Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս երկրի սեփականատերը Նիկո՞լն է, ում հետ ինչ ձևի ուզի, վարվի». Ինչ է կատարվում Գյումրիում

Հոկտեմբեր 20,2025 11:36

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանի շենքում։ Մեծ թվով ոստիկաններ շրջափակել են քաղաքապետարանի շենքը։

Հավաքված քաղաքացիները դատապարտում են կատարվածը։ «Ստացվում է երկիրը սեփականատեր ունի, ում հետ ինչ ձևի ուզի, էնպես կվարվի։ Եթե էսքան ոստիկան ուղարկեին սահման, մենք երբեք չէինք պարտվի»,- բացականչում էր քաղաքացիներից մեկը։

Քաղաքապետարան շտապող գյումրեցիների թիվը գնալով ավելանում է։

Հնչում են Յոթվերք եկեղեցու զանգերը։

Հիշեցնենք, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։

Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նրա գիտությամբ, տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով մաս–մաս փոխանցելու հանգամանքների շուրջ՝ այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ և ստանալով այն տալու խոստում։

Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։

Վերոգրյալից բացի, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։

Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031