Հայաստանում աղքատության խորացմանը նպաստում են կառուցվածքային մի շարք խնդիրներ։ Աշխատաշուկայում շարունակում է գերակշռել ոչ ֆորմալ հատվածը, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկված են սոցիալական ապահովագրության համակարգից և աշխատանքային իրավունքներից։ Այդ հատվածում աշխատողները հաճախ չեն ստանում նվազագույն աշխատավարձ, չունեն արձակուրդի և այլ սոցիալական երաշխիքներ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի ցանկացած տնտեսական ցնցման ժամանակ։
Գյուղատնտեսական հատվածում զբաղված մեծ թվով մարդիկ շարունակում են աշխատել ամենանվազ արդյունավետությամբ՝ չունենալով ժամանակակից տեխնոլոգիաների, ներդրումների, ինչպես նաև պետական աջակցության բավարար հասանելիություն։ Գյուղերում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է քաղաքների համեմատ, իսկ սոցիալական բևեռացումը տարեցտարի խորանում է։
Ինչ վերաբերում է պետական սոցիալական քաղաքականությանը, ապա թեև այն նպատակաուղղված է եղել սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, այդուամենայնիվ, հաճախ չի հասնում իր նպատակին կամ արդյունավետ չի իրականացվում։ Սոցիալական նպաստների համակարգը ենթարկվում է բարեփոխումների, սակայն դրանց ծավալն ու տրամադրման արդյունավետությունը մեծամասամբ բավարար չեն, իսկ նպաստների չափը շատ քիչ է։
Միևնույն ժամանակ, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան, թափանցիկության պակասը և հաշվետվողականության բացակայությունը խոչընդոտում են պետական միջոցների արդյունավետ բաշխմանը, ինչի արդյունքում աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումները հաճախ մնում են ձևական կամ թերի։
Կարդացեք նաև
Աղքատության խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի ոչ թե որպես մեկ սոցիալական երևույթ, այլ որպես համակարգային հետևանք տնտեսական, կրթական, կառավարման և սոցիալական քաղաքականության համակցված թերությունների։ Այսինքն, աղքատության հաղթահարման իրական ռազմավարությունը պետք է լինի համապարփակ՝ միաժամանակ ներառելով տնտեսական աճի խթանումը, կրթության որակի բարձրացումը, աշխատանքի արժևորման և արդար բաշխման մեխանիզմների ձևավորումը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությունը։
Առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական կառուցվածքային վերափոխման իրականացում։ Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս գա ներկա փուլում տիրապետող «սպառման ու ծառայությունների տնտեսության» մոդելից և զարգացնի բարձր արժեք ստեղծող ոլորտներ՝ արդյունաբերություն, տեխնոլոգիաներ, գյուղմթերքի վերամշակում, կանաչ էներգետիկա։ Սա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է։ Եթե ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական բիզնեսը կարող է աճել և թողարկել մրցունակ արտադրանք, ապա աղքատության դեմ պայքարը կդառնա ինքնավերարտադրողական գործընթաց՝ ոչ թե օգնությունների, այլ աշխատանքի միջոցով։
Երկրորդ հերթին՝ աշխատանքի արժևորման և աշխատավարձերի արդար բաշխման քաղաքականություն է անհրաժեշտ։ Այսօր Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ամբողջ դրույքով, սակայն շարունակում են մնալ աղքատության սահմանագծից ցածր։ Սա նշանակում է, որ աղքատության խնդիրը միայն գործազրկությունը չէ, այլ նաև ցածր վարձատրությունը։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը՝ զուգահեռ հարկային արտոնություններ տալով այն գործատուներին, որոնք ստեղծում են որակյալ և արժանապատիվ աշխատատեղեր։
Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ, առանց կրթության համակարգի խորքային բարեփոխման, աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել։ Հայաստանում կրթությունը դեռևս չի տալիս այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։ Պետք է ներդնել որակյալ մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրեր մարզերում, իրականացնել պետական-մասնավոր համատեղ կրթական նախագծեր, որպեսզի երիտասարդությունը ստանա կիրառական գիտելիքներ և աշխատելու հնարավորություն հենց Հայաստանի ներսում։ Սոցիալական քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի՝ դառնալով ոչ թե օգնություն բաժանող, այլ մարդկանց հզորացնող համակարգ։ Պետությունը պետք է ուղղի աջակցությունը ոչ թե երկարաժամկետ նպաստների, այլ մասնագիտական վերապատրաստման, փոքր բիզնեսի ֆինանսավորման, գյուղատնտեսական նորարարությունների ու համայնքային զարգացման ծրագրերի վրա։ Նպատակն այն չէ, որ մարդիկ ստանան պարբերական օգնություն, այլ այն, որ կարողանան ինքնուրույն ապահովել իրենց եկամուտը։
Տարածքային անհավասարությունների կրճատումը նույնպես կարևոր նախապայման է։ Հայաստանի աղքատության հիմնական բեռը կրում են սահմանամերձ և լեռնային շրջանները։ Պետք է ներդնել պետական ծրագրեր՝ ուղղված մարզերի ու հատկապես սահմանամերձ շրջանների տնտեսական աշխուժացմանը՝ հարկային արտոնություններով, ենթակառուցվածքների զարգացմամբ, տեղական արտադրության խրախուսմամբ։ Մարզերի զարգացումը կնպաստի նաև Երևանի գերբեռնվածության նվազեցմանը, տարածքային համաչափ զարգացմանը և ժողովրդագրական հավասարակշռությանը։
Աղքատության դեմ պայքարի տեսանկյունից շատ կարևոր է պետական կառավարման և հակակոռուպցիոն համակարգերի ամրապնդումը։ Աղքատության դեմ պայքարը հնարավոր չէ, եթե պետական միջոցները վատնվում, փոշիացվում են անարդյունավետ ծախսերի արդյունքում կամ ուղղվում են սխալ ուղղություններով։ Անհրաժեշտ է ապահովել սոցիալական ծրագրերի թափանցիկ վերահսկողություն, բյուջետային ծախսերի հաշվետվողականություն և պետական գնումների արդար մրցակցային մեխանիզմներ։ Եվ, վերջապես, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն։ Աղքատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես անհատի «անձնական ձախողում», այլ որպես հանրային համախմբման պահանջ։ Հարկավոր է աղքատության մեջ գտնվող մարդուն օգնել, որ նա դուրս գա այդ վիճակից, ոչ թե նրան մեղադրել, թե «աղքատությունն իր գլխում է, դրա համար էլ աղքատ է»։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։