Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին՝ ամենուր մերժել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին». «Հայաստան» խմբակցություն

Հոկտեմբեր 20,2025 22:50

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու համայնքապետարանի պաշարումը, ուժային համակարգի միջոցով հանրապետությունում վախի մթնոլորտ սերմանելու փորձերն ապացուցում են, որ գործող իշխանությունը չի հանդուրժում ժողովրդի ընտրությունը։

Վերջերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Գյումրի համայնքի ղեկավարին ուժով հեռացնելու մտադրության մասին։ Այսօր այդ մտադրությունը վերածվեց բռնի գործողության։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական իշխանությունները շինծու մեղադրանքներով դատապարտել կամ կալանավորել էին Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ընտրված ղեկավարներին։

Վաղարշապատ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձերբակալությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմիններին․ իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ ինքնուրույնություն։

Մենք դատապարտում ենք ժողովրդավարության հիմքերի դեմ հերթական հարձակումը և դիմում միջազգային կառույցներին՝

Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ անմիջապես արձագանքել ժողովրդավարության դեմ իրականացվող համակարգված արշավին։

Մենք սատարում ենք գյումրեցիների մեծամասնության՝ իրենց ընտրությունը պաշտպանելու իրավունքը եւ կոչ ենք անում Գյումրու ավագանու անդամներին՝ համախմբվել և թույլ չտալ գործող վարչախմբի կողմից իշխանազավթումը։

Հորդորում ենք Հայաստանի քաղաքացիներին՝ ամենուր մերժել այս իշխանությանը։

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին։ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է։

 

«Հայաստան» խմբակցություն

20 հոկտեմբերի 2025թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031