Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 20,2025 23:13

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը

 

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը։

Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն և դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։

Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ,

Սևծովյան տարածաշրջանը մշտապես եղել է քաղաքակրթությունների, առևտրի և աշխարհաքաղաքական հետաքրքրությունների խաչմերուկ։ Այն կարևոր կապող օղակ է Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև, որտեղ ընդլայնված փոխգործակցությունը կարող է նպաստել փոխկապակցվածությանն ու կայուն զարգացմանը, ինչպես նաև փոխշահավետ գործընկերությունների ձևավորմանն՝ էապես փոխակերպելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական լանդշաֆտը։ Սրանք ոչ թե պարզապես խոսքեր են կամ հավակնոտ տեսլական, այլ այսօրվա հրամայականը։

Այս համատեքստում, մենք, իհարկե, գիտակցում ենք, որ այս տեսլականի իրագործումը հնարավոր է միայն խաղաղության և կայունության պայմաններում։

Այն ժամանակ, երբ Սևծովյան տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, որը հանգեցրել է նաև ծանր մարդկային տառապանքների, Հարավային Կովկասը վերջին շրջանում անցում է կատարել դեպի տևական խաղաղության։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ Հռչակագիրը, իսկ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրվեց իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու և փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։

Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանն բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության և համագործակցության  վերածելու գործում։

Հարգելի՛ գործընկերներ,

Պատմությունը մեզ կարևոր դասեր է տալիս: Եվրոպական միությունը ծնվել է պատերազմի մոխրից՝ կառուցված այն տեսլականի վրա, որ ընդհանուր տնտեսական շահերը՝ նախ ածխի և պողպատի ոլորտներում, կարող են դարձնել ապագա հակամարտությունը իռացիոնալ։

Գտնվելով խաչմերուկում՝ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող շղթայում: Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը՝ ներառյալ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա անբաժանելի մասը՝ TRIPP ուղին («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար  ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո: Ամրապնդելով այս շղթան՝ մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկախվածությունը և կայուն աճը: Ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողովում. «Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն»:

Սա է նաև պատճառը, որ մենք ողջունում ենք Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ Համակարգող հարթակի ստեղծումը, և Հայաստանը պատրաստ է լինել ակտիվ և կառուցողական գործընկեր դրա հաջողության ապահովման գործում՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP ուղու ներառման միջոցով ։

Հարգելի՛ գործընկերներ,

Հարավային Կովկասում անվտանգության և կայունության այս նոր շրջանն առավել ամրապնդվում է Հայաստանի՝ երկրի դիմակայունությունն առավել ամրապնդելու հանձնառությամբ, և Եվրոպական միության հետ մեր գործընկերությունը կենտրոնական դեր ունի այս ջանքերում։

Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգում մենք ավելացրել ենք անվտանգության նշանակալի բաղադրիչ  մեր հարաբերությունները  քաղաքական և տնտեսական համագործակցության շրջանակներից ընդլայնելով ռազմավարական գործընկերության հարթություն։

Բարձր մակարդակի քաղաքական և անվտանգային երկխոսությունը, անվտանգային և պաշտպանական պարբերական խորհրդակցությունները, ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, համաձայնագիրը, որը սահմանում է ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաև աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի, «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցով, Ռազմավարական գործընկերության օրակարգը. բոլորը միասին նպաստում են Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների:

Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների  իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցություն այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս ջանքերում դուք կարող եք հույս դնել Հայաստանի հետ համագործակցության վրա՝ որպես վստահելի գործընկեր։

Շնորհակալություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031