Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է․ նրա համար շտապօգնության մեքենա են կանչել

Հոկտեմբեր 20,2025 18:20

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելիս՝ նրա ինքնազգացողությունը վատացել է․ ճնշումը բարձրացել, շտապօգնության մեքենա են կանչել։

Այս մասին տեղեկացանք Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Մեզ հայտնեցին, որ քաղաքապետը ճնշման խնդիր երբեք չէր ունեցել։

Հիշեցնենք, որ այսօր վեց ժամ շարունակ Գյումրու քաղաքապետարանում քննչական գործողություններ կատարելուց ու մեծ թվով քաղաքացիների դիմադրությանն արժանանալուց հետո քաղաքապետին դուրս հանեցին հետևի մուտքից՝ նրան տեղափոխելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը սակայն նշում է, որ այն, ինչ գրված է, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին, նկարագրության մեջ այլ անձի է վերաբերում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031