Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկականությունն իմ արյան մեջ է». Ռուդոլֆ Խառատյան

Հոկտեմբեր 20,2025 22:55

ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի բալետմայստեր, շուրջ  100 աշխատանքների հեղինակ Ռուդոլֆ Խառատյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ երբ  տարիներ առաջ աշխատանքի բերումով հաստատվել էր Վաշինգտոնում, այդ ժամանակ  գլխում մի միտք էր պտտվում, որ պետք է վերադառնա հայրենիք: «Ուզում էի գալ Հայաստան ու սովորեցնել, թե աշխարհն ուր է ընթանում եւ հայն ինչ դերակատարություն ունի այդ ամենի մեջ»,-ասում է  բալետմայստերը;

Նաեւ ընդգծում է, որ չնայած իբրեւ ձեւ՝ բալետն իտալական երեւույթ է, սակայն պարարվեստը ծնվել է հենց Հայկական լեռնաշխարհում, վկայակոչում է Սյունիքի հնագույն ժայռապատկերները, որոնցում կան դասական պարի պատկերներ:

Ռուդոլֆ Խառատյանի բեմադրություններում  եւ գեղանկարչական աշխատանքներում  շեշտադրված են հոգեւոր թեմաները: Խոսելով իր «Զույգ արեգակներ» բալետային ներկայացման մասին՝ արվեստագետը նշում է, որ Նարեկացու կերպարն իր համար շատ կարեւոր է: «Զույգ արեգակները» բալետային լեզվով պատում է՝ ըստ Նարեկացու Մատյան ողբերգության պոեմի, ու հենց այս բալետային ներկայացան մեջ է, որ Նարեկացին, Թորոս Ռոսլինը, Արշիլ Գորկին, Պատմիչը հանդիպում են նույն տարածության եւ ժամանակի մեջ:

Հայի ինքնության հիմնական առանցքների մասին խոսելիս Ռուդոլֆ Խառատյանը հուզվում է. «Հայն իմ հայրենիքն է, իմ հայրն է, մայրն է, Հայաստանը… Հայկականությունն իմ արյան մեջ է»:

Ասում է՝ երբ Վաշինգտոնում ստեղծում էր «Արքա» բալետը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն էր, միշտ ծրագրում պարտադիր հայկական բաղադրիչ էր ներառում:

Գլոբալիզացիայի մասին խոսելիս՝ ասում է պետք է զգույշ լինել, աշխարհն այնքան սրընթաց է առաջ գնում, որ երբեմն չես կարողանում հասկանալ, թե որտեղ է քո տեղը, բայց կարեւորը ազգային դիմագիծը պահելն է, միեւնույն ժամանակ շեշտում է. «Պարարվեստը ֆոլկլորը չէ, դասական պարարվեստում բոլոր ազգերը նույն բաներն են անում»:

Հայոց եկեղեցու մասին խոսելիս բալետմայստերը նշում է. «Հայոց եկեղեցին դարերով առաջնորդել է մեր երկիրը»:

Դառնալով կրկին իր «Զույգ արեգակներին»՝ արվեստագետը հիշեցնում է, որ այնտեղ Մեսրոպ Մաշտոցի շարականներն է ընդգրկել, եւ այդ կերպ  վերստին փաստել է, որ ամեն արժեքավոր բան հոգեւորի վրա է խարսխված: Անվանի  բալետմայստերը նաեւ շեշտում է, որ ամեն անգամ, երբ փորձում են  մեզանից խլել մեր երազները, հենվում ենք հենց  Հայոց եկեղեցու վրա:

Հավելենք, որ Ռուդոլֆ Խառատյանը հարուստ եւ փառահեղ կենսագրություն ունի, ի թիվս այլոց՝ նա դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին, American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին եւ Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։

Վարպետաց դասեր է անցկացրել Վաշինգտոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալթիմորի կոնսերվատորիայի բալետի բաժնում,  Մոնրեալի Les Ballets Classic du Montreal-ում  եւ այլուր: Նրա  սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։  Ռուդոլֆ Խառատյանի գեղանկարչական աշխատանքները մասնակցել են մի շարք ցուցահանդեսների եւ բիենալեների, ստացել մրցանակներ, դրանց մի մասը գտնվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի եւ Հայաստանի մասնավոր հավաքածուներում:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031