Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է, դե ես էլ քաղաքական գնահատական եմ տալիս»․ Ռուբեն Ռուբինյան

Հոկտեմբեր 21,2025 12:28

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դատավճիռ չկա, ինչո՞ւ են ՔՊ-ականները պնդում, որ նա կաշառակեր է, արդյոք դրանով չեն խախտում մարդու անմեղության կանխավարկածը։

«Նախ ես չեմ պնդում, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Ես հասկանում եմ, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ իրենք մեղադրանք են առաջադրում, նշանակում է՝ իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Ես էլ ասում եմ՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է»,- ասաց Ռուբինյանը։

Նա դիմեց լրագրողներին․ «Ես երբեւէ չեմ տեսել, որ դուք որեւէ ընդդիմադիրի հակադարձեք, որն ասում է՝ այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում կամ այս իշխանությունը դավաճան, այսինչ, այնինչը ագենտ է, հողատու է։ Ես երբեւէ չեմ լսել, որ դուք ասեք՝ ինչո՞ւ եք խախտում իշխանության անմեղության կանխավարկածը։ Իսկ եթե հարցնեիք՝ իրենք կասեին՝ մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս»։

Լրագրողները հիշեցրին, որ ընդդիմադիրներին եւ սրբազաններին վերաբերող բոլոր գործերով են իշխանության ներկայացուցիչները խախտում անմեղության կանխավարկածն ու հայտարարություններ անում՝ բերելով օրինակներ։ Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյաննն ասաց․ «Օրինակ՝ ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին»։

Նա ասաց, որ լսել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։

Ռուբինյանն ասաց, որ շատ լավ է գնահատում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ շատ լավ են աշխատել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերներին։ Ասաց, որ իրավապահ մարմինների աշխատանքը եւս լավ է գնահատում։

Անդրադառնալով իրավապահների բիրտ գործողություններին եւ դիտարկմանը, որ միայն ընդդիմադիրներին են «փռում ասֆալտին»՝ նա ասաց․ «Հարգարժան Վարդանիկի մռութը ասֆալտին ես երեկ չեմ տեսել։ Ի՞նչ է նշանակում՝ ներխուժել են, իրավապահ մարմինները գնացել են Գյումրիի քաղաքապետարան եւ քաղաքապետին բերման են ենթարկել»։

Ռուբինյանն ասաց, որ Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն իրոք ուղերձ է բոլոր ՏԻՄ-երին ու բոլորին, որ կաշառակերությունը լավ բան չէ եւ պատժվելու են։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031