Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոսում եմ Տեր Արամին, որ Նիկոլը նրան Հուդա ու մատնիչ սարքեց եւ ափսոսում եմ մեր իրավապահ համակարգին, որի վարկանիշն ինքն այսպես զրոյացնում է օր օրի. Տեր Վրթանես քահանա

Հոկտեմբեր 21,2025 14:45

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բադալյանը իրավական ճանապարհով փորձում է արագ վերադարձնել կնոջ, երեխաների հեռախոսները, ուսանող երեխաների համակարգիչների հիշողության կրիչները: Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապահները ներխուժել են նրա տուն ու խուզարկություն կատարել:

-Եթե ես վկա եմ ու իմ հեռախոսը երկար են ուզում պահել, գոնե թող իմ կնոջ ու երեխաների հեռախոսները ու համակարգիչները ապօրինի քրքրեն, բայց մեզ արագ վերադարձնեն,- Aravot.am-ին պատմեց Տեր Վրթանեսը:

Նրա խոսքով՝ իրավապահները գիշերով իր տան բակում հերթապահել են, առավոտ շուտ ներխուժել են բակ, շանը հրմշտելով՝ ներխուժել տուն: -Գիշերազգեստով էի, անկողնում, հնարավորություն չեն տվել նույնիսկ քաղաքացիական հագուստ հագնեմ: Հեռախոսս անջատված չի եղել, ողջ ընթացքում 10 րոպեն մեկ զանգ է եկել, բայց իմ առջեւ դրված, պլոմբած տոպրակի մեջ, թույլ չեն տվել պատասխանեմ զանգերին: 12 ժամ է տեւել այդ ամենը, չեմ իմացել, որ կարող եմ իրենցից դեղորայք խնդրեմ: Շաքար, զարկերակային արյան ճնշում ունեմ, ուղղակի շատ վատ վիճակով դուրս եմ եկել, իրենց ցույց չեմ տվել, որ չչարախնդան, ճնշումս ու շաքարս ամենաբարձր ցուցանիշի էր հասել, որ երբեւէ նման բան չէր եղել: Անչափահաս երեխաս էր ահավոր վախեցել: Մենք կարծում էինք՝ քնած էր, բայց արթուն է եղել, գլուխը վերմակով ծածկած ամբողջ ընթացքում տեսել ու լսել է՝ ինչ է կատարվում: Հաճելի չէ, որ որեւէ մեղք չունես, տունդ են ներխուժում: Գողություն, սպանություն կատարած լինեի կամ որեւէ օրենք խախտած լինեի, գուցե ասեի՝ նորմալ է, եկել են, տունս խուզարկել են: Ես պարզապես վկա եմ՝ ի՞նչ խուզարկություն իմ տանը: Իմ տան մեջ ասում են ինձ՝ լռեք, հարց կտամ, կպատասխանեք, չեմ տա՝ ձայն չհանեք ու փորձում են կնոջիցս, երեխեքից բաներ ճշտել. նրանց փաստաթղթեր է հետաքրքրում, որ մեր տանը չկա, զենք –զինամթերք, որ մեր տանը չկա, զարդ, ոսկեղեն, որ մեր տանը չկա: Դրամ են փնտրում, որ այդ պահին մեր տանը չկա»,- պատմեց Տեր Վրթանեսը:

Խոշտանգումը, ըստ մեր զրուցակցի, շարունակվել է նաեւ տնից դուրս.

-Երկու մեքենայով տանում են ինձ քննչական: Ես ուղղակի տնից դրամ չեմ վերցրել, քննչականից ինձ բաց են թողել, ձեռքիս էլ հեռախոս չկա, եթե հետեւիցս չգան, ես ո՞նց հասնեմ տուն: Ամբողջ օրը սոված վիճակում, մի հատ հոթ դոգ եւ մի խաչապուրի են բերել, այն էլ այնպես՝ կարծես հյուրասիրում են, չեմ մտածել՝ ինձ հասնում է այդքան ժամանակ պահելու դեպքում,- հավելեց մեր զրուցակիցը:

Իր եւ մյուս հոգեւորականների դեմ իրականացվող գործողությունները Տեր Վրթանեսը համարում է սովորական ապօրինություն.

«Տեր Արամի (զրույցը կայացել է՝ մինչեւ հայտնի կդառնար, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել եւ այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով.-խմբ.) զրպարտչական հայտարարությունը, թե վերադասը տեղ է ուղարկել, բայց այդ նույն վերադասը ինձ երբեք իմ կամքին հակառակ տեղ չի ուղարկել եւ դա հիմք չէ, որ Դանիել Իոաննիսյանի նման կեղծ իրավապաշտպանը հայց ներկայացնի, եւ դատարանի որոշմամբ գան ներխուժեն իմ տուն: Այդ որոշումն ապօրինի որոշում է:

Ես սովորական քահանա եմ, որեւէ մեղք չունեցող: Վերադասի կողմից երբեք նման հանձնարարություն չեմ ստացել հանրահավաքների մասնակցել: Հարց է առաջանում, չէ՞՝ բա ինչո՞ւ այդ նույն վերադասն ինձ չի պարտադրել, ճնշել, ինչո՞ւ հենց Տեր Արամին են պարտադրել: Ես այս իրավիճակում ափսոսում եմ Տեր Արամին, որ Նիկոլը նրան Հուդա ու մատնիչ սարքեց եւ ափսոսում եմ մեր իրավապահ համակարգին, որի վարկանիշն ինքն այսպես զրոյացնում է օր օրի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031