Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը Վարդան Ղուկասյանին, նույնիսկ քաղաքային իշխանությանը չի վերաբերում: Նիկոլ Փաշինյանը պետք է հնարավոր բոլոր այլընտրանքային օջախները ոչնչացնի». Անդրանիկ Թեւանյան

Հոկտեմբեր 20,2025 21:45

«Մայր Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը «Հայելի» ակումբում իր եւ իր ղեկավարած քաղաքական ուժի անունից դատապարտեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու քաղաքապետարանի այլ աշխատակիցների ձերբակալությունը:

«Բացարձակապես կապ չունի, թե ով է Վարդան Ղուկասյանը, հավանում ենք նրան, չենք հավանում: Բայց տվյալ դեպքում հարցը Վարդան Ղուկասյանին չի վերաբերում, նույնիսկ քաղաքային իշխանությանը չի վերաբերում: Տվյալ դեպքում հարցը վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ իրականացնում է թուրք-ադրբեջանական պահանջները, նրանց նախապայմաններն է կյանքի կոչում, դրա համար պետք է հնարավոր բոլոր՝ այլընտրանքային, ինքնության, դիմադրության եւ այլ օջախները ոչնչացնի: Դա վերաբերում է եւ Հայ Առաքելական եկեղեցուն, բանակին, դա վերաբերում է առանձին անհատների:

Եթե քաղաքական, արժեքային գնահատական տանք եւ իրավական տեսակետից նայենք, թե ինչ է տեղի ունենում Գյումրու քաղաքապետարանի հետ, կստացվի հետեւյալը: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ապօրինի հրահանգներ է տալիս եւ ասում՝ հեսա կտեսնեք, թե ինչ ենք անելու Գյումրու քաղաքապետի հետ: Իրավապահ կոչված համակարգը դա ընդունում է որպես ցուցում, եւ գործողություններ են արվում Գյումրու քաղաքապետարանի եւ քաղաքապետի դեմ: Սա ապօրինություն է, սա հարձակում է ՏԻՄ համակարգի վրա, ժողովրդավարության վերջին փշրանքների ոտնահարում է: Սա նաեւ մեսիջ է Վաղարշապատի ընտրություններից առաջ, թե տեսեք՝ ինչ կանենք, եթե մեր մարդը չլինի:

Եվ սա հաստատում է այն ողջամիտ կասկածը, որ Փարաքարում տեղի ունեցած սպանությունը քաղաքական է, որովհետեւ ժամանակին փորձ էր արվել ապօրինի ձեւով վերցնել իշխանությունը: Չեն կարողացել: Մի տեղ կալանավորում են, մի տեղ, եթե վերցնենք վենդետայի վարկածը, չեն խոչընդոտում՝ մյուս կողմը ՔՊ է, չէ՞: Այսինքն, առնվազն լուռ հետեւել են, թե ինչ զարգացում կարող է տեղի ունենալ: Եվ պատահական չէ, որ դրանից հետո սկսեցին արդարացնել այդ սպանությունը՝ սպանողին ներկայացնելով որպես զոհ, որը դարդեր է ունեցել»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Անդրադառնալով 2026 թվականի համապետական ընտրություններում առանձին-առանձին քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պայքարով իշխանափոխություն իրականացնելուն՝ պարոն Թեւանյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը մասնակցելու է ընտրություններին: «Պայքարի գործիքներից մեկը նաեւ ընտրություններն են: Մենք քաղաքական բոլոր գործիքակազմերը օգտագործելու ենք: Ընտրություններից որպես գործիք, չենք կարող հրաժարվել: Ովքեր հրաժարվում են ընտրություններից, թող այլընտրանք առաջարկեն: Պայքարի մնացած ճանապարհները պետք է տեսնել, թե որքանով են արդյունավետ»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031