Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ քայլերով գնում ենք դեպի դիկտատուրա: Փաստաբանին խոսքի համար տապալում եք գետնին, որ ի՞նչ լինի, որ Նիկոլ Փաշինյանը «միակ տղամարդու» տպավորությո՞ւն թողնի. Նինա Կարապետյանց. «Հրապարակ»

Հոկտեմբեր 21,2025 11:43

 Զրուցել ենք իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցի հետ:

– Ձեր կարծիքով` ի՞նչ պրոցեսներ են այժմ ընթանում Գյումրիում եւ երկրում: Եթե անգամ մարդն ինչ-որ հանցանք է գործում, կարելի՞ է նման կերպ վարվել:

– Կարելի է, եթե դու ժողովրդավարության հետ աղերս չունեցող պետություն ես, կարելի է, եթե դու իրավական պետություն չես, իսկ պետության ղեկին մի մարդ է, որը ֆեյսբուքյան նամականիով հրահանգներ է տալիս իրավապահներին: Կարելի է, եթե ունես Ազգային ժողով, որի ներկայացուցիչներն ընթացող գործերի վերաբերյալ գնահատականներ են տալիս, իսկ մնացյալի վրա՝ մատ թափ տալիս եւ պնդում, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իրենց տեսակետները, պատժվելու են: Կարելի է, եթե պետության ներսում այլեւս չկա քաղաքացիական հասարակություն: Այն կուռ քաղհասարակությունը, որ կար առաջներում, այժմ չգիտես, թե ինչի է վերածվել: Այս ամենը ժողովրդավարության մասին չէ: Այս բոլոր գործընթացներն աղերս չունեն իրավական պետության հետ: Շատ ավտորիտար, դիկտատուրական երկրներում նույն այս իրավիճակն է, եւ մարդիկ այդպես ապրել են: Եթե մեր հասարակությունը հաշտ է այս ամենի հետ, ուրեմն վստահաբար կարող ենք ասել, որ պրոցեսները լինելու են շարունակական: Երկար ժամանակ խոսում եմ այն մասին, որ այս մարդը կանգ չի առնելու, ռեպրեսիաները լինելու են շարունակական: Բոլորի հետ էլ այսպես են վարվելու: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Նիկոլի թիմից են, եւ իրենց վտանգ չի սպառնում, չարաչար սխալվում են, բոլորի դուռը Նիկոլը թակելու է: Այդ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է ժողովրդավարությունը, եւ թե ինչ կրակի հետ են իրենք խաղում: Այս ամենը մի օր պետք է կանգնեցվի: Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ այս գործընթացը խիստ մերժելի է եւ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Հայաստանը գնում է դեպի դիկտատուրա: Այն պարտավորությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը ստանձնել է դրսում եւ որի մասին պարբերաբար խոսում է, օրինակ, Ադրբեջանի ղեկավարությունը, խնդիր է առաջացնում: Նա պարտավոր է իր առջեւ դրված պարտավորություններն իրականացնել, սակայն ժողովրդավարության անվան տակ չի կարող նման քայլեր անել: Եվ, որ ամենատխուրն է, այս ամենը ներկայացվում է իբրեւ ռուսական թեւին թուլացնելու համար: Ես ՌԴ-ի մոլի երկրպագուն երբեւիցե չեմ եղել, բայց ռուսների դեմ պայքարելու իմիտացիայի ֆոնին ուղիղ քայլերով գնում ենք դեպի դիկտատուրա:

– Իսկ անհասցե գրառման համար փաստաբանին խոշտանգելը եւ նրան երկու ամսով կալանքի տանելն ի՞նչ երեւույթ է: Հիշո՞ւմ եք, որ երբեւէ փաստաբանին խոսքի համար տապալեին գետնին, բռնության ենթարկեին, կալանավորեին….

– Ես՝ որպես փաստաբան, ենթարկվել եմ հետապնդումների` Սերժ Սարգսյանի ժամանակ: Արգելքներ էին ստեղծում մեզ համար, որպեսզի դատական նիստերի չմասնակցենք, սակայն մեր առումով առավելագույնը, ինչ անում էին, Փաստաբանների պալատ պատասխանատվության մասին հարցումներ ուղարկելն էր: Փաստաբանների պալատը թեպետ լսում էր այդ ամենը, սակայն մեզ՝ ոչ մեկիս, չէր զրկում մեր արտոնություններից: Նախկին իշխանությունների ժամանակ, որոնք, մեղմ ասած, ժողովրդավար չէին, նման պրոցեսներ տեղի չեն ունեցել: Փաստաբանին խոսքի համար տապալում եք գետնին, որ ի՞նչ լինի, որ Նիկոլ Փաշինյանը «միակ տղամարդու» տպավորությո՞ւն թողնի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031