«Տևական ժամանակ արդեն մեր բեռնափոխադրողները կանգնել են լրջագույն խնդրի առաջ։ Հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից։ 90-օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում․ արդեն երեկվանից բեռնափոխադրողները ստիպված են եղել երեք անցակետներում ակցիա իրականացնել»,-ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ահազանգեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա ցավով նշեց, որ պատասխաններ չստանալով՝ մարդիկ դիմել են խաղաղ անհնազանդության միջոցների․ «Սա լրջագույն խնդիր է մեր տնտեսության համար։ Արդեն բավականին շատ տնտեսվարողներ այդ հարցով դիմել են, բայց պատասխաններ չեն ստացել։ Իսկ Դուք փոխանակ զբաղվեք բուն գործով, զբաղված եք քաղաքական հայտարարություններ անելով»։
Այս խնդիրը հնչեցրեց նաև անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Կարդացեք նաև
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց․ «Խնդիրը քննարկվել է ՌԴ-ի պատկան մարմինների հետ: Վերջիններս տրամադրված են հարցին տալ լուծում՝ այն է 90 օրը 180 դարձնել մեր դիմումի հիման վրա։ Մեր տեղեկություններով՝ այս պահին համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ՌԴ պատկան մարմիններում գտնվում է շրջանառության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է, և կոնկրետ հստակություններ կլինեն»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ