«Մեր ձեւով». Ի՞նչ էր անում Ռուբեն Մխիթարյանը նախքան բերման ենթարկվելը:
Ինչպես երևում է, նախքան ձերբակալվելը «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը պարզել էր դեպի վեր և փորձում էր հանդարտեցնել իրավիճակը:
Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը:
Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սև բերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:
Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին…(նկատի ունի ոստիկանները քաղաքացիներին)»:
Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած:
Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանականությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ։