Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է». «Ռեա» փառատոնը՝ նորարար գաղափարների հարթակ

Հոկտեմբեր 20,2025 18:07

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնը. մեկնարկն ազդարարվել է Կինոյի տանը՝ ռեժիսոր Սիլվեն Շոմեի «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆրանսբելգիական արտադրության ֆիլմով:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, հյուրեր արտերկրից, արվեստասերներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ նշելով, որ «Ռեա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը իսկապես տոն է բոլոր արվեստասերների համար. «Այսօր Երևանի մշակութային էպիկենտրոններից մեկում՝ Կինոյի տանը ազդարարում ենք տարիների ընթացքում կայացած մի փառատոն մասին, որը ստեղծագործական համարձակության, ոգեշնչման և արվեստի տոնի խորհրդանիշ է։ «Ռեա» փառատոնը մեր ամենավառ մշակութային իրադարձություններից մեկն է։ Այն իր շուրջ է համախմբում արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիշեցնելով, որ անիմացիան միայն կինո չէ. այն պատմություններ, պատմվածքներ ստեղծելու և պատմելու արվեստ է, հոգու շարժման և երազելու լեզու»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին պետության կողմից ոլորտի զարգացմանը հատկացվել է մոտ 170 միլիոն դրամ, որը վկայում է՝ պետությունը խորապես կարևորում է ոլորտի ապագան և դրա միջազգային ներկայությունը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի ձեռքբերումներին ու հաղթանակներին՝  նշելով, որ Հայաստանում նորարարական, ժամանակակից գաղափարներ կյանքի կոչելու բոլոր նախադրյալները կան։ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին, հյուրերին՝ Հայաստան ժամանելու և իրենց ստեղծագործ աշխարհով կիսվելու համար, ինչպես նաև երիտասարդներին, որոնք ներկայացնում են հայկական անիմացիայի ապագան։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ելույթում նշել է, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է «ՌեԱ» փառատոնին, որը համախմբում է ոլորտի մասնագետներին, երիտասարդ ստեղծագործողներին և հանդիսատեսին:

«Սա հարթակ է, որը ներկայացնում է բարձրորակ և նորարարական ստեղծագործություններ՝ ընդգծելով անիմացիայի կարևորությունը և մեզ տալիս է երազելու, մտածելու և երևակայելու հնարավորություն»,- ասել է  Վասիլիս Մարագոսը:

«ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորել է պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը՝ նշելով, որ վերջին երեք տարում թարգմանել և հրատարակել են պատկերապատման մի քանի հրաշալի գրքեր՝ Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը. կարմիր պաստառի մահապարտները»,  Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում», Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջ», Լենա Դերունցի «Մխիթարանքը»:

«Մեր նպատակը պատկերապատման արվեստը զարգացնելն է. վերջին երեք տարում փառատոնի շրջանակում կազմակերպում ենք պատկերապատման մրցույթ ու նպաստում ոլորտի զարգացմանը»,- ասել է Քասունին:

Հիշեցնենք, որ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 17-րդ միջազգային փառատոնն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 19-25-ը:

Փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, իսկ գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031