ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով այսօր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելուն եւ քաղաքապետարանի հետնամուտքից Երեւան տեղափոխելուն, ինչը ընդդիմադիր դաշտում գնահատում են որպես մարդու պարզ առեւանգում, եւ դիտարկմանը, թե կարո՞ղ է, դրա պատճառ հանդիսանալ այն, որ Վարդան Ղուկասյանը վերջերս հրապարակավ հայտարարել էր, թե դիմելու է դատարան, քանի որ բյուջեով հանրապետության երկրորդ քաղաքին հասանելիք գումարը կառավարությունը Գյումրիին չի հատկացնում, ասաց. «Հնարավոր է: Ես չեմ կարող ասել, այո կամ ոչ: Ավելի հավանական եմ համարում դա, որովհետեւ եթե Գյումրին դատի տար կառավարությանը եւ այդպես վարվեին մնացած 70 համայնքները, կենտրոնական կառավարությունը ստիպված կլիներ համայնքներին զիջել շուրջ 700 միլիարդ դրամ: Այսինքն, մեր բյուջեի եկամուտների մոտ 25 %-ը:
Մենք ունենք սահմանադրություն: Նրա 185 եւ 186 հոդվածներն ասում են, որ ՏԻՄ մարմինները, որից, կարծեմ, 71-ն ունենք, պետք է ունենան այնքան բյուջե, ինչքան իրենց պատվիրակված է գործառույթ: Եվ համայնքների բյուջեները չեն կարող դեֆիցիտային լինել: Դեֆիցիտային կարող է լինել պետական բյուջեն: Սահմանադրության վրա հիմնված ՏԻՄ մարմինների մասին օրենքի 85, 86, 87 հոդվածներն էլ ասում են, որ ՏԻՄ-երը ստանում են գույքահարկը, տեղական տուրքերը, տեղական հարկերը, ինչը որ Հայաստանում համարյա չկա, ինչպես նաեւ մասհանումներ շահութահարկից եւ եկամտահարկից»:
Պարոն Բագրատյանը հանրամատչելի ձեւով բացատրեց, թե այս հարցով ինչ է նախատեսում օրենքը եւ ինչ է կատարվում իրականում եւ նշեց. «Եթե հաշվում ենք, Գյումրի քաղաքի բյուջեն պետք է լինի 27 մլրդ. դրամ, այսինքն, շուրջ $ 60 մլն: Հիմա Գյումրիի բյուջեն 5,5 մլրդ. դրամ է:
Պարոն Ղուկասյանը միակ մարդն է եղել, որ ասում է՝ ես քեզ դատի եմ տալիս եւ գնում եմ Սահմանադրական դատարան, որովհետեւ խախտում եք Սահմանադրությունը: Այսպիսի մտադրություն ուներ նաեւ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը: Նրանք էլ էին հետաքրքրված սրանով»:
Կարդացեք նաև
Նախկին վարչապետը արձանագրեց, որ 700 միլիարդ դրամ Նիկոլ Փաշինյանը ապօրինի բերում է Երեւան եւ ասում. «դե եկեք՝ ինձանից ուզեք»: Ուշադրություն դարձրեք: Այն համայնքներում, որտեղ կառավարում է ՔՊ-ն, նման հարց չի ծագում: Սուս ու փուս ծախսում են այն, ինչ իրենց տալիս են: Եվ բնակչությանը հորդորեց ՏԻՄ ընտրություններում անել այնպես, որ հաղթի ընդդիմությունը, որովհետեւ այդպես շանս կունենան բյուջե ունենալու:
Հրանտ Բագրատյանը որոշակի անդրադարձ կատարեց նաեւ Երեւանին: «Երբ ասում են՝ Երեւանում մետրո են կառուցելու, անմիջապես ասեք. «Ստում եք»: Որովհետեւ մետրոյի մեկ կայարանի արժեքը կկազմի $ 200-250 մլն: Այդքան փող քեզ որտեղի՞ց, երբ դա մոտավորապես քո ամբողջ բյուջեն է: Մետրոյի կայարան կարող է կառուցել միայն Նիկոլ Փաշինյանը: Բայց այդ դեպքում նա եղած բյուջետային միջոցները պետք է խնայողաբար օգտագործի: Բայց նա ցփնում է: Ցոփ կյանք է վարում սկսած անձնական կյանքից՝ պարգեւատրումներ, մեքենաներ, ինքը, կինը, երեխաները… անում են ծախսեր, որ իրենց թույլ տրված չի: Այն օրը Սայաթ-Նովայով գնում էր: ՔՊ-ի ինչ-որ նիստ էր երեւի: Հաշվեցի, 28 մեքենայով էր ման գալիս: Մեր ժամանակ հանրապետության առաջին նախագահը ման էր գալիս վեց մեքենայով, ես՝ մեկ մեքենայով: Եվ այն դեպքում, երբ մենք պատերազմ էինք հաղթել թուրքերի դեմ եւ նրանք հանգիստ կարող էին ուղարկել մի քանի գործակալ՝ մեզ վերացնելու»:
Նախկին Վարչապետը կարծիք հայտնեց, որ «Փաշինյանը կարող է Հայաստանում գոյատեւել Հայաստանին անընդհատ վնասներ տալով: Ստոպ չի լինելու: Մտածում է, որ եթե ստոպ տվեց, ժողովրդավարական ալիքը իրեն կքշի իշխանությունից: Ինքը գիտի, թե ինչ վատություններ է արել եւ այդ դեպքում ինքը դատարաններից չի պրծնելու: Դրա համար ինքը դարձել է շատ վտանգավոր: Ես այդպես եմ մտածում»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ