Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նախնական տվյալների Այշատը փախել էր Չեչնիայից՝ փորձելով ազատվել բռնությունից: Այս պատմությունը սարսափելի է ոչ միայն նրա համար, որ երիտասարդ կին է սպանվել, այլև սա հակամարդկային համակարգի ձեռքերի երկարացման ապացույցն է. Զարուհի Հովհաննիսյան

Հոկտեմբեր 20,2025 17:34

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր է Հայաստանում փնտրում էին Չեչնիայից Հայաստան տեղափոխված Այշատ Բայմուրադովային։ Այսօր պարզվեց, որ Այշատը սպանվել է Երևանում։ Այշատ Բայմուրադովան 23 տարեկան էր։ Ըստ նախնական տվյալների փախել էր Չեչնիայից՝ փորձելով ազատվել բռնությունից։ Փորձելով նոր կյանք սկսել մի երկրում, որտեղ, թվում էր, անվտանգ կլինի։

Եվ ահա՝ Երևանում, որտեղ նա պիտի իրեն ապահով զգար, նրա կյանքն ընդհատվեց։ Նրան որոնում էին մի քանի օր շարունակ։ Ընկերներն ասում էին՝ 15-ին գնացել էր հանդիպման՝ Instagram-ով ծանոթացած մի աղջկա հետ։ Հետո պարզվել է, որ այդ աղջկա հետևորդների մեջ կան մարդիկ՝ Ռամզան Կադիրովի շրջապատից։ Հետո լռություն։ Հետո՝ մարմինը գտած վարձով բնակարանում։ Հայաստանը պետք է դառնար ապաստանի վայր, այլ ոչ գերեզման նրա համար։

Որպես կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նախկինում նաև ապաստարանների հետ գործ ունեցած անձ ասեմ, որ Չեչնյայից փախած կանայք պնդում էին, որ եթե ամուսինները գտնեն իրենց հետքը, կենդանի կթաղեն։ Գաղտնիության պահպանումը թիվ մեկ խնդիրն էր, որպեսզի որևէ կերպ նրանց չհայտնաբերեն Հայաստանում։

Այս պատմությունը սարսափելի է ոչ միայն նրա համար, որ երիտասարդ կին է սպանվել, այլև սա հակամարդկային համակարգի ձեռքերի երկարացման ապացույցն է։ Այն համակարգի, որն իր քաղաքացիներին հալածում է նույնիսկ դրսում, այն կանանց, որոնք փորձել են ազատվել բռնությունից։

Նրանք իրավազուրկ էակներ են, իրենց կյանքի վերաբերյալ որևէ որոշում չեն կարող կայացնել, նրանց ստիպողաբար ամուսնացնում են, նրանք իրենց ընտանիքների ու ամուսինների սեփականությունն են, ու պետությունը որևէ քայլ չի ձեռնարկվում նրանց պաշտպանելու այդ մարդատյաց համակարգից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031