Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դերակատարը Գյումրու ճարտարապետն է, որին մեղսագրվող արարքները կատարվել են Սարիկ Մինասյանի պաշտոնավարման ընթացքում»․ Զարուհի Փոստանջյան

Հոկտեմբեր 21,2025 12:46

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով քաղաքապետին ներկայացված մեղադրանքին, ասաց՝ սա ակնհայտ, պատվիրված, շինծու քրեական գործ է, որը նպատակ ունի Գյումրին զրկել կառավարման հնարավորությունից, քաոս ստեղծել այդ քաղաքում։

«Նպատակն այնպիսի քաոս ստեղծելն է, որ մարդիկ իրենց զայրույթն ավելի ընդգծված արտահայտեն, որովհետև որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել կասկածն այս գործով, գոյություն չունի։

Փաստորեն ներկայացված փաստաթղթերից մենք ականատեսն ենք եղել, որ ընդդիմադիր քաղաքապետը մի քանի օր անց դատարանի որոշմամբ արդեն իսկ գաղտնալսվել է, մենք ունենք դատական ակտի մասին փաստագրված տվյալ։ Դա դատական ակտով նախատեսված է, որ Վարդան Ղուկասյանին իր բնակության վայրում կարող է ենթարկվել գաղտնալսման։

Այսինքն` այդ ընտանիքի անդամները ևս նույն ձևի, հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման, թեպետ այդ գաղտնալսումներից մենք չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել, մենք չունենք այդ փաստերը, այնուամենայնիվ կա դատական ակտ, որ նման գործողություն պետք է կատարվի, դա փաստ է։

Հիմա ես կարող եմ ենթադրել, որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, ցանկացած պետական պաշտոնյա, այդ թվում նաև համայնքի ղեկավար իր նկատմամբ ունի դատական ակտ՝ իր ընտանիքի անդամների վերաբերյալ, որ նրանց իրենց բնակարաններում կարող են իրականացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Իսկ սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ։ Այդ անձնական կյանքից որևիցե տվյալ չեն հրապարակել, հարցը դա չէ, բայց հարցն այն է , որ դատական ակտով մտնում են, սա խայտառակություն է, ապօրինություն է։ Այստեղ դատավորը անդրադարձ պիտի կատարեր, բայց չեմ կարծում կատարի, կալանքի երկու ամսվա որոշումն արդեն իսկ խոսում է այն մասին, որ չի կատարել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանի տեսակցությունները որոշ չափով սահմանափակված են, նա կարող է տեսակցել իր ընտանիքի անդամների հետ։

«Իմաստը ո՞րն է այդ տեսակցությունների սահմանափակման։ Վարդան Ղուկասյանը ոչ միամիտ է, ոչ անփորձ է, ոչ էլ առաջին անգամ է քաղաքականության մեջ և ոչ էլ առաջին անգամ է որպես ընդդիմության հանդես գալիս։ Հետևաբար այս մարդը, որը հասկանում է ՝ ում հետ գործ ունի, ինչ տեսակ իշխանության հետ գործ ունի, ի՞նչ է կարող է պետք է թույլ տար իրեն, որ գիտի բոլոր տեղերը իրենց դրած «ժուչոկներով»՝ օրինական, ոչ օրինական, դատարանի որոշմամբ կամ ոչ դատարանի որոշմամբ իրեն լսում են, ինքն այնքան միամիտ մարդ չէ, այն էլ այսպիսի էժան մեղադրանքներով։

Պատկերացրեք՝ չգիտեմ որ մակարդակի էժան մեղադրանք է դրված, նույնի շարունակությունն է, ինչ որ դրված է Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ մեղադրանքում։ Էդ ծավալը, էդ նկարագրությունը, որ դու կարդում ես, ուղղակի ապշում ես․ աղբը ոնց կարելի է վերագրել որպես շորթում։ Էն էլ մի տեղ են տարել, էդ աղբը թափել են, վերագրել են, թե իբրև դա եղել է քաղաքապետարանի գույքը, և նա ուզեցել է շորթմամբ տիրանալ այդ գույքին, այսինքն` բացարձակ աղբ՝ մեքենայով ավազ, քար, բետոնի կտորներ և այլն։

Իրենց խնդիրն այն է, որ ընտրված քաղաքապետին այնպես փորձեն վարկաբեկել, ինչ-որ էժան կաշառք վերցնող են, ինչ-որ էժան աղբ գողացող են, իրենք իրենց մակարդակով են գնահատում, որովհետև իրենք դա կանեին, ես համոզված եմ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։
Նա նշեց, որ դատարանում Վարդան Ղուկասյանը ելույթ է ունեցել և հայտարարել, որ այս ամենը անհիմն է, և սա ուղղակի քաղաքական հետապնդում է։

«Նայելով տարեթվերին՝ մենք տեսնում ենք, որ հրահանգը եկել է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, հրահանգը տրվել է Ազգային ժողովի դահլիճում, և հրահանգի հաջորդ գործողությունները սկսվել են հոկտեմբերի 16-ին։ Եվ ամսի 20-ին մենք ականատեսը եղանք վայրագ գործողության՝ հարձակում Գյումրիի քաղաքապետարանի վրա․ և այնտեղ այդ վայրագությունները, դուք պատկերացնում եք՝ վայրագ զորք են բերում, որ մտնում ու ջարդուխուրդ է անում քաղաքապետարանի գույքը, ինչի՞ համար, ո՞րն է դրա հիմնավորումը, որ ջարդուխուրդ են անում, հարձակվում մարդկանց վրա, վնասում, մարդկանց կյանքին և առողջությանը վնաս պատճառում, այդ թվում նաև գույքին»,-ասաց փաստաբանը։

Նա անդրադարձ կատարեց մեղադրանքի բովանդակությանը՝ նշելով, որ այդտեղ Վարդան Ղուկասյանին վերագրվող արարք չկա, հիմնական դերակատարը Գյումրիի գլխավոր ճարտարապետն է (լուսանկարում

«Հիմնական դերակատարն այս մեղադրանքի մեջ քաղաքապետարանի ճարտարապետն է, որը երկար ժամանակ աշխատել է։ Ճարտարապետի գործառույթների ներքո կառուցվել է այսպես կոչված, չակերտավոր հիմնավոր կասկածը, այդ ամբողջ գործընթացը։ Եվ հիմնավոր կասկածի նկարագրությունը առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ։ Պարզվում է՝ այդ անձն էլ Սարիկ Մինասյանն է, թող կողմնորոշվեն, Սարիկ Մինասյանի հետ ճարտարապետը ինչ է արել, որ ճարտարապետին մեղսագրվում են արարքներ, որը կատարվել է այդ ժամանակահատվածում: Այս ժամանակահատվածի հետ կապված իրենք որևէ ապացույց, նկարագրություն չեն մեջբերել։

Բացի այդ, քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է նոր ճարտարապետ ընդունելու հայտարարություն, այսինքն՝ այն ճարտարապետը, որն աշխատել է, նրանից առնվազն դժգոհ են եղել, ուզեցել են փոխել, հետևաբար եթե մեկին դու ուզում ես փոխես, այդ մեկի հետ այսպիսի ապօրինի գործարքներ և հետո մարդկանց փոխհարաբերությունների մեջ կա սուբորդինացիա։

Ո՞վ է այդ ճարտարապետը, որի հետ 6 անգամ ընտրված քաղաքապետը պետք է այդպիսի ճղճիմ գործարքի մեջ մտներ, դա էլ բացառվում, աշխատանքային սուբորդինացիան նույնիսկ թույլ չէր տա, որ նման ճղճիմ խոսակցության մեջ մտներ Վարդան Ղուկասյանը, որն էլ դրվեր հիմնավոր կասկածի հիմնավորման մեջ։ Դա էլ գոյություն չունի։

Ես չեմ ուզում ճարտարապետի արժանապատվությունը նսեմացնել, բայց միանշանակ, երբ նժարին դնում ես, ով է ճարտարապետը, իսկ ով է Վարդան Ղուկասյանը… Ներեցեք, ինչ-որ մի հավաքարար, չեմ ուզում նրանց գործը նսեմացնել, հավաքարարը շատ կարևոր աշխատանք է անում ցանկացած հիմնարկում, հավաքարարի հաստիքը զբաղեցնողի հետ հիմնարկի ղեկավարը ինչ-որ գործարքի մեջ մտնի մի X հարցի վերաբերյալ, դա ուղղակի ծիծաղելի է»:

Զարուհի Փոստանջյանը նաև իր զարմանքը հայտնեց, որ ստեղծել են 21 հոգանոց քննչական խումբ։ Ըստ նրա, մեր պետության մեջ բազմաթիվ կոռուպցիոն դեպքեր կան, որոնց մասին ինքն ամեն օր ահազանգում է, հաղորդումներ է տալիս հակակոռուպցիոն կոմիտե, չեն զբաղվում, նույնիսկ կա կոռուպցիոն դեպք, որ մարդուն հասցրել է մահվան, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց այս գործով ստեղծվել է։

«Էդ ի՞նչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերել, որը գոյություն չունի, էդ ի՞նչ կոռուպցիա պիտի հայտնաբերեիք Գյումրիում, էն էլ այն քաղաքում, որն այդքան տուժել է, հիմա էլ զորքեր են բերել մեր գումարների հաշվին, ո՞րն է սրա հիմնավորումը։ Օրինակ՝ ոստիկանական զորքը, որ բերել են և՛ Գյումրիի քաղաքապետարան, և՛ այստեղ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ նրա, իրենց չի ներկայացվել ձայնագրություն, ներկայացվել են սեղմագրեր՝ ինչ-որ տեղերից վերցված, որտեղ չկա նման խոսակցություն, թե «ինձ կաշառք կտաս»։

«Վերցված են ինչ-որ խոսակցություններ, և դա քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի գործողություններ։ Այսինքն՝ քննիչի մեկնաբանությունն է, հիմա եթե դա դատարանը գտնում է որպես հիմնավոր կասկած այս ապօրինությունների մեջ, ակնհայտ է, որ դատական ակտը ապօրինի է, ենթակա է ոչ միայն բողոքարկման, այլ բեկման»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031