«Կարող է վաղը ակցիա անեմ, օրինակ, Կոնդի ամառանոցների մոտքի մոտ, ասեմ՝ ամեն քաղաքացու 10 հազար դրամ բաժանում եմ։ Բայց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՊՊԾ-ն ինձ թույլ չի տա, չէ՞։ Այսինքն, ամբողջ քաղաքը պարալիզացվում է․․․ լավ, որեւէ մեկը էդ հաշվի առե՞լ էր, թե բիզնեսն ամեն ինչից կարեւոր է։ Հանրության մոտ լուրջ արձագանք է ստացել շաբաթ օրվա ակցիան, երբ գրեթե բոլոր կամուրջների մոտ, Երեւան մտնող մայրուղիների մոտ անհավատալի խցանումներ էին առաջացել։ Չեմ էլ քննարկում՝ ակցիան լավն էր, թե՝ չէ»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նկատեց, որ Երեւանի բոլոր խոշոր կամուրջների սկզբնամասում եւ վերջնամասում բենզալցակայաններ կան, ինչն ինքը համարում է լուրջ անվտանգային հարց եւ հետաքրքրվեց՝ որեւէ մեկը նման հաշվարկներ ունի՞, ֆորս-մաժորային իրավիճակներում գիտե՞ն՝ ինչպես վարվել։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց բնակելի շենքերին շատ մոտ գտնվող բենզալցակայանների հարցը, որը տեխնիկական անվտանգության լուրջ խախտում է եւ որի ապահովման փուլ է սկսվում՝ հորդորելով նաեւ այդ հարցերին ուշադրություն դարձնել։
Պատգամավորներն իրենց մտավախությունները բարձրաձայնեցին «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ։ Կառավարությունն առաջարկում է՝ նախագիծը 24-ժամյա ռեժիմով քննարկել։
Կարդացեք նաև
Գեղամ Մանուկյանը տարակուսում է՝ փոփոխությունը վաղուց հայտնի էր, ինչո՞ւ է 24-ժամյա ռեժիմով բերել․ «Շուտ բերեիք, նորմալ ընթացակարգով գնար։ Ամեն անգամ օրակարգում մի քանի հարց է լինում՝ 24-ժամյա ռեժիմով»։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պարզաբանեց` գործընթացները հանգել են նրան, որ նոյեմբերի 1-ից տեխնիկական անվտանգության հարցերը պետք է կարգավորման փուլ մտնեն, ուստի կարեւոր է, որ այդ ժամանակ ունենանք գործող օրենք։
Պատգամավորների մյուս դիտարկումների հետ Արմեն Մկրտչյանը համամիտ է, պարզաբանում է՝ ոստիկանության պարեկային ծառայությունը երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր է իրականացնում, որպեսզի խցանումները մեղմվեն։ Համաձայն է նաեւ, որ ունենք օրեր, երբ երկուսից ավելի միջոցառումներ են իրականացվում մայրաքաղաքում եւ խցանումներն առավել շատ են լինում։ Հուսով է, վերջնարդյունքում կունենանք բեռնաթափված եւ նորմալ երթեւեկություն։
Անդրանիկ Քոչարյանը խնդրի լուծումը միայն պարեկային ծառայության տիրույթում չի տեսնում, կարծում է՝ ավելի լայն հարց է, այն կա եւ քաղաքային իշխանությունը պետք է ավելի ջանք գործադրի այն լուծելու ուղղությամբ։
Իսկ փոփոխության հիմնավորումը հետեւյալն է՝ ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված է «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» հասկացությունը, ՆԳՆ ենթակայությամբ գործող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունն է՝ ՊՈԱԿ: Գործող օրենսդրությամբ, ՀՀ-ում արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունը հավատարմագրման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է եւ հավատարմագրված անձանց կողմից, եւ ՊՈԱԿ-ի կողմից․ «Մինչդեռ, այդ գործունեությամբ զբաղվելու համար ՊՈԱԿ-ը չի անցնում հավատարմագրման գործընթաց: Արդյունքում, համանման գործունեությամբ զբաղվող սուբյեկտների միջեւ ստեղծվում են անհավասար պայմաններ: Բացի այդ, հանձնված լինելով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայությանը՝ ՊՈԱԿ-ը իրականացնում է այնպիսի գործառույթներ (տեխնիկական փորձաքննություն եւ տեխնիկական քննություն), որոնց իրականացումը վերապահված է նաեւ նշված հավատարմագրված անձանց: Արդյունքում, ՆԳՆ-ի եւ ՊՈԱԿ-ի լիազորությունների համադրումը ցույց է տալիս, որ դրանցում ներառված են եւ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը բնորոշ, եւ այդ քաղաքականության հասցեատերերին վերապահված գործառույթներ: Ավելին, ՊՈԱԿ-ին պատվիրակված են նաեւ այնպիսի գործառույթներ, որպիսիք, ըստ բնորոշման, հատուկ են գիտակրթական գործունեություն ծավալող կառույցներին, մինչդեռ այդպիսիք կարող են, ըստ անհրաժեշտության, իրականացվել Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի միջոցով: Իսկ ՊՈԱԿ-ի մնացյալ գործառույթները Ներքին գործերի նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմնի, տիրույթում գտնվող իրավասություններ են»:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել՝ լուծարելու ՊՈԱԿ-ը։ Առաջարկվում է ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության եւ տեխնիկական քննության իրականացման հետ չկապված գործառույթները՝ ընդհանրապես հանելով օրենքից՝ հաշվի առնելով, որ այդպիսիք միեւնույնն է՝ ենթակա են իրականացման ոլորտի քաղաքականության պատասխանատու ՆԳՆ-ի կողմից, իսկ գիտահետազոտական եւ կրթական բաղադրիչի մասով՝ կարող են իրացվել ՆԳՆ կրթահամալիրի գործունեության շրջանակներում:
Նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ