Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց որևէ դատական ակտի անձին մեղավոր եք կարգում, մկան ծակը դուք եք մտել»․ Արծվիկ Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հոկտեմբեր 21,2025 11:55

«Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը վեց ամիս և երկու օր առաջ քաղաքապետ ընտրեցին Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց վեց ամիս մեկ օր, որ ինքը կաշառք լափի ու բռնվի»,-ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա ասաց, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները ուղիղ քաղաքական պատասխանատվություն են կրում ենթադրյալ կաշառալափության համար․ «Կառավարումը լիակատար ձախողել եք Գյումրիում»։

Ռուբեն Ռուբինյանը հեգնեց ընդդիմությանը․ «Անանուն կաշառակերների ակումբ կարելի է բացել, գան, ասեն՝ ես էսինչն եմ և ես կաշառակեր եմ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց՝ երեկվա դեպքերը Գյումրիում ցույց տվեցին մեկ կարևոր բան, որ մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, տրված վստահությունը․ «Որևէ մեկն իրավունք չունի անմեղության կանխավարկածը խախտել։ Երբ պատգամավորներն իրար հերթ չտալով անընդհատ հաստատում են հանցագործության առկայության մասին, սա խոսում է այս մարդկանց հակաօրինական, Սահմանադրությանը չտիրապետելու վարքագծի մասին»։

Արծվիկ Մինասյանը նաև հորդորեց ամբիոնից վիրավորական արտահայտություններ չանել․ «Մկան ծակը դուք եք մտել։ Երբ այստեղից «կոռուպցիոներ սրիկա» արտահայտությունն է անում ԱԺ փոխնախագահը, առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անձին մեղավոր եք կարգում, չի կարող ձեր որևէ գործողություն լինել ժողովրդավարական իրավական ընթացակարգերի ներքո»։

Ի պատասխան ՔՊ-ականների հարցերի՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե արդար դատաքննություններով պարզվեն այդ հանցագործությունները, իրենք են դատապարտելու այդ գործողությունները։ Այնուհետև արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին հայտարարություններին, ասաց․ «Վեց ամիս երկու օր ձեզ պահանջվեց, որ մարդուն վարկաբեկեք, կեղծ, չհաստատված մեղադրանքներով մարդկանց փորձեք դատապարտել ու ՀՀ երկրորդ խոշոր քաղաքում ստեղծեք այդպիսի իրավիճակ։ Այդ վեց ամիս երկու օրը ձեր ժամկետն է։ Դեռ ինչքան կոռուպցիոն սրիկաներ են բացահայտվելու ձեր կազմերից»։

Արծվիկ Մինասյանը Ռուբեն Ռուբինյանին հարցրեց՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, եթե չապացուցվեն կամ չհաստատվեն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ՔՊ-ականների կողմից մարդկանց հասցեին, Դուք հրապարակային ներողություն կխնդրե՞ք։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ասում եմ այո, ներողություն կխնդրեմ, բայց եկեք այստեղ ու դատապարտեք Չարչյանին։ Հեսա դատական ակտերը կստուգենք»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031