Այսօր դիմել ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործով. հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Աբգար Պողոսյանը:
«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքների կոպիտ խախտման փաստը, ձերբակալման ոչ իրավաչափ ձևը և այս պահին ընտրված խափանման միջոցի անհամաչափությունը, այսօր դիմել ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց պետությունները վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան:
Մեր ակնկալիքն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք՝ չունեն որևէ իրավական հիմնավորում, ուղղված են հասարակությունում վախի մթնոլորտի ստեղծմանը, նպատակ ունեն խոչընդոտել փաստաբաններին՝ ազատորեն իրականացնելու իրենց մասնագիտական պարտականությունները։
Փաստաբանական համայնքը որպես իրավական պետության անկյունաքար պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և հալածանքից: Կոչ ենք արել դեսպաններին բարձրացնել իրենց ձայնը և ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցող իրադարձությունները:
Կարդացեք նաև
Մենք շարունակելու ենք պայքարել մեր գործընկերոջ իրավունքների համար՝ օգտագործելով օրինական բոլոր միջոցները»,-ասված է հայտարարության մեջ: