«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Անկախ նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործի որ դրվագների հիման վրա են քննչական գործողություններ իրականացվում Գյումրու քաղաքապետարանում և ինչ իրավական հիմնավորումներով է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, ընտրած գործողությունների բիրտ և ցուցադրական բնույթը բացահայտորեն վկայում է մեկ բան. սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական հաշվեհարդարի սցենար։ Այն, ինչ տեղի է ունենում, իր ակունքներով հասնում է շուրջ մեկ ամիս առաջ վարչապետի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ուղիղ «հանձնարարականին», որն էլ դարձել է քաղաքական հետապնդման գործիքակազմը գործի դնելու ազդանշան։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը շարունակում է գործել ոչ թե իրավական պետության տրամաբանությամբ, այլ՝ վախի ու տեռորի միջոցով սեփական վերարտադրությունը ապահովելու ծրագրով։ Իշխանությունը, փորձում է վերակազմավորել իր գոյությունը ճնշումների, ցուցադրական ձերբակալությունների ու քաղաքական հակառակորդների դեմ «դատավարական շոուների» միջոցով։
Այդպիսի վարքագիծը ոչ միայն խարխլում է պետականության հիմքերը, այլև վերջնականապես բացահայտում է այս իշխանության դե ֆակտո լեգիտիմություն չունենալու փաստը։ Լեգիտիմ իշխանությունը չի դիմում ահաբեկչական մեթոդների սեփական ուժը ցուցադրելու և իր քաղաքական գոյությունը պահպանելու համար։ Այն, ինչ մենք ականատես ենք այսօր, ոչ այլ ինչ է, քան իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր՝ ժողովրդավարական ինստիտուտների, հանրության և հանրային վստահության դեմ։