Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպարտակի և Հին Հռոմում ստրուկների ապստամբության թեման, ինչպես մեր ժամանակներում և գուցե ապագայում էլ, ինչ-որ ժամանակահատվածում կարող է այլ ձևով կրկնվել ու մեծ հասարակական հնչեղություն ունենալ»

Հոկտեմբեր 20,2025 14:40

«Աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի բարձրարվեստ խորեոգրաֆիայով «Սպարտակի» դերապարն ինձ համար մի այլ աշխարհ է։ Ներկայացման ընթացքում խնջույքների, արշավանքների, ապստամբությունների և մարտերի տեսարանները ընդհատվում են կատաղի, կրքոտ մենախոսություններով, որոնք բացահայտում են անձնական տառապանքի խորությունը։ Ազատատենչ ու ազատասեր Սպարտակը, որը մարտահրավեր նետեց հռոմեական ռազմական մեքենային, նրա սիրելի Ֆրիգիան, նենգ կուրտիզանուհի Էգինան, վրեժխնդիր հռոմեացի հրամանատար Կրասոսը հանդիսատեսին տանում են իրենց ապրումների և հույզերի ոլորտ։ Ես սա զգացի նաև հայ հանդիսատեսի արձագանքից», — Aravot.am-ի հետ զրույցի սկզբում ասաց օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետում գլխավոր դերապարով հանդես եկած բալետի արտիստ Արտեմի Պիժովը։

Արտեմի Պիժովը երևանյան «Սպարտակ»-ում

Մեր 30-ամյա զրուցակիցը 15 տարի բեմում է, իսկ Հայաստանը՝ 50-րդ երկիրը նրա հյուրախաղային գրաֆիկում (հասկանալի պատճառով չթվարկենք երկրների ցանկը)։ Կարիերայի սկզբում՝ Վյաչեսլավ Գորդեևի ղեկավարությամբ, Մոսկվայի «Ռուսական բալետ», ապա Սլովակիայի ազգային օպերային թատրոններում պրեմիեր պարողը հանդես է եկել համաշխարհային բալետային գլուխգործոցներում՝ «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհի», «Շչելկունչիկ», «Մոխրոտը», «Դոն Կիխոտ», «Բայադերկա» և այլն։ Մրցանակների է արժանացել տարբեր միջազգային մրցույթներում, բայց առանձնացնում է Բոլշոյ թատրոնում 2013 թ. կայացած մրցույթը, որտեղ ժյուրիի աշխատանքները գլխավորել է Յուրի Գրիգորովիչը, իսկ ինքը արժանացել է երկրորդ մրցանակի։ Ափսոսանք է հայտնում, որ Ուֆայի թատրոնում «Սպարտակ»-ի բեմադրական աշխատանքների ժամանակ պատիվ չի ունեցել աշխատել հենց Գրիգորովիչի հետ, իսկ առաջին անգամ Սպարտակի դերապարով հանդես է եկել Ուֆայում՝ 2019 թ.:

(Հիշեցնենք, որ Երևանում Գրիգորովիչը «Սպարտակ»-ը բեմադրել է 2009 թ.:)

Ընթացիկ թատերաշրջանի սկզբից մեր զրուցակիցն ընտրել է ազատ արվեստագետի գործունեությունը։ Ասում է՝ բեմական գործունեության ընթացքում երբեք չի համագործակցել որևէ պրոդյուսերի հետ, և ազատ արվեստագետի կարգավիճակն իրեն գոհացնում է։

Անդրադառնալով երևանյան «Սպարտակ»-ին՝ արտիստի խոսքերով. «Ինձ առաջին հերթին գրավեց ձեր թատրոնի բալետային խումբը։ Տպավորված եմ Ֆրիգիայի դերապարով հանդես եկած Անահիտ Վասիլյանի, Էգինային մարմնավորած Էլյա Ասլանյանի, Կրասոս — Միլիտոն Կիրակոսյանի տեխնիկական և կերպարային բարձր պրոֆեսիոնալիզմով։ Հիացած եմ կորդեբալետով։ Նշեմ նաև ներկայացումը վարող դիրիժոր Աթանես Առաքելյանին, որն, գոնե ինձ համար, ըմբռնելի, հասկանալի կերպով տարավ ներկայացումը։ Շնորհակալ եմ բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանից, որի կողմից ստացել եմ հրավերը։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին՝ խոսույթ կա՝ «ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»։ Սա մի առանձին թեմա է… Իհարկե, լսել էի հայ բարձրաճաշակ հանդիսատեսի մասին, հիմա համոզվեցի»։

Մեր զրուցակիցը, հարցին ի պատասխան, ասաց, որ մեր արտիստներից ճանաչում է Րաֆֆի Գալստյանին, որը Ֆրանսիայում հանդես է եկել Էլիզաբետ Ֆորմենտոյի ընկերակցությամբ «Կարապի լիճը» բալետում, իսկ ինքը նույն պարուհու հետ՝ Գալա համերգում։ «Ի դեպ, ձեր թատրոնում ես հանդիպեցի ճապոնուհի Կանա Սեմբային և Նիկիտա Յակինչուկին, որոնց հետ աշխատել եմ Մոսկվայում՝ Վյաչեսլավ Գորդեևի ղեկավարությամբ։ Ասեմ նաև, որ Րաֆֆին ինձ տեղեկացրել էր ձեր թատրոնի պրեմիեր պարող, Սպարտակի կերպարը հիանալի մարմնավորող Ռուբեն Մուրադյանի մասին», — նշեց արտիստը՝ հավելելով, որ Երևանից անմիջապես հետո մեկնում է Իսրայել, որտեղ կմարմնավորի Արքայազնի կերպարը «Կարապի լիճը» բալետում։

Զրույցի ընթացքում չանտեսվեց նաև այսօր աշխարհում տիրող վիճակը, ինչը զուգահեռեցինք մոնումենտալ հերոսական ներկայացման՝ «Սպարտակ»-ի հետ։ Սպարտակի կերպարը վաղուց է գրավել Խաչատրյանին, որը հետագայում իր հուշերում գրել է.
«Ոմանք զարմացած էին իմ կողմից այս թեմայի ընտրությունից (լիբրետոյի հեղինակ՝ Ն. Վոլկով), նախատում էին պատմության խորքը գնալու համար։ Բայց ինձ թվում է, որ Սպարտակի և Հին Հռոմում ստրուկների ապստամբության թեման, ինչպես մեր ժամանակներում և գուցե ապագայում էլ, ինչ-որ ժամանակահատվածում կարող է այլ ձևով կրկնվել ու մեծ հասարակական հնչեղություն ունենալ։ Անհրաժեշտ է, որ իմանանք և հիշենք այն անունները, ովքեր մարդկության պատմության արշալույսին համարձակորեն բարձրացան ստրկության դեմ՝ իրենց ազատության և անկախության համար»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031