Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաձորցու բողոքի հիման վրա քրեական վարույթ չի հարուցվի, եթե անգամ Սպիտակ համայնքի ղեկավարն իսկապես նրան ծեծել է. «Ազատություն»

Հոկտեմբեր 21,2025 10:52

«Ազատություն». Քարաձորցի Գագիկ Էմինյանի բողոքի հիման վրա քրեական վարույթ չի հարուցվի, եթե անգամ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իսկապես նրան ծեծել է։

Երկու օր առաջ Քարաձորի բնակիչը նման բողոքով Ոստիկանություն էր դիմել: Այսօր Քննչական կոմիտեից հայտնեցին՝ գանգատը մասնավոր է, Քրեական օրենսգրքի վերջին փոփոխություններով` դեպքը կարող է քննել միայն դատարանը, այն էլ՝ եթե ենթադրաբար ծեծված քաղաքացին ինքը դիմի դատարան։ Հակառակ դեպքում՝ անգամ եթե բարձրաստիճան պաշտոնյան իսկապես մեղավոր է, կմնա անպատիժ։

Երկու օր առաջ 35-ամյա Գագիկ Էմինյանն «Ազատությանը» պատմել էր՝ Սպիտակի քաղաքապետարան էր գնացել ընդամենը իր ջրի խնդրով, այնտեղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն իրեն հայհոյանքով, վիրավորանքով ու հարվածներով էր պատասխանել:

Այսօր չնկարահանվելու պայմանով Էմինյանն ասաց՝ իր պահանջը միայն ջրի մասին է. – «Դե հմի թող ինձ ջուր գա, էս էլ իմ լվացքի մեքենայի ջուրն ա, էրեխանց շորերը չեմ կարում լվամ: … Ո՞ւ գնամ լաց ըլեմ, որ իմ քյորփի հմար ջուր գա, իմ րեխեն ռավոդ բարլուսով չգնա խալխի տները լվացվի: … Էրկու րոպե գալիս ա, էլ չի գալիս»:

Գյուղում սուբվենցիոն ծրագրով միլիոնավոր դրամներ են ծախսվել։ 120 տան համար խմելու ջուր են հասցրել։ Բայց տնակում ապրող Գագիկի ընտանիքն այդ թանկարժեք ջրից այդպես էլ չի օգտվում։

Այսօր գյուղի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանն ասաց՝ Քարաձորի բնակիչների մեջ ջոկողություն չեն դրել։ Գագիկի տնակ ջուրը հատուկ ջրագծով են անցկացրել, բայց ինչու այդպես էլ տեղ չի հասնում՝ նրա համար էլ հանելուկ է։ Հաստատում է միայն՝ մի քանի անգամ ջրի նոր անցկացված ջրագիծը խցանվել է, իրենց ուժերով բացել են: Բայց ինչու է խմելու ջրի խողովակը գրեթե ամեն օր խցանվում՝ դրա պատասխանն էլ չկա: Վարչական ղեկավարը ցույց է տալիս՝ 200 մետր այն կողմ, նույն ուղղությամբ հարևանն այս պահին էլ վարար ջուր ունի: Մինչդեռ Գագիկենց ծորակը չոր է:

Զրույցի ավարտին վարչական ղեկավարը Գագիկին հորդորեց, որ համայնքապետի դեմ բողոքը Ոստիկանությունից հետ վերցնի։ Գագիկն այդպես էլ հստակ չպատասխանեց՝ կհրաժարվի՞ բողոքից, թե՞ ոչ, մանավանդ որ Քննչականը որոշել է բողոքն անհետևանք թողնել։

Կարինե Սիմոնյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031