«Առավոտ»-ի զրուցակիցն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
–Արցախցիների համախմբման կոչով հանդես եկաք վերջերս եւ շարժմանը միանալու համար առաջարկեցիք հարցաթերթիկ լրացնել։ Ի՞նչ փուլում է համախմբման գործընթացը, մարդիկ ակտի՞վ են։
–Վերջին հանրահավաքից հետո մի փոքր դադար վերցրեցինք՝ վերափոխելու շարժումը։ Կան մարդիկ, ովքեր պատրաստ են ավելի շատ օգնել ու ներդրում ունենալ արցախցիների իրավունքների պաշտպանության համար։ Հիմա հայտարարվել է, որ ովքեր ցանկություն ունեն, կարող են միանալ մեզ։ Մարդիկ ամեն օր զանգահարում են, ասում են, որ մեզ հետ են։ Մենք էլ պլանավորում ենք տարբեր մարզերում ու համայնքներում արցախցիների հետ հանդիպումներ անցկացնել, բացատրել իրավիճակը, հասկանալ իրենց խնդիրները, թեպետ արդեն գիտենք, հետո հասկանալ, թե ժողովուրդն ի՞նչ է ուզում, ինչպե՞ս է ուզում շարունակել։ Ըստ այդմ էլ կհայտարարենք մեր հետագա քայլերը, թե ինչպես ենք մենք առաջ շարժվելու։
Բայց մեկ բան հստակ է՝ Արցախ վերադարձի հարցը միշտ լինելու է մեր առաջնային օրակարգը։ Եվ նաեւ մեր հիմնական նպատակներից է կանխել արտագաղթը, ստեղծել պայմաններ, որպեսզի արցախցիները նորմալ պայմաններով կարողանան այստեղ ապրել, ինչքան հնարավոր է, քիչ մարդ դուրս գա, որպեսզի եթե վաղը ինչ-որ հրաշքով կամ ամբողջ հայության միավորելով՝ ճանապարհ բացվի դեպի Արցախ, կարողանանք միասնական հետ գնալ։ Միաժամանակ, առանց ուժեղ Հայաստանի ես չեմ տեսնում հայկական Արցախ։ Եվ արցախցիները, այստեղ ապրելով, իրենց մասնակցությունն են ունենում Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը։
Կարդացեք նաև
-Դուք խոսում եք վերադարձի հնարավորության մասին, բայց Հայաստանի իշխանությունները փակել են Արցախի ու արցախցիների վերադարձի հարցը։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասաց, որ «փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար»։ Ինչպե՞ս եք գնահատում սա եւ ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
– Ոչ միայն վերադարձի հարցում է այդ քաղաքականությունը, շատ այլ հարցեր կան, օրինակ, բնակապահովման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այսքանից հետո արդեն հստակ է, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի արցախցին այստեղ չապրի։ Չկա արցախցի, չկա Արցախի հարց։
Մեր հավաքները ցույց տվեցին, որ իրենց հետ պետք է խոսել միայն ճնշման միջոցով։ Եթե մարդիկ հավաքվում են, իրենց ձայնը բարձրացնում, ճնշում են գործադրում, տվյալ հարցի շուրջ ինչ-որ բան փոխվում է։ Իրենք մինչ այդ նշել էին, որ բնակվարձի փոխհատուցում չի լինելու, բայց երբ մարտի 29-ին մարդիկ հավաքվեցին հրապարակում եւ ձայն բարձրացրեցին, իշխանությունները հետքայլ կատարեցին եւ եւս երկու ամիս երկարաձգեցին ծրագիրը։ Նույն ճնշման շնորհիվ բնակապահովման ծրագրում փոփոխություն եղավ դեպի լավը։ Թեկուզ դա չնչին փոփոխություն էր, բայց էլի ճնշման շնորհիվ փոփոխություն եղավ։ Հիմա մենք ինչքան հնարավոր է, պետք է ճնշում գործադրենք։
Այս իշխանության օրոք դժվար է, իրենք ամեն հարթակից կարող են ինչ-որ բան ասել։ Ես հետեւում էի Փաշինյանի եւ Թրամփի հանդիպմանը, երբ Թրամփն ասաց՝ եթե պետք է, ես կզանգեմ, Ալիեւին կխնդրեմ, որպեսզի հայ գերիներին ազատ արձակի։ Անգամ Փաշինյանը դա չնախաձեռնեց, ԱՄՆ նախագահը նախաձեռնեց։ Բայց Փաշինյանն այդ հարցը «ցրեց», որ հանկարծ այդպիսի բան չլինի։
–Դուք ասացիք, որ արցախցիների հետ հանդիպումներ անցկացնելուց հետո կորոշեք հետագա անելիքները։ Հնարավո՞ր է նորից հանրահավաքներ անցկացնեք։
-Իհարկե, ամեն բան հնարավոր է մեր ձայնը բարձր պահելու համար։ Տեսնում ենք, թե ինչպես են տարբեր երկրներում Արցախի եւ վերադարձի հարցի շուրջ բարձր մակարդակով քննարկումներ անցկացնում, հայ գերիների ազատ արձակման հարցն են քննարկում։ Մենք նաեւ պարտավոր ենք այդ ամենը անել, ասեմ, որ մեր բնակչության հետ հանդիպելուց հետո պարզ կլինեն մեր անելիքները՝ կախված նաեւ ժողովրդի ցանկությունից։
Ակցիաներ միանշանակ լինելու են, մենք չենք բացառում, որ կարող են լինել մեծ հանրահավաքներ, որովհետեւ, կրկնում եմ, այս իշխանության հետ միայն ճնշման միջոցով պետք է խոսել։ Տեսնում ենք իրավիճակ, երբ մարդիկ, լինելով բարձր պաշտոնյա, սոցիալական ցանցի իրենց էջերով հայաստանցի-արցախցի պառակտում էին մտցնում, եւ այդ նույն մարդիկ, դառնալով նախարար կամ մարզպետ, հայտարարում են, որ շուտով նոր ծրագրեր են լինելու։ Լավ, հայտարարել են, մեկ ամիս անցել է, ինչո՞ւ չկա փոփոխություն։
Իմ կարծիքն այն է, որ առջեւում ընտրություններ են, փորձում են խաբել արցախցիներին, որ իբր թե փոփոխություններ են անելու։ Նպատակ ունեն արցախցիներին խաբելով՝ ձայներ ստանալ, ցույց են տալիս, իբր թե ինչ-որ բան անում են, իրենք պարապ չեն, աշխատում են։ Բայց այդ ամենը զուտ ցուցադրական է։ Անողը չի հայտարարում, անում է, արդեն երկու տարի է՝ բռնի տեղահանված արցախցիներն ապրում են այստեղ՝ բազում դժվարությունների մեջ։ Սկզբում ինչ-որ բան արեցին՝ մարդկանց բնակապահովման վարձը տալով, ինչը փոքրիկ լուծում էր։ Բայց երկու տարի է՝ այստեղ ենք, ի՞նչ են արել զբաղվածության ոլորտում, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել։ Մեկ անիմաստ ծրագիր են մշակել, այն էլ իրենք էլ են ասել, որ այդ ծրագրերն արդյունավետ չեն։ Երբ իրենք մասնագիտական խմբերով մեզ հետ հանդիպել էին, խոստացել էին, որ ծրագրերը վերանայելու են, բայց խոստումների մեծ մասը չեն կատարել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ