հոգևոր դասին, հավատացյալ հայորդիներին, այլև ուղիղ հարված է Հայաստանի Պետականության հոգևոր ողնաշարին։

Ճշմարտությունը հռչակում է.

Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի պետականության ծննդավայրն է, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ոչ միայն եկեղեցու Հոգևոր առաջնորդը, այլև՝ Հայոց Պետականության պահպանման անխոնջ քաջամարտիկը։

Վեհափառ Հայրապետն, անդադրում, միջազգային բոլոր պատկան կառույցներում մշտապես պայքարել ու առաջ է մղել Հայաստանի պետական շահը։ Այս համատեքստում՝ Հայոց Եկեղեցու դեմ ուղղված այս գործընթացները չեն կարող դիտարկվել միայն որպես ներքաղաքական իրադարձություն, այլ դրանք վերաբերվում են նաև աշխարհասփյուռ հայությանը և շոշափում ու վիրավորում են նաև նրանց հոգևոր զգացումները։

Իշխանությունների և հատկապես նրանց որոշակի ներկայացուցիչների վերջին շրջանի խոսվածքը ոչ միայն վիրավորական է, այլեւ՝
• Միջազգային իրավունքի խախտում է, որով ոտնահարվում են ՄԱԿ-ի և Եվրոպական Խորհրդի ընդունած հիմնական դրույթները՝ կրոնական կազմակերպությունների ինքնավարության, հոգևոր անձանց գործունեության անխափանության և կրոնական ազատության վերաբերյալ։
• Սա նաև գործողություն է՝ ուղղված Պետականության դեմ, որովհետև այն թուլացնում է ազգային անվտանգությունը և ապակայունացնում հայ ժողովրդի հոգեբանական ու բարոյական սյուները։

• Սփյուռքի նկատմամբ սպառնալիք, քանի որ Եկեղեցու դեմ կիրառվող ճնշումները բաժանարար գծեր են ստեղծում համահայկական միասնականության ոգում։

Ըստ այսմ, մենք հայտարարում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում իշխանության որևէ մարմին իրավունք չունի միջամտել եկեղեցական ներքին գործընթացներին։ Այսօր կատարվածը ոչ թե իրավական գործընթաց է, այլ՝ հոգևոր բռնություն, որով փորձ է արվում հայ ժողովրդին զրկել իր պատմական հիշողությունից, հավատքից և ինքնությունը պահպանելու վերջին հենասյունից։

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անմիջապես դադարեցնել հակաեկեղեցական և հակասահմանադրական գործողությունները, ազատ արձակել ապօրինաբար կալանավորված Սրբազան հայրերին, Տ. Գարեգին քահանային, ազգային բարերար Տիար Սամվել Կարապետյանին և ապօրինաբար բանտարկված մնացյալ հայորդիներին։

Միաժամանակ հիշեցնում ենք՝

Եկեղեցու դեմ բռնությունը չի կարող ավարտվել միայն վարչական որոշումներով։ Այն կարող է վերածվել ազգային ճգնաժամի, որի պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի գործող իշխանության վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Մենք անսասան կանգնած ենք Նորին Սրբության կողքին.

Մենք հավատարիմ մնալով Սուրբ Մյուռոնի աղբյուր Սուրբ Էջմիածնին, մեր որդիական հնազանդությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ համոզված լինելով, որ Հայոց Եկեղեցու վրա հարձակումը հավասար է Հայաստանի հոգևոր և ազգային արժեքներին, պատմական իրավունքներին և Աստծուց օրհնված առաքելության վրա ուղիղ հարվածի և ոտնձգության։

Թող Ամենազոր Աստված պաշտպան և զորակից լինի մեր Եկեղեցուն ու ազգին, դատապարտի անիրավության դավադիր ծրագրերը և շուտափույթ կերպով վերականգնի արդարությունն ու ճշմարտության հաղթանակը։

Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյան
Հունաստանի հայոց թեմի առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031