Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ ապօրինի շինություն չէր կարողանա օրինականացնել, քանի որ օրինականացման ժամկետը լրացել է. պաշտպան

Հոկտեմբեր 20,2025 21:12

-Այս պահի դրությամբ կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացված չէ, նոր են մեղադրանք ներկայացրել: Այս պահին Վարդան Ղուկասյանը դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում է: Իր առողջական վիճակը չեմ ասի՝ նորմալ է, բայց շտապ օգնության մեքենան իր համար չի եղել-,-լրագրողներին ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը:

-Սկզբում, որ հաղորդագրություն էին տարածել դրվագների մասին, որ իբր ապօրինի շինություն օրինականացնելու եւ այլն, այդ դրվագներից որեւէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար: Այդ դրվագները վերաբերել 2024 թվականի հոկտեմբեր- դեկտեմբեր, 2025 թվականի փետրվար ամիսներին: Որի ժամանակ քաղաքապետի պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք՝ ով է եղել: Ձայնագրության հատվածական տարածումներում որեւէ խոսք չկա կաշառքի մասին:

Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու համար, մեղադրանքը վերաբերում է նրան, որ ինչ-որ մեկից կաշառք է պահանջել: Վարդան Ղուկասյանը հերքել է գումարային որեւէ խոսակցություն որեւէ մեկի հետ, ցանկացած խորհրդակցությունների ժամանակ նա բոլորի հետ խոսում է գումարների մասին՝ եթե ինքնակամ շինությունները օրինականացվեն, ինչքան կկազմի դրանց գույքահարկը ու քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն: Խոսքը կարող է լինել բացառապես դրա մասին,- շարունակեց Ղուկասյանը:

Նա համատեքստից դուրս խոսակցություններ որակեց հրապարակված ձայնագրությունները. «Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ ապօրինի շինություն չէր կարողանա օրինականացնել, քանի որ օրինականացման ժամկետը լրացել է: Գյումրիում մինչեւ 2024 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունն օրինականացնել: Կտրած- կպցրած խոսակցություն է: Մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում»:

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031